Հաջողության գաղտնիքներ

Նպատակներն ուժ ու եռանդ են տալիս

Վերջերս խոսում էի ծանոթներիցս մեկի հետ: Չեմ էլ հիշում, թե ինչից սկսեցինք խոսակցությունը, բայց եկանք նրան, որ ծանոթս անկեղծացավ, որ ինքը մի տեսակ անիմաստ է ապրում, որ ներսում ինչ-որ դատարկություն կա: Ես հարցրեցի նրան. «իսկ դու նպատակ ունե՞ս»: Նա մի փոքր մտածեց և հետո խոստովանեց, որ ընդհանուր առմամբ ինքն երկարաժամկետ նպատակներ չունի: Այսինքն, նա ուզում է ինչ-որ բաներ անել, ինչ-որ բաների ձգտում է (ինչպես և բոլորը), բայց դա չի կարելի նպատակ անվանել, քանի որ նա հստակ չի ձևակերպել իր համար, թե ինչ է ինքն ուզում, ինչ ժամկետներում և ինչ է պատրաստ հանուն դրա զոհաբերել: Ինձ մնում էր միայն խորհուրդ տալ, որ որքան հնարավոր է շուտ նա իր առջև նպատակներ դնի ու սկսի դրանք իրագործել, քանի որ առանց նպատակ մարդը նման է առանց վարորդի մեքենայի կամ գետի մեջ իջեցված թղթե նավակի, որը լողում է այնպես, ինչպես գետն է նրան քշում: Հիշեք, յուրաքանչյուր մարդու կյանքում պետք է լինի մի բան, որը կուղղորդի նրան կյանքում, որին մարդը կնվիրվի և որը կլցնի նրա կյանքը:

Նպատակ ունենալու անհրաժեշտությունը, կարծում եմ, մարդու մոտ առավել բացահայտ արտահայտվում է 22-25 տարեկան հասակում և դրանից հետո: Մինչ այդ մարդկանց մեծ մասը սովորում են դպրոցում և ձգտում են ընդունվել համալսարան, այսինքն այդ պահին դեռ կա ինչ-որ բան, ինչին նրանք ձգտում են: Ուսանողական տարիներն էլ այնպես արագ ու հագեցած են անցնում, որ շատ քչերն են հասցնում մտածել գլոբալ նպատակների մասին: Հետո ավարտվում է նաև ուսանողական կյանքը և մարդը մտնում է հասուն՝ ավելի լուրջ տարիք, երբ պետք է արդեն փող աշխատել, ընտանիք ստեղծել և հետագա պլանների մասին մտածել: Մարդկանց մեծ մասը այդ տարիքում սկսում են աշխատել (մի մասն էլ ավելի շուտ): Ու հենց դրանից հետո է, որ շատերի մոտ սկսվում են դատարկության զգացողություններ առաջ գալ: Իսկ պատճառն այն է, որ մարդը դադարում է առաջ գնալու մասին մտածել: Նա արդեն ունի աշխատանք, ունի ընտանիք և թվում է՝ այլևս ոչինչ չկա, ինչն այս պահին նրան անհրաժեշտ է: Իրականում շատ բան կա, ինչին մարդը կարող է ձգտել, բայց ստացվում է անպես, որ ստեղծելով իր համար մինիմալ պայմաններ, մարդն այնքան է սովորում իր այդ կայուն վիճակին, որ դադարում է առաջ շարժվելու մասին մտածել:

Հիշո՞ւմ եք, թե ինչպես էիք դուք առավոտից-երեկո պարապում, չարչարվում, երբ պատրաստվում էիք համալսարան ընդունվել: Ինչ լեցուն էր այդ ժամանակ ձեր կյանքը, հագեցած, որովհետև դուք հստակ նպատակ ունեիք: Իսկ հիմա՞: Ինչի՞ն եք վերջին անգամ ձգտել նույն եռանդով, ոգևորությամբ և խանդավառությամբ: Ի՞նչն է ձեզ ապրելու ուժ տալիս, ի՞նչն է ձեզ ուղղորդում, ի՞նչն է ձեր կյանքն իմաստավորում: Որպեսզի կարողանաք այս հարցերին պատասխանել, դուք պետք է հստակ նպատակներ ունենաք՝ գլոբալ նպատակներ, կյանքի նպատակներ: Երբ դրանք չկան, միշտ էլ կլինեն օրեր, երբ ձեր ներսում դատարկություն կզգաք, նույնիսկ երբ թվա, որ այդ պահին ամեն ինչ ունեք: Այդ պատճառով էլ, եթե դեռ չունեք նպատակներ, ապա լուրջ մտածեք այդ ուղղությամբ: Մաքուր սրտով թելադրված և ազնիվ նպատակները մարդուն կարող են բարձրացնել ամպերից էլ վեր, իսկ դրանց բացակայությունը՝ իջեցնել նրան մութ ու սառը «անդունդներ»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»