Հաջողության պատմություններ

iPhone-ի համար ամենահայտնի խաղը գրում է 14-ամյա դպրոցականը

«Ընկերներս առաջարկեցին ինձ iPhone-ի համար ծրագիր գրել և ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ ոչ, դա հիանալի կլիներ» – պատմում է 14-ամյա Ռոբերտ Նեյը, որի ստեղծած Bubble Ball խաղը դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի խաղը iPhone, iPad և iPod-ի համար: App Store-ում խաղի հայտնվելուց 2 շաբաթ անց այն արդեն ներբեռնվել էր մոտ 1 միլիոն անգամ: Ներբեռնումների քանակով այն գերազանցեց նույնիսկ շուկայի առաջատարներին՝ Angry Birds, Geared 2 և Cookie Ninja խաղերին:

Խաղն իրենից ներկայացնում է պարզ խաղ-գլուխկոտրուկ «հեշտ է խաղալ, բայց բարդ սովորել» շարքից: Դուք պարզապես պետք է ուղարկեք գնդակը դեպի վանդակավոր դրոշակը: Բայց որպեսզի այն հասնի նպատակակետին, ճանապարհին դուք պետք է դնեք տարբեր մետաղյա և փայտե իրեր, որոնց դիպչելով` գնդակը կփոխի իր ուղղությունը: Խաղի դեմո տարբերակը կարող եք դիտել ներքևում, իսկ այժմ խոսենք հեղինակի մասին:


Ռոբերտը բնակվում է ԱՄՆ-ի Յուտա նահանգի Spanish Fork քաղաքում: Խաղը գրելիս նա սովորում էր 8-րդ դասարանում: Տեսնելով, թե ինչպես է մեծ եղբայրն աշխատում համակարգչի վրա, Ռոբերտը սկսեց հետաքրքրվել համակարգիչներով դեռ տարրական դասարաններում: Իր առաջին կայքը նա ստեղծեց 9-րդ դասարանում: Այնուհետև նա որոշեց ինչ-որ հետաքրքիր բան գրել իր iPod-ի համար: Նա սկսեց ուսումնասիրել ծրագրերը: Վերջապես կանգ առավ Corona SDK ծրագրի վրա, ներբեռնեց այն և սկսեց ուսումնասիրել ծրագրի փաստաթղթավորումը գրադարանում: Յուրացնելով ծրագիրը` Ռոբերտը սկսեց իր Macbook-ի վրա գրել կոդի առաջին տողերը: Աշխատանքը տևեց մեկ ամիս և վերածվեց 4 000 տող կոդի: Նա տեղադրեց իր խաղը App store-ում և ստացավ 300 000 ներբեռնում առաջին իսկ շաբաթվա ընթացքում:

«Մենք զարմացած էինք», – պատմում են ծնողները, – «արդեն մեծ հաջողություն էր ստեղծել նման խաղ, որը կհայտնվի App store-ում: Բայց որպեսզի այն հասնի նման արդյունքների…»:

Ցանկության դեպքում Ռոբերտն արդեն միլիոնատեր կարող էր լինել, եթե որոշեր գանձել App store-ում նախատեսված նվազագույն 99 ցենտը խաղի յուրաքանչյուր ներբեռնման համար: Բայց նա որոշեց խաղը տեղադրել անվճար (միգուցե նաև մարքեթինգային լավ քայլ էր): Սակայն խաղի հաջորդ տարբերակներն արդեն վճարովի կլինեն: Խաղի դիզայնով և գրաֆիկայով, ինչպես նաև ֆինանսական հարցերով զբաղվում է Ռոբերտի մայրը, իսկ Ռոբերտին մնում է միայն կոդ գրելը:

«Պարզապես պետք է լինի մի բան, որը դուք ուզում եք անել և դա ձեզ հետաքրքիր է», – խորհուրդ է տալիս Ռոբերտը բոլոր նրանց, ովքեր ուզում են խաղեր գրել, – «նաև դուք պետք է հավատաք, որ կարող եք անել դա»:

Հ.Գ.
Իմիջիայլոց, Ռոբերտը շատ նման է մեր Նարեկ Սահակյանին: Համեմատեք 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

3 մեկնաբանություն

  • Հրաչ ջան, իհարկե, այն, որ 14-ամյա տղան հասել է նման բարձրունքի, իրոք ոգեշնչող է, սակայն, ընթերցողների մոտ շուկայի մասին սխալ պատկերացումներ չձևավորելու նպատակով, ցանկանում եմ նշել, որ, տեսահոլովակում շատ բաներ չափազանցված է. Իրականում Angry Birds խաղը ներբեռնումների քանակով տասնյակ անգամներով գերազանցում է Bubble Ball խաղի ներբեռնումների քանակի. Ցավոք Apple store-ը ներբեռնումների քանակը չի տրամադրում, սակայն այն տրամադում է գնահատողների քանակը(քանի օգտատեր է այն գնահատել), Angry Birds-ի դեպքում այն 818377 է, իսկ Bubble Ball-ինը 32330, ընդ որում Angry Birds-ը արժե 0.99 ցենտ, այս թվերից կարելի է եզրակացնել, որ Angry Birds-ը ներբեռնվել է 30 – 50 անգամ ավել, քան Bubble Ball-ը. Գոյություն ունի նաև Bubble Ball-ի վճարովի տարբերակը, այն արժե 0.99 ցենտ, ունի ընդամենը 28 գնահատող, հաշվի առնելով ներբեռնող/գնահատող հարաբերության վիճակագրությունը, կարելի է եզրակացնել, որ այն ներվեռնվել է 1000 – 5000 անգամ. Ահա նշված խաղերի հղումները՛ Bubble Ball Free – https://itunes.apple.com/us/app/bubble-ball/id412089940?mt=8, Bubble Ball Pro – https://itunes.apple.com/us/app/bubble-ball-pro/id443781760?mt=8, Angry Birds – https://itunes.apple.com/en/app/angry-birds/id343200656?mt=8

    • Մերսի Արթուր ջան, ամեն դեպքում ներբեռնումների թվի մասին ինֆորմացիան երևի ինչ-որ ձև հայտնի է դառնում (միգուցե հաշվետվություն է ներկայացվում TOP-երի մասին), որովհետև հոդվածում վերցված ինֆորմացիան արտասահմանյան լրատվական հայտնի կայքերից է:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»