Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողակ մարդիկ

Ուորեն Բաֆֆեթ` Օմահայի օրակուլը

Ուորեն Բաֆֆեթը ծնվել է 1930 թվականի օգոստոսի 30-ին ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում` արժեթղթերի բրոքեր և քաղաքական գործիչ Հովարդ Բաֆֆեթի ընտանիքում: Կարդալ մանուկ Բաֆֆեթը սկսում է վաղ հասակից: Արդեն դպրոցական տարիքում նա յուրացնում է մաթեմաթիկայի հիմունքները և ցանկացած ինֆորմացիա կլանում էր անմիջապես: Քաղաքում նրան ճանաչում էին որպես հատուկ օժտվածությունների տեր երեխա: 1936 թվականին պապիկի խանութում նա 25 ցենտով գնում է Coca-Cola-ի 6 շշերից բաղկացած հավաքածու, վաճառում դրանցից յուրաքանչյուրը 5 ցենտով և արդյունքում աշխատում 5 ցենտ: Դա նրա առաջին շահույթն էր: Ընդամենը 5 տարի անց երիտասարդ Բաֆֆեթը կատարում է առաջին քայլերը արժեթղթերի շուկայում: Հոր շնորհիվ, նա ժամանակ առ ժամանակ տեղեկություններ էր ստանում արժեթղթերի շուկայից և որոշում է օգտագործել այդ հնարավորությունը:

Տասնմեկ տարեկանում նա իր և ավագ քրոջ համար գնում է այժմ անհայտ Cities Service ընկերության երկու արժեթուղթ` վճարելով 38 դոլար մեկ արժեթղթի դիմաց: Շուտով դրանց գինը ընկնում է մինչև 27 դոլար: Երիտասարդ «բրոքերը» սկսում է անհանգստանալ, բայց արժեթղթերը վաճառել չի շտապում: Նա սպասում է այնքան ժամանակ` մինչև գները կրկին սկսում են բարձրանալ և վաճառում Է դրանցից յուրաքանչյուրը 40 դոլարով: Սակայն նա սխալվում է: Մի քանի օր անց արժեթղթերի գինը բարձրանում է մինչև 200 դոլար: Հենց այդ ժամանակ էլ, ինչպես հետագայում պատմում է Բաֆֆեթը, նա հասկանում է, որ պետք է համբերատար լինել և դառնում է երկարաժամկետ ներդրման կողմնակից:

1950 թվականին նա փորձում է ընդունվել Հարվարդի համալսարան, սակայն ընդունող հանձնաժողովը մերժում է նրա թեկնածությունը` «շատ երիտասարդ» լինելու պատճառով: Այդ ժամանակ Բաֆֆեթը որոշում է ընդունվել Վաշինգտոն քաղաքի Կոլոմբիայի համալսարան, որտեղ դասախոսություններ էր կարդում Բենջամին Գռեմը` ներդրումների աշխարհում ամենահայտնի մասնագետներից մեկը: Նա սովորեցնում էր իր ուսանողներին մանրամասնորեն ուսումնասիրել ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները, ուշադրություն չդարձնելով դրանց գործունեության ուղղվածությանը և ստացված տվյալների հիման վրա կայացնել արժեթղթերի գնման կամ վաճառքի որոշում: Հիմնվելով սեփական փորձի վրա` Գռեմը պնդում էր, որ միջոցները պետք է ներդնել այնպիսի ընկերություններում, որոնք այսօր ճանաչված են շուկայում, այլ ոչ թե նրանցում, որոնց արժեթղթերը վաճառվում են իրական ակտիվներից ավելի էժան գներով: Անցնելով դասընթացն ամբողջովին` երիտասարդ Բաֆֆեթը գալիս է այն եզրակացության, որ պետք է գործել հակառակ կերպ: «Ի՞նչ կարող են ինձ ասել ընկերության հաշվետվությունները, երբ ես գիտեմ, որ նրա ակտիվները ավելի թանկ արժեն, քան վաճառվում են: Պետք է գնել ոչ թե արժեթղթերը, այլ դրանց ետևում կանգնած բիզնեսը»: Շարժվելով այս ճանապարհով` հետագայում Ուորենը կարողանում է աշխատել մի քանի անգամ ավելի շատ գումար, քան պարոն Գռեմի ողջ կարողությունն էր:

