Մտորումներ

Եթե կորոնավիրուսը շարունակվի

Կորոնավիրուս

Մարդիկ կսկսեն մտածել սովորույթների մասին, որոնք եկել են հնից և վաղուց վերաիմաստավորման չեն ենթարկվել: Կփոխվի վերաբերմունքը հարսանիքների, կնունքների և այլ ավանդույթների հանդեպ: Համերգասրահներում և մարզադահլիճներում տեղերը կառանձնացվեն: Մարդիկ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն առանձնատներին (դրանց գները հավանաբար կաճեն): Կձևավորվի քաղաքական կառույց, որը կպաշտպանի ռիսկային խմբում գտնվողների շահերը, քանի որ ակնհայտ է, որ եթե տարեցների փոխարեն ռիսկային խմբում երեխաներ լինեին, մեր ապրելակերպը, պահվածքը բոլորովին այլ կլիներ: Այլ բառերով ասած՝ կհայտնվեն «տարեցների առաջնորդներ»:

Մարդիկ կձգտեն տանն ավելի երկար մնալ, իսկ դա ունի ոչ ակնհայտ վատ հետևանքներ, օրինակ, շատ ուտելը (մասնավորապես՝ շատ քաղցր ուտելը) և քիչ քայլելը: Երբ տանն ես, պետք չէ հասնել այն վիճակին, երբ շատ սոված ես: Երբ շատ եք սովածանում, այդ պահին չափից շատ եք ուտում: Պետք է ուտել փոքր չափաբաժիններով՝ օրական չորսից հինգ անգամ, և չմոռանալ ջուր խմելու մասին: Շատերը կգիտակցեն, որ տանը քաղցրավենիք ունենալը և չօգտագործելը դժվար է, և կսկսեն քիչ քաղցրավենիք գնել:

Նույնիսկ եթե կորոնավիրուսը նահանջի, մարդիկ ավելի լուրջ կվերաբերվեն գրիպին և նմանատիպ այլ հիվանդություններին, հաճախակի կլվանան ձեռքերը, ավելի զգոն կլինեն մարդկանց հետ շփման ժամանակ, երբ հիվանդ են: Նախկինում գրիպի մասին բոլորս էլ գիտեինք, բայց քչերն էին դրան լուրջ վերաբերվում:

Ինչ-որ պահի մարդիկ կսկսեն կասկածել՝ արդյո՞ք բժիշկներն իրենց գործը լավ են կատարում, հատկապես երբ բոլորը գերծանրաբեռնված, գերլարված են (շատերն էլ՝ հոգեպես ընկճված), իսկ մուտքը հիվանդանոցներ սահմանափակ է: Կստեղծվեն բիզնեսներ, որոնք կառաջարկեն ծառայություններ միայնակ ծերերին՝ խնամք, անվտանգ զբոսանք, տնային աշխատանքներ: Մարդիկ ավելի մեծ ուշադրություն կդարձնեն բնությանը, երեխաներին, գործարարությանը, առցանց հնարավորություններին, իսկ սկզբնական շրջանում՝ դեռ բարի կմնան:

Եթե այս կամ հաջորդող նմանատիպ հիվանդությունները երկար տևեն, և մարդիկ սկսեն աշխատել առցանց, ֆիզիկական շփումը նվազի, դա կնմանվի այն սցենարին, երբ հարյուրամյակներ առաջ մարդիկ աստիճանաբար կտրվեցին բնությունից, քաղաքներ տեղափոխվեցին և բնության հետ «շփվելու» պատասխանատվությունը յուրաքանչյուրը ստանձնեց անհատապես: Հազարամյակներ, հարյուրամյակներ են անցել. որքա՞ն հաճախ ենք մենք բնության մեջ լինում:

Հեղինակի մասին

Մանե Սարգսյան

Հեղինակ, ադմինիստրատոր, մայր, մի փոքր էլ խենթ :) Կարող եք ծանոթանալ մեր հոդվածներին նաև Selfhelp.am-ում, Habits.am-ում և Nonstandardthinking.am-ում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»