Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Ալբերտ Էնշտեյն. հաջողության 10 գաղտնիքներ

Իմ խնդիրն այստեղ կատարված է (Էնշտեյնի վերջին խոսքերը):

Երբ պատրաստվում էի գրել 20-րդ դարի ամենահանճարեղ մարդկանցից մեկի` Ալբերտ Էնշտեյնի մասին պատմող հոդվածը, պատահական հանդիպեցի այս խոսքերը: Մի քիչ դադար… Հետո հիշեցի մեծ հանճարի ևս մեկ մեջբերում` միայն կյանքը, որն ապրած է ուրիշների համար, դա է իրական կյանքը:

Կարծում եմ, որ կյանքի վերջում մեզանից յուրաքանչյուրը կցանկանա ասել այս խոսքերը` «իմ խնդիրն այստեղ կատարված է», բայց դրա համար մենք պետք է սովորենք մտածել ավելի գլոբալ: Անհրաժեշտ է, որ մեզանից յուրաքանչյուրը իր առջև նպատակ դնի` կյանքի ընթացքում ստեղծել ինչ-որ բան, որը կօգնի այլ մարդկանց ավելի հեշտ ապրել, ավելի երջանիկ լինել, ավելի կիմաստավորի նրանց կյանքը: Դա պետք է լինի մի բան, որը ձեզ հաճույք կպատճառի և կդարձնի ուրիշների կյանքը ավելի հարմարավետ: Սկզբում դա անհնար է թվում: Բայց դա հնարավոր է…

Ալբերտ Էնշտեյնը հանճար է ոչ միայն ֆիզիկայի ասպարեզում կատարած իր հայտնագործությունների, այլ նաև փիլիսոփայական հայացքների և կյանքի մասին խորը գիտելիքների համար: Մեջբերում եմ նրա հայտնի արտահայտություններից մի քանիսը, որոնք հաճախ անվանում են Ալբերտ Էնշտեյնի 10 «ոսկե» մտքեր:

1. Նա, ով երբեք չի սխալվել, երբեք չի էլ փորձել ինչ-որ նոր բան անել: Սխալվելու վախը շատերին է կանգնեցնում կարևոր որոշումը ընդունելու պահին: Երբեմն այդ որոշումը կարող է փոխել մարդու ողջ կյանքը և դրանից պետք չէ վախենալ: Հաճախ մարդիկ, որոնք սկզբում անհաջողության են մատնվում, ավելի հեշտ են հասկանում, ինչպես հետագայում հասնել հաջողությունների, քան նրանք, որոնց մոտ հաջողությունը գալիս է միանգամից:

2. Կրթությունն այն է, ինչը մնում է այն բանից հետո, երբ մոռանում ես այն ամենը, ինչ սովորեցրել են դպրոցում: Մենք հիշում ենք միայն այն, ինչը սովորում ենք ինքներս: Շատ հավանական է, որ 30 տարի հետո դուք կմոռանաք այն ամենը, ինչը սովորեցրել են ձեզ դպրոցում: Բայց այն, ինչին հասել եք ինքներդ, կոչվում է փորձ և կմնա ձեզ հետ ընդմիշտ:

3. Երևակայությունը ավելի կարևոր է, քան գիտելիքը: Գիտելիքը սահմանափակ է: Երևակայությունը կարող է գրավել ողջ աշխարհը: Մարդու գիտելիքները սահմանափակում են նրան, երբ նա սկսում է մտածել դրանց շրջանակներում, իսկ երևակայությունը կարող է ամեն ինչ: Երբ հասկանում ես, ինչ առաջընթաց է ունեցել մարդկությունը քարանձավային ժամանակներից մինչև հիմա, երևակայության ուժը երևում է ողջ մասշտաբով: Այն, ինչը մենք ունենք այսօր, ձեռք է բերվել մեր նախնիների երևակայության շնորհիվ: Այն, ինչը մենք ունենալու ենք ապագայում, կառուցվելու է մեր երևակայության շնորհիվ:

4. Ստեղծարարության գաղտնիքը կայանում է սեփական ոգեշնչման աղբյուրները թաքցնելու ունակության մեջ: Մեզանից յուրաքանչյուրը ունի ոգեշնչման իր աղբյուրները: Ոմանց ոգեշնչում են հայտնի մարդկանց հաջողությունները, մյուսներին նոր մտքերը կամ ինչ-որ նոր բան ստեղծելու ցանկությունը: Բայց այն, ինչը ձեր ոգեշնչման աղբյուրն է հանդիսանում, պետք է պահպանել այլ աչքերից: Երբ ձեզ նայում է ողջ աշխարհը, ձեր մտքերը պետք է առանձնահատուկ լինեն:

5. Մարդու արժեքը որոշվում է նրանով, թե ինչ է նա տալիս, այլ ոչ թե նրանով, ինչի է նա ունակ հասնելու: Փորձեք լինել ոչ թե հաջողակ, այլ արժեքավոր մարդ: Ձեր կյանքի ամենամեծ նպատակը պետք է ծառայի ոչ միայն ձեզ: Եթե նայեք աշխարհի ամենահայտնի մարդկանց, կտեսնեք, որ նրանցից յուրաքանչյուրը ինչ-որ բան է տվել այս աշխարհին: Պետք է տաք, որպեսզի հնարավորություն ունենաք վերցնել:

6. Ապրելու երկու ճանապարհ կա: Դուք կարող եք ապրել այնպես, կարծես հրաշքներ չեն լինում կամ կարող եք ապրել այնպես, կարծես ամեն ինչ այս աշխարհում հրաշք է հանդիսանում: Հրաշքներին հավատալը ոգեշնչում է մեզ և լցնում մեր կյանքը դրական էներգիայով: Ամենապարզ և հասարակ բաներում հրաշքներ տեսնելու ունակությունը թույլ է տալիս վայելել կյանքը և երջանիկ լինել այն ամենի համար, ինչ արդեն կա: Միևնույն ժամանակ, եթե ապրեք այնպես, կարծես ոչ մի բան այս աշխարհում հրաշք չէ, ապա կարող եք անել այն ամենը, ինչ ցանկանաք և ոչ մի բան չի կարող կանգնեցնել ձեզ: Միաժամանակ երկու ձևով էլ ապրելու դեպքում ձեր կյանքը կլինի երջանիկ և արդյունավետ:

7. Երբ ես դիտարկում եմ ինձ և մտածելու իմ եղանակը, գալիս եմ եզրակացության, որ երևակայությունն իմ համար ավելի մեծ նշանակություն է ունեցել, քան աբստրակտ մտածելակերպի ցանկացած դրսևորում: Շատ կարևոր է երազել այն մասին, ինչին դուք կարող եք հասնել կյանքում: Թույլ տվեք ձեր երևակայությանը ազատ թափառել և ստեղծել այն աշխարհը, որում դուք կուզենայիք ապրել:

8. Որպեսզի դառնաք գառների հոտի կատարյալ անդամ, պետք է առաջին հերթին գառ լինեք: Եթե դուք ցանկանում եք դառնալ հաջողակ գործարար, ապա պետք է սկսեք բիզնեսով զբաղվել հենց հիմա: Ցանկանալ սկսել, բայց վախենալ հետևանքներից` դա ձեզ ոչնչի չի բերի: Սա ճշմարիտ է կյանքի բոլոր ոլորտների համար: Հաղթելու համար նախ պետք է սկսել խաղալ:

9. Պետք է սովորել խաղի կանոնները: Իսկ հետո, պետք է խաղալ բոլորից լավ:
Սովորեք խաղի կանոնները և խաղացեք բոլորից լավ: Պա՞րզ է չէ: Ինչպես ամեն մի հանճարեղ բան:

10. Շատ կարևոր է չդադարել հարցեր տալ: Հետաքրքրությունը պատահական չէ տրված մարդուն: Խելացի մարդիկ միշտ հարցեր են տալիս: Որպեսզի գտնեք լուծումներ, հարցեր տվեք ձեզ և այլ մարդկանց: Դա հնարավորություն կտա ձեզ սովորել նորը և շարժվել առաջ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

14 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»