Մեր կյանքը նման է սուզված լողալուն: Քեզ համար հանգիստ լողում ես ջրի տակ, ինչպես և ուրիշները: Ջուրը լիցքաթափում է, ջրում դու թեթև ես, ջուրը տանում է քեզ: Ջրում բոլորը լողում են, բոլորը հանգիստ են, բոլորն անհոգ են: Բայց հանկարծ հայտնվում են մարդիկ, որոնք ուզում են լողալ ավելի ու ավելի խորքերը, բացահայտել ջրի գաղտնիքները, սուզվել այնտեղ, որտեղ դեռ ոչ ոք չի եղել: Բայց խորը սուզվելը հեշտ չէ: Ոմանք կեսից ետ են լողում, իսկ մյուսները շարունակում են սուզվել: Եվ հանկարծ այդ մարդկանց մոտ բացվում է երկրորդ շնչառությունը: Երկրորդ շնչառությունը բոլորին չէ, որ ծանոթ է: Մարդիկ, որոնք ապրել են երկրորդ շնչառությունը, պատմում են, որ գալիս է մի պահ, որ կարծես խեղդվում ես, բայց հանկարծ կրկին հանգստություն ես զգում և կարողանում ես շնչել:
Երկրորդ շնչառությունից հետո մարդը փոխվում է: Նա սկսում է ավելի գնահատել կյանքը, դառնում է ավելի ուժեղ ու նպատակասլաց: Նրան հաջողվում է հաղթահարել մի բան, որը բոլորին չէ, որ հաջողվում է հաղթահարել: Կյանքում նույնպես այդպես է: Մենք ապրում ենք հանգիստ լողալով մեր կյանքի ջրերում և գալիս է մի պահ, երբ մենք սկսում ենք խեղդվել մեր խնդիրների մեջ: Եվ այդ պահին մեզ մոտ կամ բացվում է երկրորդ շնչառությունը կամ մենք խեղդվում ենք:
«Երկրորդ շնչառությունն» այն պահն է, երբ մարդու կյանքում ամեն ինչ փոխվում է: Երկրորդ շնչառությունից հետո մարդն այլևս չի լինում այնպես, ինչպես նախկինում: Երկրորդ շնչառությունը սովորաբար լինում է այն բանից հետո, երբ մարդուն թվում է, որ նա խեղդվում է: Երկրորդ շնչառությունը մեկի մոտ բացվում է այն ժամանակ, երբ նա անհրաժեշտ մարդու է հանդիպում, մյուսի մոտ՝ երբ նրա գլխում հանճարեղ միտք է ծագում, երրորդի մոտ՝ երբ նրա կյանքում ինչ-որ իրադարձություն է լինում: Ամեն դեպքում, եթե մենք ուղղակի սպասենք և ոչինչ չանենք, ապա երկրորդ շնչառությունը մեզ մոտ միգուցե երբեք էլ չբացվի և մենք շարունակենք հանգիստ լողալ կյանքի ջրերում: Իսկ եթե անընդհատ աշխատենք այդ ուղղությամբ, շարունակենք սուզվել և մարզել մեր շնչառությունը, ապա այդ ժամանակ մի օր մեզ մոտ էլ կբացվի երկրորդ շնչառությունը և դրանից հետո մեզ մոտ ամեն ինչ կփոխվի: Հերիք է հանգիստ լողալ՝ թող ձեզ մոտ բացվի երկրորդ շնչառությունը:
Զիլ էր ասված!!!