«Փոխիր կյանքդ-2»


Սա հեղինակի՝ «Փոխիր կյանքդ» գրքի շարունակությունն է: Անձնական փորձի, իրական պատմությունների և հեղինակային առակների միջոցով ներկայացվում է, թե ինչպես կարելի է երջանիկ լինել և սկսել հաջողության ճանապարհը` ապրելով Հայաստանում:

   

 

Մարդկանց հետ շփում

Մարդկանց հետ շփման 1 պարզ կանոն

Մարդկային շփման հիմնական կանոններից մեկն ասում է` խոսակցության ժամանակ ուշադիր լսիր դիմացինին, մի՛ ընդհատիր նրան, ժամանակ առ ժամանակ հասկացրու, որ լսում ես իրեն: Երբ նա վերջացնում է միտքը, մի սկսիր պատմել քո մասին, մի անցիր քեզ հետաքրքրող թեմաներին, այլ հարցեր տուր նրան, հետաքրքրվիր նրանով: Արա այնպես, որ նա շարունակի խոսել, պատմել այն մասին, ինչ իրեն է հետաքրքիր, այլ ոչ թե քեզ: Խոսքը չի գնում այդ ամենը արհեստական ներկայացնելու մասին: Դա այնպես խորը պետք է մտնի ձեր մեջ, որ դառնա բնավորություն, որ դուք այլևս ուշադրություն չդարձնեք դրա վրա և ամեն ինչ լինի անկեղծ: Իսկ իրականում ինչպե՞ս են վարվում մարդիկ:

Կան շատ քչերը, որոնք վարվում են հենց այնպես, ինչպես նկարագրված էր վերևում: Իսկ թե ինչպես են վարվում մնացածը, կնկարագրեմ խոսակցության մի հորինված օրինակով, որը ցավոք` շատ հաճախ է հանդիպում առօրյայում: Ուշադրություն դարձրեք, որ նրանցից ամեն մեկը խոսում է միայն իր մասին, յուրաքանչյուրը անհամբերությամբ սպասում է, որպեսզի պատմի ԻՐ մասին:

– Գիտես, անցած ամիս գնացել էինք Դուբայ հանգստանալու: Շատ լավ անցավ, հիանալի տեղ էր:
– Ի՜նչ ես ասում, շատ լավ է: Մենք էլ անցած տարի գնացել էինք Անթալիա: Երկու շաբաթ մնացինք: Իսկ դուք տուրո՞վ էիք գնացել:
– Չէ, որոշեցինք ինքնուրույն անել ամեն ինչ: Տոմսերը վերցրեցինք, հետո հյուրանոցը …
– (ընդհատում է) Իսկ մենք այստեղից տուր վերցրեցինք: Շատ լավ պայմաններ էին: Այդ գործակալությունը միշտ էժան տուրեր է առաջարկում:
– Մենք էլ էինք սկզբում գործակալության դիմում, բայց հետո փոշմանեցինք:
– Պարզ է: Դուբայում շատ տեսարժան վայրեր կային: Ահագին նկարվել ենք: Մի օր նկարները ցույց կտամ:
– Անթալիայում էլ շատ տեղեր կային: Վերջի օրը գնացինք իրենց ակվապարկը: Մի իսկական հրաշք էր:
– Ես էլ Դուբայում առաջին անգամ ուղտ նստեցի (ծիծաղում է): Չնայած մի քիչ վախեցած էի: Ասում էին` երբեմն մարդկանց փախցնում են:
– Կարևորը, որ հետ եք եկել (ծիծաղում է): Մեր հյուրանոցը լավն էր: Ճիշտ արեցինք, որ 5 աստղանի ընտրեցինք: Ձերը քանի՞ աստղանի էր:
– Մերը 4 աստղանի էր, բայց էլի շատ լավ պայմաններ էին` լողավազան, բար, խաղային …
– (ընդհատում է) Լսի, մեր մոտ էլ մի հատ շատ մեծ լողավազան կար: Չնայած ծովը կողքն էր, բայց մեծ հաճույքով լողավազան էլ էինք գնում:
– Հա՞ (ծիծաղում է): ՉԷ, մենք լողավազանում համարյա չլողացինք: Ամեն առավոտ ու երեկոյան ծով էինք գնում:
– Մենք միայն երեկոյան էինք ծով գնում: Առավոտը աշխատում էինք երկար քնել (ծիծաղում է):
– Երկար քնելն էլ մի բան չի: Օրինակ, ես իմ ժամանակը ափսոսում եմ: Դրա փոխարեն կարող եմ ուրիշ բան անել:
– Ես էլ էի սկզբից ափսոսում ու քիչ էի քնում: Բայց հետո զգացի, որ քիչ քնելու դեպքում օրս ավելի անարդյունավետ է անցնում: Ավելի լավ է երկար քնել:
– Դեե… չգիտեմ: Ես լավ չեմ կողմորոշվում, միգուցե ճիշտ ես: Իսկ ո՞ր ավիաուղիով եք թռել:
– Չեխիական ավիաուղիներով:
– Իսկ մենք Աերոֆլոտով: Ուտելիքը լա՞վն էր:
– Դե կարտոֆիլով սուպ էր ու մի կտոր միս: Հետո թեյ տվեցին ու ..
– (ընդհատում է) Մեզ մոտ էլ էր գրեթե նույն բանը (ծիծաղում է): Բայց շոկոլադ էլ տվեցին: Շատ եմ սիրում շոկոլադ (ժպտում է):
– Պարզ է (ժպտում է): Դե լավ, ես պետք է արդեն գնամ, հանդիպման եմ, հետո էլի կխոսենք:
– Հա, եղավ, ես էլ պետք է գնամ: Երեկոյան ծնունդի ենք հրավիրված, իսկ ես բան չեմ արել:

Եզրակացություններ արեք այս խոսակցությունից և եթե դուք էլ այդպիսին եք` աշխատեք ձեր վրա: Երբ սկսեք ուշադրություն դարձնել մարդկանց հետ շփման վրա, հավատացեք, ժամանակի ընթացքում մեծ արդյունքների կհասնեք:

Լսեք դիմացինին, հետաքրքրվեք նրան պատմածով, այլ ոչ թե ընդհատեք նրան կամ անհամբեր սպասեք, մինչև նա միտքը կավարտի, որպեսզի պատմեք ձեր մասին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Իրականությունը ավելի հաճախ անպիսին է, ինչպես զրույցում է նշված…))) Հիանալի կլիներ ունենալ շփման 1 պարզ կանոն իմացող զրուցակիցներ և լինել այդպիսին` անկախ զրուցակցի հետաքրքրությունից… )))

  • Մի կին գալիս է հոգեբանի մոտ ու պատմում իր խնդիրների մասին: Մասնավորապես, նա ցանակում է գտնել ամուսին, ով կխոսի այն ժամանակ երբ կինը կցանկանա: Հոգեբանը տալիս է հստակ պատասխան. Տիկին, ձեր ուզածը հեռուստացույց է…

    Սա իհարկե կատակով, ինչպես ասում են կատակի կես լուրջ է: Իսկապես, մենք չենք սիրում լսել: Երբ մեր ընկերը գանգատվում է գլխացավից, անմիջապես հիշում ենք մեր ցավերի մասին: Երբ մեկը խոսում է իր հաջողության մասին, անմիջապես ցանություն է առաջանում մեր մասին խոսել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»