Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Օգտակար խորհուրդներ

Կրճատեք ժամանցի ժամանակը

Շատ հաճախ մարդիկ, որոնք դժգոհում են իրենց կյանքից և ուզում են ավելի լավ ապրել, այնքան ժամանակ են ծախսում ժամանցի վրա, որ դրանով ոչ միայն չեն բարելավում իրենց կյանքը, այլ նաև վատնում են այն անգին ժամանակը, որը պետք է օգտագործեին ավելի կարևոր բաներ անելու համար: Գիտե՞ք ինչն է ցավալի: Երբ տեսնում եմ, որ մարդիկ, որոնք օրեկան 8-ից 10 ժամ չարչարվում են և զբաղվում են «ոչ սիրելի» աշխատանքով, աշխատանքից դուրս իրենց ամբողջ ազատ ժամանակը վատնում են ժամանցի վրա` փոխարենը զբաղվելու այնպիսի բանով, որը կօգներ փոխել իրավիճակը:

Այն, որ ընկերների ու հարազատ մարդկանց հետ պետք է շփվել, գիտենք բոլորս: Այն, որ արդյունավետ աշխատելու համար պետք է հանգստանալ և լիցքաթափվել` նույնպես գիտենք բոլորս: Դրա համար ցանկալի է, որ տարին գոնե մեկ անգամ ճանապարհորդեք, երբեմն կինո կամ թատրոն գնաք, երեկոյան մի քիչ զբոսնեք, ժամանակ առ ժամանակ ընկերների հետ հավաքվեք, երեկույթներ կազմակերպեք, ուրախանաք, պարեք: Բայց այդ ամենը չպետք է անցնի չափերը: Ժամանցը չպետք է զբաղեցնի ձեր ժամանակի մեծ մասը: Ձեր ուղեղը չպետք է անընդհատ այդ ուղղությամբ աշխատի: Պետք է տարբերել «անհրաժեշտ» ժամանցը «անօգուտ» ժամանցից: Պետք չէ սրճարաններում անիմաստ ժամանակ անցկացնել: Արեք դա այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը իրոք կա: Լուրջ ուշադրություն դարձրեք ոգելից խմիչքի վրա: Մի համարեք դա ժամանցի «ամենալավ» ձևը: Պետք չէ ամեն երեկո ընկերների հետ հավաքվել խմելու, կամ շաբաթական մի քանի անգամ ճաշկերույթներ կազմակերպել, կամ պետք չէ ամեն օր այնքան զբոսնել, որ հետո հոգնած վերադառնալ տուն և ոչինչ չկարողանալ անել:

Երբեմն, որպեսզի ինչ-որ բան ձեռք բերեք, պետք է ինչ-որ բանից հրաժարվեք` թեկուզ ժամանակավոր: Եթե դուք նպատակ ունեք, ապա պետք է կենտրոնանաք ձեր նպատակի վրա, այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկեք և հնարավորինս քիչ այդ ճանապարհից շեղվեք: Մտածեք այդ ուղղությամբ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»