Ստարտափ

Ստարտափի ֆինանսավորում. Y Combinator

Այսօր ուզում եմ խոսել Սիլիկոնյան հովտի ամենահայտնի բիզնես աքսելերատորի մասին՝ Y Combinator: Բիզնես աքսելերատորները, ընդհանրապես, հնարավորություն են տալիս ստարտափին արագ աճել (անգլերեն accelerate բառից՝ արագացնել): Այսինքն, նրանց գլխավոր ֆունկցիան է ոչ թե ֆինանսավորելը, այլ անհրաժեշտ մարդկանց՝ այդ թվում ներդրողների հետ կապելը, ստարտափի բիզնես մոդելը մշակելը, խորհուրդներ տալը, ընկերության ստեղծման և իրավաբանական այլ հարցերը լուծելը, այսինքն այն ամենը, որն առանց օգնության հիմնադիրները միգուցե անեին շատ երկար ժամանակում:

Y Combinator-ը տարեկան երկու անգամ կազմակերպում է եռամսյա հավաքներ Սիլիկոնյան հովտում՝ հունվարից մարտ և հունիսից օգոստոս: Իմիջիայլոց, 2013թ-ի հունիսի հավաքներին մասնակցելու համար պետք է դիմել մինչև մարտի 29-ը (որքան շուտ, այնքան լավ, քանի որ Y Combinator-ի թիմն ավելի շատ ժամանակ կունենա նախագծին ծանոթանալու համար): Սկզբում դուք Y Combinator-ի կայքից ուղարկում եք դիմում: Դիմումին կարող եք ծանոթանալ ինքներդ, բայց եթե կարճ ասեմ, այնտեղ նշվում է ինֆորմացիա հիմնադիրների մասին (ինչ նախագծեր են նրանք արել նախկինում, որտեղից են իրար ճանաչում, սովորում են, թե աշխատում, կարող են արդյոք թողնել ամեն ինչ և գալ Սիլիկոնյան հովիտ, և այլն), նույնիսկ անհրաժեշտ է 1 րոպեանոց կարճ տեսանյութ Youtube-ում, որտեղ հիմնադիրները խոսում են իրենց և իրենց նախագծի մասին: Դիմումում անպայման նշվում է նախագծի մասին, այսինքն որն է գլխավոր միտքը, ինչն է առանձնացնում ձեզ մնացածից, կա արդյո՞ք կայքի պրոտոտիպը (իմիջիայլոց, սա ընդհանրապես պարտադիր չէ, քանի որ այդ 3 ամսվա ընթացքում հիմնադիրներն աշխատում են հենց պրոտոտիպի վրա), ովքեր են հավանական մրցակիցները, և այլն, և այլն: Ընդ որում, շատ ցանկալի է, որ հիմնադիրները լինեն 2 կամ 3 հոգի: Մեկ հիմնադիր ունեցող նախագծերը քիչ ուշադրության են արժանանում:

Դիմելուց հետո, եթե դուք հետաքրքրություն եք առաջացնում Y Combinator-ի շրջանակներում (որի հիմնադիրը հանրահայտ Պոլ Գրեհեմն է), ապա այնտեղից կապնվում են ձեզ հետ, հոգում են ձեր ճանապարհածախսը 1100$-ի չափսով և դուք թռչում եք Սիլիկոնյան հովիտ անձնական հարցազրույցի (2013թ-ի ամառային սեզոնի համար հրավերքը տեղի է ունենալու ապրիլի 16-ին, իսկ հարցազրույցը՝ ապրիլի 26-ից 30-ը): Եթե դուք բարեհաջող անցնում եք հարցազրույցը, ապա դա արդեն հաղթանակ է, որովհետև 3 ամիս դուք աշխատելու եք աշխարհում ոլորտի լավագույն մասնագետների հետ, հանդիպելու եք ամենահայտնի ներդրողներին և լինելու եք այնպիսի միջավայրում, որտեղ ստեղծարարությունն ու բիզնեսն ուղղակի ամենուր են: Այդ 3 ամսվա ընթացքում դուք աշխատելու եք նախագծի պրոտոտիպի վրա, ամեն երեքշաբթի ընթրելու եք որևէ հանրահայտ մասնագետի կամ ներդրողի հետ (օրինակ` Գայ Կավասակի, Սթիվ Բլանկ, Մարկ Ցուկերբերգ, Պիտեր Տիլ, իսկ ամեն մի ընթրիքը, կարելի է ասել, փոքրիկ պրեզենտացիա է լինելու), իսկ 3 ամիս անց տեղի է ունենալու ամենասպասված իրադարձությունը՝ Demo Day-ը, որտեղ դուք ներկայացնելու եք ձեր նախագիծը ներդրողներին աշխարհի տարբեր ծայրերից: Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի և ներդրողները տեսնեն ձեր նախագծի ապագան, ապա շնորհավորում եմ՝ ձեր կյանքը դրանից հետո կփոխվի: Դուք կստանաք մեծ ֆինանսավորում, կբացեք ձեր գրասենյակը Սիլիկոնյան հովտում և կսկսեք զարգացնել ձեր նախագիծը: Իսկ եթե ոչինչ էլ չլինի, ամեն դեպքում, այդ 3 ամիսը, համոզված եմ, որ կդառնա ձեր կյանքի ամենագլխավոր իրադարձություններից մեկը:

Այդ ամենը կազմակերպելու համար Y Combinator-ը ուզում է ձեր ընկերության 2-10%-ը՝ կախված կոնկրետ նախագծից (կարծում եմ՝ բավական խելքին մոտ թիվ է): Բացի այդ, սկզբնական շրջանում նա ինքն էլ տրամադրում է մինչև 20 000$ ֆինանսավորում, որը հիմնականում անհրաժեշտ է լինում այդ 3 ամսվա ընթացքում հիմնադիրների ապրելու և մնացած ծախսերը հոգալու համար: Հիմնականում հիմնադիրներն աշխատելու են Սիլիկոնյան հովտում իրենց բնակության վայրից՝ չնայած ընթացքում անընդհատ լինելու են հանդիպումներ Y Combinator-ի տարածքում: Y Combinator-ը օգնում է բացել ձեր ընկերությունը, կարգավորում է իրավաբանական հարցերը, պատենտների հետ կապված հարցերում է օգնում, եթե դրա անհրաժեշտությունը կա, և այլն: Մի խոսքով, ձեզ մնում է ունենալ միայն լավ գաղափար և որն ավելի կարևոր է՝ լավ թիմ, քանի որ Y Combinator-ը շատ մեծ ուշադրություն է դարձնում հիմնադիրներին և թիմին: Ինչպես ասում են՝ Սիլիկոնյան հովտում լավ գաղափարները նույնիսկ օդում են պտտվում, բայց անհրաժեշտ են մարդիկ, ովքեր կվերցնեն դրանք և իրականություն կդարձնեն: Այնպես որ, եթե դուք ունեք լավ գաղափար, հաստատակամություն շարժվել մինչև վերջ, լավ գործընկեր և աշխատելու այրիչ ցանկություն, ապա միգուցե ամռանը հանդիպենք Y Combinator-ում: Ով գիտի… 🙂

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

14 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»