« »

Հույսը վերջում է մահանում

Նավաստի

Այս հոդվածում ձեզ կպատմեմ մի պատմություն, որը ցույց է տալիս, թե ինչպես երբեմն, կյանքի ամենադժվար պահերին, երբ մենք հուսահատվում ենք և թվում է, թե այլևս լուծում չկա, հենց այդ պահերին մեզ համար բացվում են նոր հնարավորություններ: Եվ այսպես…

Ծովի մեջտեղում փոթորկից մի նավ է խորտակվում: Նավաստիներից մեկին հաջողվում է լողալ և հասնել անմարդաբնակ մի կղզի: Լինելով հմուտ նավաստի և հասկանալով կղզու դիրքը, նա այլևս հույս չուներ, որ իրեն կգտնեն: Նա հավաքում է իր բոլոր ուժերը և սկսում է կղզում իր համար պայմաններ ստեղծել: Նրան հաջողվում է դեպի ափը քշված նավի մնացորդներից ինչ-որ անհրաժեշտ իրեր հավաքել: Դրանցով, նաև կղզում ձեռքի տակ ընկածով նա իրեն մի խրճիթ է կառուցում: Օրերով նա աշխատում էր խրճիթի վրա և մեծ ուժ ու ջանքեր էր թափում: Եվ ահա, երբ ամեն ինչ վերջացած էր, նա հասկանում է, որ ուտելու բան այլևս չունի: Նա թողնում է իր խրճիթը և ճանապարհ է ընկնում կղզու մյուս ծայրում գտնվող անտառը՝ ուտելիք փնտրելու:

Բայց երբ նա հասնում է անտառ, կղզում մի իսկական փոթորիկ է բարձրանում և որոտում է կայծակը: Հանկարծ այն հարվածում է մի բարձր ծառի, որը միանգամից բռնկվում է: Կրակը անցնում է նաև մյուս ծառերին և կղզում մի իսկական հրդեհ է սկսվում: Նավաստին շնչակտուր վազում է դեպի իր խրճիթը, բայց այնտեղ, որտեղ խրճիթն էր, նա տեսնում է միայն բարձրացող ծխի հսկայական մի սյուն: Նավաստին նստում ու սկսում է լաց լինել: Փոթորիկը ևս մեկ անգամ սպանել էր նրա բոլոր հույսերը:

Բայց հանկարծ նա բարձրացնում է գլուխը և նայում է դեպի ծովը: Նա տեսնում է ափին մոտեցող նավի առագաստները, որի վրայից նավաստիներն արդեն իջեցնում էին նավակները՝ փրկելու փորձանքի մեջ հայտնված իրենց ընկերոջը:

– Ինչպե՞ս դուք ինձ գտաք,- զարմացած հարցնում է նավաստին, երբ նրանք մոտենում են:

– Մենք ուղղակի նկատեցինք կրակն ու ծուխը, որը դու վառել էիր՝ օգնություն կանչելու համար, – պատասխանում են նավաստիները:

Անհուսալի ու անելանելի թվացող պահերին երբեք մի կորցրեք հույսը: Հաճախ հենց այդ պահերին են բացվում նոր հնարավորությունները:

The following two tabs change content below.
Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:
2 տարբերակ մեր հոդվածներին բաժանորդագրվելու համար


2 մեկնաբանություն

  1. Այս պատմությունը ներկայացնում է իրական կյանքն իր բոլոր դժվարություններով ու պայքարի բնական պահանջով: Վախի ու անորոշության մեջ հայտնված մարդն ապրելու համար այլ տարբերակ չուներ և մնում էր միայն պայքարի ճանապարհը: Երբ մարդ փորձում է օգնել ինքն իրեն, ապա վաղ թե ուշ այն տալիս է իր արդյունքները: Եթե նավաստին կորցներ հավասարակշռությունն ու հույսը, նա իհարկե կկործանվեր: Բոլորիս կյանքում էլ ժամանակ առ ժամանակ հուսահատությունն ուղղակի անխուսափելի է: Սակայն ավելի կարևոր է, թե մենք ինչպես կապրենք այդ պահերը: Այդպիսի պահերին պետք է հիշել նավաստուն և չհուսահատվել:

  2. Հիանալի պատմություն է 🙂 :

Մեկնաբանել

Ձեր էլ. հասցեն չի ցուցադրվի կայքում: Պարտադիր դաշտերը նշված են *-ով:

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»