Բաֆֆեթը դառնում է Գռեմի միակ ուսանողը, որը ստանում է ամենաբարձր A գնահատականը: Չնայած դրան, Գռեմը խորհուրդ չի տալիս նրան աշխատել ֆինանսական ոլորտում: Երբեմն նրանք իրար հետ «լեզու չէին գտնում»: Բաֆֆեթը բաց վիճում էր ուսուցչի հետ դասերի ժամանակ: Երբեմն էլ, նրա բացակայության դեպքում, նույնիսկ ծիծաղում ուսուցչի որոշ տեսությունների վրա: Սակայն համալսարանն ավարտելուց հետո, չցանկանալով բաժանվել Գռեմից, Բաֆֆեթը հայտնում է նրան, որ կցանկանար անվճար աշխատել նրա մոտ, սակայն վերջինս մերժում է այդ առաջարկությունը: Բաֆֆեթը հիասթափված վերադառնում է տուն, ամուսնանում և սկսում դասավանդել տեղի համալսարանում: Սակայն հրաշք է տեղի ունենում: Օրերից մի օր նա հեռախոսազանգ է ստանում Գռեմից, որը մտափոխվել էր և հրավիրում է Ուորենին աշխատանքի: Գռեմի ընկերությունում աշխատելու 6 տարիների ընթացքում Բաֆֆեթը կուտակում է 140 հազար դոլար գումար և որոշում սկսել սեփական գործը: 1957 թվականին վերադառնալով հայրենի Օմահա` նա ստեղծում է իր առաջին ներդրումային ընկերությունը` Buffett Associates-ը: Նա ներդրողներ է գտնում և ընկերության համար ստանում է 105 հազար դոլար նախնական կապիտալ: Արդեն կես տարի անց այդ գումարը եռապատկվում է:

1969 թվականին Buffett Associates-ի արժեքը հասնում է 102 միլիոն դոլարի: Բաֆֆեթը անսպասելիորեն որոշում է վաճառել այն և ստացած գումարով ձեռք է բերում ոչ մեծ The Berkshire Hathaway (ВН) տեքստիլային ընկերությունը: Սակայն նա չի շտապում զարգացնել տեքստիլ արդյունաբերությունը, այլ ընկերության ողջ եկամուտը օգտագործում է արժեթղթեր ձեռք բերելու վրա: Հենց այդ ժամանակ էլ, ամերիկյան ապահովագրական ընկերությունները կառավարությունից ստանում են բավական լավ հարկային արտոնություններ: Արագ գնահատելով ապահովագրական բիզնեսի հետագա հնարավորությունները` Բաֆֆեթը տարիների ընթացքում ձեռք է բերում Միացյալ Նահանգների 5 խոշորագույն ապահովագրական ընկերությունները և կատարում է ճիշտ ընտրություն: Արդյունքում, 40 տարին դեռ չլրացած, նա դառնում է 28-միլիարդանոց կարողության սեփականատեր:

Հավատարիմ մնալով իր կարգախոսին` Բաֆֆեթը ժամանակի ընթացքում ձեռք է բերում «լավագույն ընկերությունների» արժեթղթերը: Բաֆֆեթի մարտավարություններից մեկը կայանում էր նրանում, որ նա ներդրումներ էր կատարում միայն այն ընկերություններում, որոնց արտադրանքը օգտագործում էր անձամբ: Այժմ նրան են պատկանում այնպիսի ընկերությունների արժեթղթերի փաթեթներ, ինչպիսիք են Coca-Cola, Gillette, The Washington Post, American Express, McDonald’s և նույնիսկ Walt Disney: Եվ դա պատահական չէ: Եթե հավատանք լրագրողներին, 80-ամյա գործարարը սկսում է իր օրը մեկ բաժակ Coca Cola-ից, սափրվում է Gillette-ի սափրիչներով, նախաճաշին կարդում է The Washington Post և այդ ամենի համար վճարում է American Express-ի քարտերով: Իսկ նրա սիրած մուլտֆիլմը դիսնեյական «Duck Tales» մուլտֆիլմն է: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը, միլիոնատեր Սկրուդջ ՄակԴակը, սիրում է կրկնել մի արտահայտություն, որի հեղինակությունը վերագրում են Բաֆֆեթին` «խնայված ամեն մի դոլար, աշխատած դոլար է»:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

3 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»