Բիզնես և ֆինանսներ

Ինչպես վաճառել ֆիլմի քո սցենարը Հոլլիվուդին

Բոլոր մարդիկ էլ ունեն ինչ-որ «սցենարներ», որոնք կարող են հիանալի ֆիլմեր դառնալ: Մեկը երազ է տեսնում, հետո զարթնում է ու մտածում. «Ի՜նչ գեղեցիկ ֆիլմ կլիներ: Հաճույքով կդիտեի այն»: Մյուսը մտքում սցենար է գծում, պատկերացնում բոլոր հերոսներին, տեսնում «ֆիլմի» ընթացքն ու ավարտը: Ինչ-որ մեկն էլ կարծում է, որ իր կյանքի պատմությունը լավագույն ֆիլմի սցենարը կարող էր լինել՝ միա՜յն թե մարդիկ դրա մասին իմանային: Բոլոր դեպքերում էլ սցենարն իրոք կարող է ֆիլմ դառնալ, եթե հասկանալ, թե ինչպես այն վաճառել, ինչպես հասցնել համապատասխան մարդկանց, ինչպես հասցնել Հոլլիվուդ…

Այս հոդվածում ուզում եմ պատմել ձեզ այն մասին, թե ինչպես վաճառել ձեր սցենարը Հոլլիվուդին: Ամենասկզբում, իհարկե, դուք պետք է ունենաք սցենար՝ անգլերեն լեզվով: Ցանկալի է, որ այն չլինի 120 էջից ավելի, քանի որ սցենարի 1 էջը սովորաբար վերածվում է ֆիլմի 1 րոպեի: Աշխատեք ձեր սցենարի վրա երկար: Բարելավեք այն այնքան ժամանակ՝ մինչև նույնիսկ ձեզ մոտ ցանկություն առաջանա այն գնելու: Եթե սցենարը պատրաստ է, գրանցեք այն wgawregistry.org կայքում՝ սցենարի հեղինակային իրավունքները պաշտպանելու համար: Սա այսպես կոչված «ԱՄՆ Գրողների Միության» (Writers Guild of America) կայքն է: Գրանցումը վճարովի է՝ 20$, և գործում է 5 տարով: Ամեն դեպքում, եթե ունեք սցենար, անպայման գրանցեք այն այստեղ, որպեսզի հետագայում չլինեն հեղինակի իսկության հետ կապված խնդիրներ:

Երբ սցենարի հեղինակային իրավունքները պաշտպանված են, կազմեք այսպես կոչված «հարցման նամակը» (query letter), որը դուք ուղարկելու եք հոլլիվուդյան համապատասխան կազմակերպություններին, գործակալներին և ռեժիսորներին: Հարցման նամակի իմաստը հետևյալն է. այս մարդիկ օրեկան ստանում են հարյուրավոր սցենարներ և իհարկե չեն կարող կարդալ դրանք բոլորն ամբողջությամբ: Դուք ուղարկում եք նամակ, որում նկարագրում եք ձեր սցենարը 2-3 նախադասությամբ, գրում եք ձեր մասին մի քանի նախադասությամբ և հարցնում եք՝ կցանկանայի՞ն արդյոք նրանք կարդալ սցենարն ամբողջությամբ: Եվ միայն այն բանից հետո, երբ պատասխանը լինում է «այո», ուղարկում եք սցենարն ամբողջությամբ:

