Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Հույսը վերջում է մահանում

Այս հոդվածում ձեզ կպատմեմ մի պատմություն, որը ցույց է տալիս, թե ինչպես երբեմն, կյանքի ամենադժվար պահերին, երբ մենք հուսահատվում ենք և թվում է, թե այլևս լուծում չկա, հենց այդ պահերին մեզ համար բացվում են նոր հնարավորություններ: Եվ այսպես…

Ծովի մեջտեղում փոթորկից մի նավ է խորտակվում: Նավաստիներից մեկին հաջողվում է լողալ և հասնել անմարդաբնակ մի կղզի: Լինելով հմուտ նավաստի և հասկանալով կղզու դիրքը, նա այլևս հույս չուներ, որ իրեն կգտնեն: Նա հավաքում է իր բոլոր ուժերը և սկսում է կղզում իր համար պայմաններ ստեղծել: Նրան հաջողվում է դեպի ափը քշված նավի մնացորդներից ինչ-որ անհրաժեշտ իրեր հավաքել: Դրանցով, նաև կղզում ձեռքի տակ ընկածով նա իրեն մի խրճիթ է կառուցում: Օրերով նա աշխատում էր խրճիթի վրա և մեծ ուժ ու ջանքեր էր թափում: Եվ ահա, երբ ամեն ինչ վերջացած էր, նա հասկանում է, որ ուտելու բան այլևս չունի: Նա թողնում է իր խրճիթը և ճանապարհ է ընկնում կղզու մյուս ծայրում գտնվող անտառը՝ ուտելիք փնտրելու:

Բայց երբ նա հասնում է անտառ, կղզում մի իսկական փոթորիկ է բարձրանում և որոտում է կայծակը: Հանկարծ այն հարվածում է մի բարձր ծառի, որը միանգամից բռնկվում է: Կրակը անցնում է նաև մյուս ծառերին և կղզում մի իսկական հրդեհ է սկսվում: Նավաստին շնչակտուր վազում է դեպի իր խրճիթը, բայց այնտեղ, որտեղ խրճիթն էր, նա տեսնում է միայն բարձրացող ծխի հսկայական մի սյուն: Նավաստին նստում ու սկսում է լաց լինել: Փոթորիկը ևս մեկ անգամ սպանել էր նրա բոլոր հույսերը:

Բայց հանկարծ նա բարձրացնում է գլուխը և նայում է դեպի ծովը: Նա տեսնում է ափին մոտեցող նավի առագաստները, որի վրայից նավաստիներն արդեն իջեցնում էին նավակները՝ փրկելու փորձանքի մեջ հայտնված իրենց ընկերոջը:

— Ինչպե՞ս դուք ինձ գտաք,- զարմացած հարցնում է նավաստին, երբ նրանք մոտենում են:

— Մենք ուղղակի նկատեցինք կրակն ու ծուխը, որը դու վառել էիր՝ օգնություն կանչելու համար, — պատասխանում են նավաստիները:

Անհուսալի ու անելանելի թվացող պահերին երբեք մի կորցրեք հույսը: Հաճախ հենց այդ պահերին են բացվում նոր հնարավորությունները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Այս պատմությունը ներկայացնում է իրական կյանքն իր բոլոր դժվարություններով ու պայքարի բնական պահանջով: Վախի ու անորոշության մեջ հայտնված մարդն ապրելու համար այլ տարբերակ չուներ և մնում էր միայն պայքարի ճանապարհը: Երբ մարդ փորձում է օգնել ինքն իրեն, ապա վաղ թե ուշ այն տալիս է իր արդյունքները: Եթե նավաստին կորցներ հավասարակշռությունն ու հույսը, նա իհարկե կկործանվեր: Բոլորիս կյանքում էլ ժամանակ առ ժամանակ հուսահատությունն ուղղակի անխուսափելի է: Սակայն ավելի կարևոր է, թե մենք ինչպես կապրենք այդ պահերը: Այդպիսի պահերին պետք է հիշել նավաստուն և չհուսահատվել:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»