Գործարար Ֆեյսբուք: Ձեր ընկերության էջը ստեղծելու 2 հիմնարար պատճառ - Հաջողության բլոգ
Գրքեր
Մարքեթինգ

Գործարար Ֆեյսբուք: Ձեր ընկերության էջը ստեղծելու 2 հիմնարար պատճառ

Հեղինակ՝ Artur

Այսօր ինտերնետը դարձել է հաջող գործարարության նախապայմաններից մեկը։ Գործարար աշխարհը վաղուց հասկացել է վեբ բիզնեսի կարեւորությունը, իսկ Հայաստանում դեռ նոր են փորձում ըմբռնել: Իհարկե, մերոնք հաճախ բավարարվում են միայն մի քանի հազար դոլարանոց կայքէջ բացելով եւ հանգիստ շունչ քաշելով, թե՝ «մենք մեր ընկերության վիրտուալ ներկայությունն ապահովել ենք»:

Իրականում, համացանցն առաջին հերթին կապերն են: Ոչ այնքան հղումները նկատի ունեմ, որքան՝ մարդկային շփումները եւ հաղորդակցությունը: Հետադարձ կապը նկատի ունեմ եւ մարդկանց կարիքներին եւ նախասիրություններին, դժգոհություններին կամ շնորհակալություններին օր առաջ տեղեկանալը: Նաեւ, նորությունները համացանցի միջոցով արագորեն եւ արդյունավետ կերպով տարածելու մասին է խոսքը:

Վերջապես, «կապեր» ասելով մարդկանց անծայրածիր համաշխարհային ցանցի վերաճած Ֆեյսբուքը նկատի ունեմ, որի «բնակչությունը» հատել է 750-ը եւ վեց հատ զրոները: Կարծո՞ւմ եք, որ աշխարհի հետ դուք գործ չունեք: Շատ բարի, եկեք գանք Հայաստան: Մեր հանրապետությունում ֆեյսբուքից օգտվում են ավելի քան 182 հազար մարդ: Եվ, ովքե՞ր են այս մարդիկ, եթե ոչ Ձեր (եւ Ձեր մրցակիցների) ներկա եւ ապագա հաճախորդները:

Այսօրվա ֆեյսբուքը մարդկային պաշարների մի անսպառ շուկա է, իսկ ֆեյսբուք էջը՝ այդ շուկայում Ձեր ընկերության «լիազոր ներկայացուցիչը»:

Ձեզ լրացուցիչ փաստարկնե՞ր են պետք: Որքան ուզեք: Ես կխնայեմ Ձեր ժամանակը եւ կնշեմ ֆեյսբուքյան էջի անհրաժեշտությունը վկայող միայն 2 կետեր: Իսկ լրացուցիչ պարզաբանումները եւ քննարկումները կծավալենք մեկնաբանությունների տեսքով:

Ինչո՞ւ բացել ֆեյսբուք էջ

1. Ֆեյսբուք-էջը կարող է դառնալ Ձեր բիզնեսը մարդկանց հետ կապող եւ սնուցող «խողովակ»

Հայտարարություններ, Ձեր ոլորտի նորությունները եւ Ձեր ընկերության նորույթները, հանդիպումներ, միջոցառումներ եւ ելույթներ, նկարներ ու տեսանյութեր, հարցազրույցներ եւ վերլուծություններ… ամեն-ամեն ինչ կարելի է «փակցնել Ձեր ֆեյսբուքյան պատին» եւ տեղեկացնել Ձեր «fan»-երին (եւ ոչ միայն նրանց): Նկատի չունեմ՝ բոլորին անխտիր «սփամելը» եւ հոգնեցնելը, այլ՝ մարդկանց ոլորտի ամենակարեւոր անցուդարձին մասնակից դարձնելը: Մարդիկ վստահում են նրանց, ովքեր ազնիվ են եւ ովքեր իրենց հաճախորդներից թաքցնելու ոչ մի բան չունեն:

Ֆեյսբուք էջը նաեւ հզոր հետադարձ կապի միջոց է: Ի՞նչ է «ֆան-էջը», եթե ոչ երկխոսելու եւ քննարկելու հարթակ: Բոլոր հետաքրքրված մարդկանց, այդ թվում՝ հաճախորդների հետ: Սա միայն Like սեղմելը չէ, այլ՝ մեկնաբանելն ու սեփական կարծիքն արտահայտելը: Մարդիկ հարգում են այն գործարարներին, ովքեր ուշադիր կերպով լսում են իրենց հաճախորդների մտահոգությունները եւ նշումներ անում:

2. Ֆեյսբուք-էջը կարող է օգնել Ձեր բիզնեսի բրենդավորմանը

Բրենդը բարձր որակ է եւ այդ որակի մշտական վերահսողություն: Սակայն բրենդը նաեւ բարձր տեսանելիություն է, հանրաճանաչություն եւ կայուն «բարի հիշողություն»:

Տարածելով Ձեր ընկերության վերաբերյալ տեղեկատվությունը, դուք բարձրացնում եք Ձեր բիզնեսի տեսանելիությունը: Ժամանակի հետ Ձեր տեղեկատվությունը արտահոսում է Ձեր էջի սահմաններից դուրս, հայտնվում «լայքողների» եւ այդ «լայքողներին լայքողների» էջերում: Արդյունքում, Ձեր բիզնեսին առնչվող տեղեկատվությունը հայտնվում է ամենատարբեր էջերում:

Տեղեկատվության այսպիսի «վիրուսային» տարածումը Ձեր ընկերության անունը կարող է հասցնել աներեւակայելի հեռուներ: Հետեւողական ակտիվությունը Ձեր ընկերությունն օր-օրի կդարձնի ավելի ու ավելի հանրաճանաչ:

Վերջապես, Ֆեյսբուքը կօգնի, որպեսզի հազարավոր մարդիկ մտապահեն եւ ֆիքսեն Ձեր ընեկերության անվանումը, Ձեր լոգոն, Ձեր կարգախոսը, Ձեր ապրանքներն ու ծառայությունները:

Եվ այս ամենը՝ առանց որեւէ լումա ծախսելու, առանց երկար նախապատրաստական մամլո ասուլիսների, թարկարժեք կոկտեյլ-հանդիպումների կամ շնորհանդեսների:

Ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը

Դուք գործարար եք, ուրեմն կիմանաք, որ ամեն ինչ կախված է Ձեր համարժեք ներդրումներից, ճիշտ հաշվարկված մոտեցումներից, քայլերի նպատակասլացությունից եւ միջոցառումների արդյունավետությունից:

Բայց ֆեյսբուքն ունի նաեւ կարեւոր մի նրբություն: Մեկը կարող է իր 100 «fan»-երի հետ ստեղծել կայուն համագործակցություն, իսկ մյուսը «պահի» 1000-ը եւ ասելիք չունենա:

Ֆեսյբուքը պահանջում է ակտիվություն: Ակտիվ եղեք, եւ Ձեր ֆեյսբուք-էջը կդառնա հանրաճանաչ՝ դրանով իսկ հանրաճանաչություն բերելով Ձեր ընկերությանը: Ակտիվ եղեք ոչ միայն Ձեր էջում, այլ՝ Ձեր ոլորտը ներկայացնող էջերում: Միայն մի հայտարարեք, այլ հանդես եկեք նաեւ արժեքավոր խորհուրդներով, հավաստի տեղեկություններով եւ օգտակար մեկնաբանություններով: Եվ հիշեք, որ դուք ներկայացնում եք Ձեր բրենդը, որը կարիք ունի ամրապնվելու մարդկանց ուղեղներում որպես հեղինակություն:

Կստացվի՞ երկխոսությունը՝ կախված է Ձեզնից ու ֆեյսբուքում Ձեր նպատակասլաց ակտիվությունից, ինչպես նաեւ ընեկերությունը բրենդավորելու այլ միջոցների հետ ճիշտ զուգակցումից:

Հեղինակի մասին

Artur

Ողջույն, ես Վեբ կայքի կատարելագործման բլոգի հեղինակն եմ: Իմ բլոգում տեղ են գտել կայքերի գուգլ-օպտիմալացման, վեբ առաջխաղացման եւ բլոգինգի հարցերին նվիրված ավելի քան 600 հոդվածներ։ Բաժանորդագրվեք իմ բլոգի հոսքերին եւ տեղեկացեք նոր հրապարակումների մասին: Հետեւեք նաեւ իմ ֆեյսբուքին եւ թվիտերին:

4 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»