Ստարտափ

Կարևորը ոչ թե բիզնես-պլանն է, այլ օգտվողների կարծիքները

Խոսքը վերաբերվում է ստարտափներին: Գլխավոր մտքերից մեկը, որն իր գրքում արտահայտում է Սթիվ Բլանկը, հետևյալն է. ստարտափն անորոշություն է, ստարտափը հիմնված է ենթադրությունների վրա, ստարտափին հայտնի չէ, թե ովքեր են իր օգտվողները, ստարտափին հայտնի չէ իր շուկան: Ուստի ինչ բիզնես-պլանի մասին է խոսքը, երբ դու չգիտես, թե ովքեր են քո օգտվողները և ընդհանրապես՝ պե՞տք է նրանց քո գաղափարը, թե ոչ: Ամենագլխավոր նպատակը, որ ամեն նոր ստարտափ իր առջև պետք է դնի, օգտվողների փոքր խմբերի հետ համագործակցելն է, նրանցից հետադարձ կապ ստանալը, նրանց կարծիքների հիման վրա փոփոխություններ անելը, այլ ոչ թե նախապես գրված բիզնես-պլանին հետևելը: Ստարտափը տարբերվում է ավանդական ընկերություններից, որոնք գիտեն, թե որն է իրենց շուկան: Ի տարբերություն նրանց՝ սկզբնական փուլում ստարտափը պետք է անընդհատ որոնումների մեջ լինի, գործի և սխալվի, ստանա մարդկանց կարծիքները և դրանց հիման վրա ճկուն փոխվի: Ստարտափի դեպքում կան միայն ենթադրություններ: Պետք է այդ ենթադրությունները վերածել փաստերի:

Սթիվ Բլանկն այս գաղափարին մեծ ուշադրություն է հատկացնում և հետագայում այս մասին հոդվածներ անպայման կլինեն: Իսկ այժմ ուզում եմ բերել մեկ օրինակ գրքից, որում պատմվում է մի ստարտափի մասին, որը շեղվեց այս ճանապարհից:

Iridium-ը ամենամեծ ստարտափներից մեկն էր ողջ պատմության ընթացքում: Դրա հիմնադիրները ռիսկի դիմեցին՝ ներդնելով 5,2 միլիարդ դոլար: Ստեղծված 1991թ-ին Motorola-ի և 18 ընկերություններից կազմված միջազգային խմբի կողմից՝ Iridium-ը իր առջև խնդիր էր դրել ստեղծել արբանյակային հեռախոսակապի գլոբալ ցանց՝ ծածկելով ողջ երկրագունդը՝ օվկիանոսներից մինչև աֆրիկյան ջունգլիներ, որտեղ չկային բջջային կապի օպերատորների աշտարակներ: Ինչպե՞ս: Մանրակրկիտ գրված բիզնես-պլանի օգնությամբ: Ընկերության առաջին քայլն եղավ ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Չինաստանում 15 հրթիռակիրների բացթողումը, որոնց միջոցով տիեզերք բարձրացվեցին 72 արբանյակներ, որոնք աշխատում էին որպես բջջային կապի աշտարակներ: Նման ցանցը ծածկում էր երկրագնդի ողջ մակերևույթը: Արբանյակները տիեզերք բաց թողվեցին Iridium-ի ստեղծվելուց 7 տարի անց: Բայց առաջին հեռախոսազանգից 9 ամիս անց, 1998թ-ին, ընկերությունն իրեն սնանկ հայտարարեց: Դա ամենամեծ տապալումներից մեկն էր ստարտափների պատմության ընթացքում: Ո՞րն էր սխալը:

1991թ-ին, երբ ստեղծվեց Iridium-ը, բջջային ցանցերը նոր էին ստեղծվում. դրանք թանկ էին և ոչ կայուն: Բջջային հեռախոսները պիցցայի տուփի կիսով չափ էին: Iridium-ի բիզնես գաղափարը հիմնված էր ենթադրյալ օգտվողների, նրանց պահանջների և նրանց խնդիրները լուծելու վրա: Ամեն ինչի հիմքում ֆինանսական մի շարք կանխատեսումներն ու բիզնես-պլանն էին, ըստ որի Iridium-ին հետագայում հսկայական շահույթներ էին սպասում: Սակայն այդ 7 տարիները, որոնք պահանջվեց Iridium-ից գաղափարն իրականացնելու համար, նրա համար ճակատագրական դարձան: Այդ ընթացքում բջջային կապն առաջ էր շարժվում մեծ տեմպերով: Բջջային կապի նոր օպերատորները բջջային կապով ապահովում էին աշխարհի գրեթե բոլոր կարևոր շրջանները: Բջջային կապի ծառայությունների գինն ընկնում էր, իսկ հեռախոսները դառնում էին ավելի ու ավելի փոքր: Եվ երբ սովորական բջջային կապով զանգի րոպեն մոտ 50 ցենտ արժեր, Iridium-ի զանգի 1 րոպեն $7 էր, իսկ հեռախոսն արժեր $3000` չնայած դրա մեծ չափսերին:

