Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Հաջողության գաղտնիքներ

Դողը

Երբևէ հանդիպե՞լ է Ձեզ մոտ, որ երբ պետք է ինչ-որ համարձակ քայլի դիմեք կամ Ձեր կյանքում շատ կարևոր որոշում կայացնեք, այդ հուզմունքից, պատասխանատվությունից, մտածմունքներից և վախից Ձեր ներսում դող է սկսվում: Դա հուզմունքի և դժվար որոշում կայացնելու նշան է, որը կարծում եմ՝ բոլորի մոտ էլ լինում է: Օրինակ, ով չի զգացել այդ դողը ԲՈՒՀ ընդունվելիս՝ քննության սեղանի առջև, կամ իր սիրած մարդուն առաջարկություն անելիս կամ աշխատանքի վայրն առաջին անգամ փոխելիս: Այդ դողը Ձեր օրգանիզմի պատասխանն է նրան, թե ինչ եք դուք պատրաստվում անել: Չեմ կարծում, որ աշխարհում կա մի մարդ, որի կյանքում նման դող երբեք չի եղել: Դա լինում է ցանկացած մարդու մոտ, որը պետք է կարևոր որոշում կայացնի` որոշում, որը կարող է զգալի ազդել նրա կյանքի վրա:

Այս դողն ավելի շատ «դրական դող» է: Դա չոր վախը չէ: Դա սահմանը հաղթահարելու նշանն է: Ամեն անգամ, երբ դուք պատրաստվում եք դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց, երբ մոտենում եք սահմանին և պատրաստվում եք անցնել այն, Ձեզ մոտ նման մի դող է առաջանում, որը հուշում է Ձեզ, որ դուք մոտ եք սահմանին և ուր որ է կանցնեք: Ամենակարևոր պահերից մեկը մարդու կյանքում, որը նրա հետ կարող է պատահել այն է, որ անկախ դողից և գիտակցության զսպումներից՝ մարդն անցնում է սահմանը: Ինչ-որ կարևոր քայլ անելիս բոլորն էլ վախենում են, անհանգստանում են, մտածում են, բայց սովորություն դարձրեք, որ անկախ ամեն ինչից կարողանաք հաղթահարել Ձեր գիտակցության կապանքները և անցնեք սահմանը: Հիշեք, անհրաժեշտ է վախենալ, բայց շարժվել առաջ:

Եվ երբ դուք դա անում եք, դա դադարում է այլևս Ձեզ համար «վախենալու» լինելուց, դուք անցնում եք սահմանը և մտածում եք հաջորդ սահմանների մասին: Իսկ սահմաններ հաղթահարելով դուք ԱՃՈՒՄ ԵՔ: Իսկ մարդը, որն անընդհատ աճում է, կարծում եմ երջանիկ մարդ է: Հիշեք, ամեն անգամ, երբ դուք կանգնած եք սահմանի վրա և պետք է կարևոր որոշում կայացնեք և Ձեր ներսում կզգաք այդ դողը, ուղղակի ԱՆՑԵՔ ՍԱՀՄԱՆԸ, համարձա՛կ, ետ մի նայեք, ամեն ինչ լավ կլինի:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ: