Հաջողության գաղտնիքներ

Ի՞նչ եք պատմելու ձեր թոռնիկներին

Մի պահ պատկերացրեք, որ դուք արդեն 82 տարեկան եք: Նստած եք ձեր տան հետնաբակում և նայում եք ձեր երիտասարդ տարիների նկարները: Մի քիչ այն կողմ վազվզում են թոռնիկները: Նրանցից մեկը վազելով գալիս է ձեզ մոտ, թռնում է ձեր գիրկը և հետաքրքրությամբ սկսում է թերթել նկարները: Հետո խնդրում է ձեզ` պատմել ձեր կյանքի մասին: Եվ քանի որ ձեր թոռնիկը շատ հետաքրքրասեր է, հարցնում է ձեզ` գո՞հ եք արդյոք դուք ձեր կյանքից, ի՞նչ եք հասցրել անել և ի՞նչ ունեք դեռ անելու: Եվ դուք պետք է պատասխանեք: Չեմ ուզի լինի այնպես, որ դուք (կամ ես) մի քանի րոպե մտածելուց հետո չգտնեք այնպիսի բան, որը կարելի է պատմել և ստիպված լինեք թեման փոխել: Բայց հավատացեք, եթե ավելի երիտասարդ տարիքում դուք այդ ուղղությամբ շատ լուրջ չաշխատեք, ապա դա նույնպես հնարավոր կլինի: Իսկ եթե այնուամենայնիվ պատմելու բան գտնեք, ապա բերում եմ այդ պատմության երկու հնարավոր տարբերակներ: Թե դրանցից որ մեկը կլինի ձեր դեպքում, որոշում եք միայն դուք` ամեն օր:

Պատմություն առաջին

Թոռնիկս, պապին շատ լավ կյանք է ապրել: Անվճար սովորել եմ Երևանի պետական համալսարանում: Ավարտելուց հետո միանգամից աշխատանքի եմ անցել բանկում: 50 տարվա ստաժ ունեմ: Բարձր աշխատավարձ էի ստանում: Ամեն շաբաթ խորոված էինք ուտում, քաղաքի լավագույն սրճարաններն էինք այցելում: Շաբաթ ու կիրակի օրերին ընկերներով քաղաքից դուրս էինք գնում: Հիշում եմ` ինչքան էինք ուտու՜մ, խմու՜մ, ուրախանու՜մ: Երբեմն առավոտը նախորդ օրվանից նույնիսկ բան չէի հիշում (ծիծաղում է): Ապրելու և ուտելիքի խնդիր պապդ երբեք չի ունեցել: Մրգերն ու շոկոլադը տանը միշտ լիքն են եղել: Լավ մեքենա եմ քշել: Աշխատանքից հաճույքով էի տուն վերադառնում, պառկում հեռուստացույց էի նայում, իսկ հանգստյան օրերին աշխատում էի լիարժեք հանգստանալ: Սեփական տուն եմ ունեցել, ամառանոց ունեինք Աշտարակում: Պապդ շատ առատաձեռն մարդ է եղել (ժպտում է): Հիշում եմ` ընկերների ու բարեկամների տուն գնալուց միշտ քացրավենիք ու կոնյակ էինք տանում: Ամռանը 3 շաբաթ հանգստանում էինք Սևանում կամ Ջերմուկում: Փողի պակաս ընդհանրապես չենք զգացել: Պապդ երբեք չի խնայել: Ինչի կարիք զգում էինք, միանգամից առնում էի: Ընտիր կահույք ունեինք, հեռուստացույց, լվացքի մեքենա, սառնարան, մի խոսքով ամեն ինչ: Պապդ լավ ծանոթներ ուներ: Քաղաքում շատերն էին ինձ ճանաչում ու հարգում: Միայն տատիկիդ ատամների հարցը այդպես էլ չկարողացա լուծել (ծիծաղում է): Մի խոսքով թոռնիկս… Հիմա արդեն մեծ եմ, ձեզ համար եմ ապրում, ուրիշ ի՞նչ պիտի անեմ, բայց ժամանակին պապդ առոք-փառոք ապրել է:

Առոք-փառո՞ք…

Պատմություն երկրորդ

Թոռնիկս, ես շատ գոհ եմ իմ կյանքից: Չորս տարի սովորել եմ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում: Ավարտելուց հետո աշխատանքի եմ անցել բանկում: Աշխատեցի 2 տարի: Բայց հետո զգացի, որ դա իմը չէ: Հոգնում էի ու ձանձրանում: Եվ մի օր որոշեցի, որ պետք չէ աշխատել մի վայրում, որտեղ ես չեմ կարողանում իմ ուժերը լրիվ օգտագործել: Դուրս եկա աշխատանքից և սեփական փոքրիկ ընկերությունը բացեցի: Մեկ ու կես տարի աշխատում էի վնասով: Բայց գործիցս հաճույք էի ստանում ու երբեք չէի հուսահատվում: Անցավ ևս մեկ տարի և իմ փոքրիկ ընկերությունը սկսեց շահույթ բերել: Իսկ արդեն 30 տարեկանում ես ֆինանսապես անկախ էի: Մի քանի տարվա ընթացքում ընկերությունս սկսեց ընդլայնվել: Սկզբում մասնաճյուղեր բացեցինք Հայաստանում, հետո անցանք Վրաստան, Ռուսաստան, Եվրոպա, ապա նաև օվկիանոսը` ԱՄՆ, Ավստրալիա, Հնդկաստան: Պապիկիդ հիմնած ընկերությունում աշխատում էին հազարավոր մարդիկ, որոնցից շատերին ես անձամբ էի ճանաչում և մենք մի մեծ ընտանիք էինք: 35 տարեկանում տատիկիդ համար յուրահատուկ նվեր գնեցի` կղզի Միջերկրական ծովում (ծիծաղում է): Ամռանը 2 ամիս անցկացնում էինք այնտեղ: Զբոսնում էինք մեր սեփական զբոսանավով: Տատիկդ, հայրդ և հորաքույրդ շատ էին սիրում ճանապարհորդել: Տարեկան 2 անգամ տարբեր երկրներ էինք այցելում, նոր մշակույթների հետ ծանոթանում: Առանձնատներ էինք գնել այդ երկրներից շատերում: Երբեմն լինում էր այնպես, որ օրինակ, նախաճաշում էինք Ճապոնիայում, իսկ ընթրիքն անում էինք արդեն Թայլանդում (ծիծաղում է): Տատիկիդ հետ բարեգործական հիմնադրամ ստեղծեցինք: Օգնում էինք քաղցկեղով հիվանդ երեխաներին ողջ աշխարհում, դպրոցներ և հիվանդանոցներ էինք կառուցում Աֆրիկայում: Հիմա արդեն 82 տարեկան եմ, բայց անելիքներ դեռ շատ ունեմ: Առայժմ չեմ պատրաստվում ընկերության ղեկը փոխանցել հայրիկիդ (ծիծաղում է): Դեռ շատ պլաններ ունեմ, որոնք պետք է իրագործեմ: Ամռանը ուզում եմ օդապարիկով անցնել Մոնղոլիան և Տիբեթը: Քեզ էլ անպայման կվերցնեմ ինձ հետ (ժպտում է): Դե լավ, հիմա պետք է գնամ, ուզում եմ հայրիկիդ 50-ամյակին անակնկալ անեմ: Որոշել եմ նոր մեքենա նվիրել: Տղաս արժանի է դրան: Չէ՞ որ կյանքը պետք է ամբողջությամբ վայելել (ժպտալով վեր է կենում տեղից և հեռանում):

P.S.
Կարծում եմ` զգացիք տարբերությունը: Մտածեք այդ ուղղությամբ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

12 մեկնաբանություն

  • Շատ լավն էր, նման է Կիյոսակիի “Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ”-ի սյուժեին: Շնորհակալություն նման գեղեցիկ գրառման համար )))

    • Մերսի Leo ջան:
      “Հարուստ հայրիկ, աղքատ հայրիկ”-ը ես կարդացել եմ, այսինքն ինչով է նման?

  • տնտեսապես ու առավել ևս վայելելու տեսակետից ծայրահեղ անարդյունավետ է առանձնատներ գնել տարբեր երկրներում, էլ չեմ ասում, որ ցավում եմ, որ այն մոդելը, որին խարհուրդ է տրվում ձգտել ընդհամենը բենտլի է քշելու 🙁
    Շատ կուզենայի, որ «դրական» հերոսները լինեին առանց ավելնորդ «ճոխությունների» ու ռացիոնալ, այլ ոչ ՛հաստավիզ՛, բենտլիով ու մի քանի անգամ էլ արտասահման «ոտք գցած»:

    • Վարդան ջան մերսի կարծիքի համար:
      Իսկ քո կարծիքով ինչի է բենթլին ու մի քանի առանձնատները ավելորդ ճոխություն? Եթե մարդը կարողանում է աշխատել ու իր համար միլիոնանոց կարողություն ստեղծել, իր խելքի ու մեծ ջանքերի շնորհիվ, ինչը պետք է նրան խանգարի իր կարողության մի մասը վատնել իր վրա ու վայելել? Ու պետք չի բոլոր հարուստներին հաստավիզ պատկերացնել 🙂 hարուստները հիմնականում շատ խելացի մարդիկ են, որոնք կարողանում են ստեղծել: Անխելք մարդը չի կարող կյանքում այդքան առաջ գնալ:

    • Հա Անի ջան 🙂
      Էս հոդվածով ուզում էի ցույց տայի, թե ինչի կարող է հասնել մարդը, բայց ինչի է նա ձգտում: Իսկ թե ով ինչքանով է բավարարվում ու ում ինչ է պետք, դա արդեն ուրիշ հարց է 🙂

  • Շատ լավ պոստ էր իրոք, նամանավանդ դուրս եկավ Աշտարակի ամառանոցն:))) «Գանձեր մի՛ դիզեք ձեզ համար երկրի վրա, ուր ցեց և ժանգ ոչնչացնում են, և ուր գողերը պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցե՛ք ձեր համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց և ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, և ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»(Մատթ 6)

  • shat durs ekav post@ u aveli shat Luka-i karciq@ harust u hajoxak mardkanc masin. De inch arac, shat qchern en irakanum stanum ed pargev@, vorovhetev es karcum em vor xelaci u hatkapes <> cnvum en u aprac kyanqi @ntacqum drsevorvum, vonc asum en <>. Isk hatkapes patvi arjani en nranq ovqer chen moranum irenc ed pargev@ tvoxin, u irenc srtern el nvirum en voch te gandzerin, ayl irenc ed amen inchov ojtoxin, irenc Ararchin, karcum em 🙂

  • Վարդան ջան այդպիսի դրական կերպարներ միայն ֆիլմերում են լինում,յուրաքանչյուր հարուստ ու լավ մարդ էլ կուզենա լավ ապրել,ու զուգահեռ ունենալ մանկատներ…ինձ շատ դուր եկավ..Շնորհակալություն

  • Դե պապիկներից մեկը հիշեցնում է Կիյոսակիի “աղքատ հայրիկ”-ի կերպարը, մյուսը “հարուստ հայրիկ”-ի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»