Հարցման նամակը պետք է լինի շատ կարճ, բայց կարողանա ներկայացնել ձեր սցենարի ողջ իմաստն ու յուրօրինակությունը: Եթե նամակը լինի երկար, հավանաբար այն կհայտնվի «աղբարկղում»: Սցենարը փաստորեն կա, հարցման նամակը պատրաստ է, ի՞նչ է մնում… Մնում է իմանալ հոլլիվուդյան համապատասխան կազմակերպությունների և մարդկանց կոնտակտային տվյալները: imdb.com կայքը (Internet Movie Database) ֆիլմերի, հեռուստահաղորդումների, ռեժիսորների, դերասանների, կազմակերպությունների, գործակալների և այլոց մասին ամենահանրահայտ օնլայն բազան է: Կազմակերպությունների և մարդկանց կոնտակտային տվյալներն իմանալու համար պետք է գրանցվել imdb.com-ի ենթակայքերից մեկում՝ pro.imdb.com-ում: Ծառայությունը կրկին վճարովի է՝ սկսած ամսեկան $15.95-ից: Բայց դրա հետ կապված ուղղակի հիշեք, որ սցենարներ վաճառող միջին սցենարիստը ԱՄՆ-ում տարեկան աշխատում է մոտ 50 000$: Նաև կայքում կա ծառայությունից օգտվելու 2-շաբաթյա անվճար տարբերակ, որը դուք կարող եք փորձել: Փաստորեն, ունեցանք նաև համապատասխան մարդկանց ու կազմակերպությունների ցանկը: Ձեզ մնում է միայն ուղարկել նամակներ և սպասել դրանց պատասխաններին:

Կա նաև հիանալի կայք, որտեղ դուք կարող եք վաճառել ձեր սցենարները և որը, կարծում եմ, ամենահայտնին է: Խոսքը գնում է inktip.com կայքի մասին: Այս կայքի մասին առայժմ երկար չեմ խոսի, քանի որ ինքս դեռ ինչպես հարկն է չեմ ուսումնասիրել, պարզապես խորհուրդ կտամ անցնել հղումով և ծանոթանալ: Եվ վերջապես, սցենար վաճառելու մեկ այլ տարբերակ էլ՝ մրցույթներն են: ԱՄՆ-ում անցկացվում են հարյուրավոր մրցույթներ, որտեղ մարդիկ ներկայացնում են իրենց սցենարները: Դրանցից երկուսին կարող եք ծանոթանալ այստեղ՝ pageawards.com և scriptapalooza.com: Իսկ բոլոր մրցույթների և ոչ միայն դրանց մասին առաջնակարգ ինֆորմացիա կարող եք ստանալ այստեղ՝ moviebytes.com:

Առայժմ այսքանը… կարծում եմ այս թեմայով հոդվածներ դեռ կլինեն:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

9 մեկնաբանություն

  • Հրաչ ջան շնորհակալություն հոդվածի համար…Ես նույնպես ունեմ ոչ անբողջական սցենար,որի վրա աշխատում եմ,,,,հույսով եմ ավարտելուց հետո,կկարողանամ այն վաճառել ;).

    • Հնարավոր ա Հրաչ ջան 😉 Իմ հետաքրքրությունները բազմաթիվ են`արժեթղթեր,ֆիլմարտադրություն և այլն 😉

    • Հրաչ ջան մի լինք ուղարկեմ նայի`http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=1jVIO2yrzqE#!
      ստեղ ասվում ա,որ նույնիսկ 1 մլն $ սցենար են գրում …

  • բոլորին թվում է , թե իրենք կարող են լավ սցենար գրել , սակայն ուսումնասիրությունները ցուց են տվել , որ 100 սցենարներից 99 – ը աղբ է : Սցենար գրելը կապված է տաղանդի հետ , ինչպես օրինակ բանաստեղծը , կամ փիլիսոփան : Ընդ որում միայն բնածին տաղանդը և հակումը բավարար չեն , անհրաժեշտ է հետևողական և տևական աշխատանք ինքդ քո մտքերի վրա.

  • Յուրաքանչյուր մարդ այս կյանքում ունի կոնֆլիկտ, իսկ ինչ է իրենից ներկայացնում ֆիլմը: Ֆիլմը ունի սկիզբ, զարգացում և ավարտ /կուլմինացիա/, այս երեքում մենք կարող ենք տեսնել կոնֆլիկտը, և ամենակարևորը՝ ֆիլմը պետք է ունենա գերխնդիր, հենց գերխնդիրն է, որը պետք է ցուցադրվի և առաջարկվի լուծում: Եվ ամեն մարդ փորձում է բացահայտել իր ներքին կամ արտաքին կոնֆլիկտը և դրա բացահայտումը ներկայացնել ֆիլմի տեսքով, և տեսանելի դարձնել շատ շատերին… 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»