Iridium-ի սպառման շուկան օրեցօր նվազում էր: Պարզ էր դառնում, որ ամբողջ աշխարհով հսկայական թվով օգտվողների փոխարեն Iridium-ի ծառայություններից օգտվում է միայն մարդկանց մի փոքր խումբ, ովքեր պատրաստ էին վճարել շատ և հարմարվել ծառայության մի շարք սահմանափակումներին (օրինակ, հեռախոսներն աշխատում էին միայն բաց տարածքից, որտեղ անմիջական կապ կար արբանյակի հետ): Բայց անկախ ամեն ինչից՝ Iridium-ի բիզնես-մոդելն ու պլանները չէին փոխվում, կարծես փողոցում դեռ 1991 թվականն էր: 8 տարվա ընթացքում ընկերությունը ծախսեց մոտ 5 միլիարդ դոլար բիզնեսը ոտքի կանգնացնելու համար՝ առանց ուշադրություն դարձնելու, թե ինչ էին ուզում մարդիկ և ինչ էր կատարվում շրջապատում:

Ահա այսպիսի հետաքրքիր մի պատմություն: Միշտ ստացեք հնարավորինս շատ կարծիքներ այլ մարդկանցից ձեր պրոդուկտի վերաբերյալ:

Հ.Գ.
2000թ-ին Iridium-ը դուրս եկավ սնանկության վիճակից, իսկ նրա ակտիվները՝ $6 միլիարդ արժողությամբ, ձեռք բերվեցին ներդրողների մի խմբի կողմից 25 միլիոն դոլարով: Հաղթահարելով ճգնաժամը՝ 2011թ-ի սեպտեմբերին ընկերությունը նշեց իր 500 000-րդ հաճախորդի հայտնվելը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ, օգտակար կարծիքներ ստանալու Թրութլի հարթակի համահիմնադիր:

10 մեկնաբանություն

  • Շնորհակալություն հոդվածի համար, ընդհանրապես յուրաքանչյուր նորույթ, որը կլինի նոր գաղափարի, նույնսիկ եղանակային մեծ փոփոխության տեսքով, առաջին հերթին մտածելու տեղիք է տալիս բոլոր մարդկանց մոտ, և սկզբնական կարծիքը գրեթե բոլորի մոտ բացասական է լինում / գուցե միայն առաջին վայրկյանին, պահին/, ինչևէ , կարճ ժամանակ անց այն շատ մեծ հաջողություն է ունենում, թեկուզ այն որ հայտնի է դառնում , դա միանշանակ է, այ թե ինչ առումով, նրան որպես բացասական երևույթ են ընկալում , թե դրական , դա արդեն մեկ այլ հարց է: Սակայն եթե մեկ օրինակ բերենք, որը ճիշտ է կապ չունի ստարտափների հետ, բայց եթե որևէ նոր երգ ենք լսում, սկզբում գուցե դուր չի գալիս, բայց ամենուրեք այն լսելով, կարծես հարազատ և տարածված է դառնում: Ցանկացած նոր բան չի կարող միանշանակ բոլորի կողմից ճիշտ հասկացվել , ընկալվել և դրական կարծիքի և մեծ ճանաչման արժանանալ: Ինչպես ցանկացած բան, սա նույնպես ունի իր օպտիմալ ժամանակը, իմ կարծիքով… :Ճ

      • այո, նույնիսկկ մարդկանց մեծ մասը մտածում է, որ հենց ինքը կարող էր այդ գաղափարի և հաջողության հեղինակը լինել, և արդյունքները պարզ է ոչ միշտ են դրական լինում 🙂

  • ՄԻնչ ընկերությունը շարժվել է իր բիզնես պլանով, շատերը նոր գաղափարների շնորհիվ շատ ավելի առաջ են շարժվել, բիզնես պլանը ավելի շատ իր մեջ ընկերության անցած ուղին պետք է արտացոլի և ձեռքբերումներն ու կատարված սխալների ճիշտ լուծումներ առաջարկի, իսկ այն ներկայացնել մի քանի տարվա համար, իմ կարծիքով սխալ է :ճ

    • Հա..
      հիմա տարբեր ոլորտներում փոփոխություններն այնքան արագ են կատարվում, որ պետք է անընդհատ հետևել ու դրանց համապատասխան փոխվել:

      • այո, մինչ քնելուց առաջ նոր մի բան ես որոշու, առավոտյան արթնանալով` լսում ես, որ մայրցամաքից այն կողմ ինչ-որ անհայտ մեկ մարդ արդեն իսկ իրականացրել և նույնիսկ ճանաչում է ստացել և լուրը քեզ է հասել

        • պետք է արագ կողմնորոշվել ժամանակի մեջ, և առանց երկար երկմտելու մեծ ռիսկերի դիմել, նույնիսկ պարտությունը շատ ավելի է օգնում , քան հաջողությունը, հաջողության դեպքում ամեն ինչ հարթ է ընթանում, և փոքր միջադեպը խաթարում է ողջ գործողությունը

  • Hrach jan karogh es indz ays nyuti motorollayi mas@ word kam ayl tarberakov nerkayacnel, bayc aysor minch 8:30 e petq, naxoroq mersi, h. g. cankanum em petakanis nerkayacnel, ete business plan harc@ @Nkni :))))

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»