Բիզնես և ֆինանսներ

Ինտերնետ բիզնես

Կարծում եմ կան մարդիկ, որոնք լսել են, որ ինտերնետով հնարավոր է գումար վաստակել, բայց չգիտեն, թե ինչպես է դա արվում: Այս հոդվածը նվիրվում է նման մարդկանց:

21-րդ դարը ինտերնետի դար է: Ինտերնետը մարդու համար ստեղծում է նոր հարմարություններ, որոնք նախկինում չեն եղել: Ինտերնետը միայն ժամանց չէ (ինչպես տպավորված է շատերի մոտ): Այսօր ինտերնետի օգնությամբ դուք կարող եք տանից դուրս չգալով գնումներ կատարել, կոմունալ վճարումներ անել, սովորել համալսարանում, խոսել արտասահմանում գտնվող ձեր բարեկամների հետ, գրքեր կարդալ, նամակներ գրել, մրցույթների մասնակցել և իհարկե՝ բիզնեսով զբաղվել:

Ինտերնետ բիզնեսն այսօր ոչնչով չի զիջում իր օֆլայն մրցակիցներին: Յուրաքանչյուր տարի աշխարհում բացվում են հազարավոր ինտերնետ-ընկերություններ, որոնց նպատակն է բիզնես անել ինտերնետի օգնությամբ: Եվ շատ դեպքերում այդ բիզնեսը դառնում է գլոբալ և սկսում միլիոնների եկամուտ բերել: Կարծում եմ, բոլորն են ծանոթ այնպիսի ինտերնետ-գիգանտների, ինչպիսիք են Google-ը, Yandex-ը, Facebook-ը, Yahoo-ն և այլն: Իսկ հիմա ամենակարևորը: Ինչպե՞ս են այդ ընկերությունները գումարներ աշխատում:

Ինտերնետով գումար աշխատելու ամենատարածված եղանակները մնում են գովազդը, վճարովի ծառայությունները և ապրանքների վաճառքը (ինտերնետ-խանութներ): Խոսենք դրանց մասին ավելի մանրամասն: Գովազդը բոլոր ժամանակներում էլ եղել է այն ոլորտը, որի վրա ընկերությունները մեծ գումարներ են ծախսել: Եվ երբ մարդկանց առօրյան տեղափոխվեց ինտերնետ, միանգամից ծնվեց ինտերնետ-գովազդը: Իսկ դրա իմաստը կայանում է հետևյալում: Ընկերությունը բացում է կայք, որն ունենում է մեծ թվով այցելություններ, այսինքն մեծ թվով պոտենցիալ հաճախորդներ և սկսում է գումար աշխատել իր կայքում գովազդ տեղադրելով: Հիմնականում, այդպես են աշխատում օրինակ նորությունների կայքերը կամ սոցիալական ցանցերը: Հանրահայտ Facebook ընկերությունը, որի արժեքը գնահատվում է տասնյակ միլիարդներ, իր եկամուտի զգալի մասը աշխատում է հենց գովազդի օգնությամբ: Մյուս ինտերնետ-գիգանտը՝ Google-ը, ունենալով բազմաթիվ ծառայություններ, նույնպես իր եկամուտի մի մասը վաստակում է այսպես կոչված կոնտեքստային գովազդից: Այսինքն, գովազդատուն վճարում է Google-ին, որպեսզի իր գովազդը հայտնվի որոնման արդյունքներում բերված կայքերում, իսկ Google-ն այդ գումարի մի մասը վճարում է կայքերին, որոնց վրա պետք է գովազդը տեղադրվի՝ աշխատելով տարբերության վրա:

Ինտերնետ բիզնեսի մյուս երկու գլխավոր եղանակները վճարովի ծառայություններն ու ապրանքների վաճառքն են: Ծառայությունները կարող են լինել ամենատարբեր՝ սկսած կայքում վճարովի հայտարարություններ տեղադրելուց մինչև վճարովի օնլայն-սեմինարների կազմակերպում: Այսինքն, չկան սահմանափակումներ: Ցանկացած ծառայություն, որը հնարավոր է օնլայն մատուցել և որը կարող է մարդկանց օգտակար լինել, դրա օգնությամբ հնարավոր է նաև գումար վաստակել: Օրինակ, հանրահայտ eBay ընկերությունը միլիոններ է աշխատում միջնորդավճարներ գանձելով մարդկանցից, որոնք ցանկանում են ապրանքներ վաճառել իր ինտերնետ-աճուրդում:

Եվ վերջապես, ինտերնետով գումար աշխատելու մյուս եղանակը՝ ապրանքների վաճառքն է: Ապրանքներ վաճառելու համար ձեզ պետք չէ այլևս թանկարժեք տարածքներ վարձել, վճարել վաճառողներին և այլ ծախսեր կատարել: Անհրաժեշտ է ընդամենը բացել կայք և այնտեղ տեղադրել ձեր ապրանքները: Ձեզ կմնա միայն առաջխաղացնել ձեր կայքը, անել այնպես, որ այն վստահություն ձեռք բերի հաճախորդների շրջանակում և հաջողությունն ապահովված է: Եթե Հայաստանում ինտերնետ-առևտուրը դեռ զարգացած չէ, ապա ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Եվրոպայում, Կորեայում կամ Չինաստանում, մարդկանց զգալի մի մասը առևտուր է անում տանից դուրս չգաով: Միթե՞ հարմար չէ: Այդպես են կարծում նաև ինտերնետ-ընկերությունները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

  • Կայք ունենալն այժմ շատ կարևոր է ընկերության համար, սակայն բավարար չէ: Անհրաժեշտ է օպտիմալացնել այն, որպեսզի գտնվել այնտեղ, որտեղ հաճախորդները որոնում են տվյալ ապրանքը կամ ծառայությունը:

  • Ճիշտ է, ասյօր ինֆորմաիոն տեխնոլոգիաները գերիշխում են աշխարհում, և նրանց բացակայությունը “երջանկության ՌԵՑԵՊՏԸ” կարող է շրջել 180 աստիճան: Սակայն եկեք չմոռանանք, որ նրանց ներկայությունը չի ապահովում հաջողության երաշխիք: Ամենակարևորը հարկավոր է այնպիսի մարդկային ռեսուրս, որ տեխնոլոգիաների հետ խոսի “դու”-ով: : 🙂

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»