Երբևէ հանդիպե՞լ է Ձեզ մոտ, որ երբ պետք է ինչ-որ համարձակ քայլի դիմեք կամ Ձեր կյանքում շատ կարևոր որոշում կայացնեք, այդ հուզմունքից, պատասխանատվությունից, մտածմունքներից և վախից Ձեր ներսում դող է սկսվում: Դա հուզմունքի և դժվար որոշում կայացնելու նշան է, որը կարծում եմ՝ բոլորի մոտ էլ լինում է: Օրինակ, ով չի զգացել այդ դողը ԲՈՒՀ ընդունվելիս՝ քննության սեղանի առջև, կամ իր սիրած մարդուն առաջարկություն անելիս կամ աշխատանքի վայրն առաջին անգամ փոխելիս: Այդ դողը Ձեր օրգանիզմի պատասխանն է նրան, թե ինչ եք դուք պատրաստվում անել: Չեմ կարծում, որ աշխարհում կա մի մարդ, որի կյանքում նման դող երբեք չի եղել: Դա լինում է ցանկացած մարդու մոտ, որը պետք է կարևոր որոշում կայացնի` որոշում, որը կարող է զգալի ազդել նրա կյանքի վրա:
Այս դողն ավելի շատ «դրական դող» է: Դա չոր վախը չէ: Դա սահմանը հաղթահարելու նշանն է: Ամեն անգամ, երբ դուք պատրաստվում եք դուրս գալ Ձեր հարմարավետության գոտուց, երբ մոտենում եք սահմանին և պատրաստվում եք անցնել այն, Ձեզ մոտ նման մի դող է առաջանում, որը հուշում է Ձեզ, որ դուք մոտ եք սահմանին և ուր որ է կանցնեք: Ամենակարևոր պահերից մեկը մարդու կյանքում, որը նրա հետ կարող է պատահել այն է, որ անկախ դողից և գիտակցության զսպումներից՝ մարդն անցնում է սահմանը: Ինչ-որ կարևոր քայլ անելիս բոլորն էլ վախենում են, անհանգստանում են, մտածում են, բայց սովորություն դարձրեք, որ անկախ ամեն ինչից կարողանաք հաղթահարել Ձեր գիտակցության կապանքները և անցնեք սահմանը: Հիշեք, անհրաժեշտ է վախենալ, բայց շարժվել առաջ:
Եվ երբ դուք դա անում եք, դա դադարում է այլևս Ձեզ համար «վախենալու» լինելուց, դուք անցնում եք սահմանը և մտածում եք հաջորդ սահմանների մասին: Իսկ սահմաններ հաղթահարելով դուք ԱՃՈՒՄ ԵՔ: Իսկ մարդը, որն անընդհատ աճում է, կարծում եմ երջանիկ մարդ է: Հիշեք, ամեն անգամ, երբ դուք կանգնած եք սահմանի վրա և պետք է կարևոր որոշում կայացնեք և Ձեր ներսում կզգաք այդ դողը, ուղղակի ԱՆՑԵՔ ՍԱՀՄԱՆԸ, համարձա՛կ, ետ մի նայեք, ամեն ինչ լավ կլինի:
Ասում են, ուրիշի մտքերը քեզ համար արժեքավոր են դառնում այն դեպքում, երբ դու այդպես մտածել ես, սակայն այդ մտքի` բառերով ձևակերպումը կարդում ես այլ հեղինակի մոտ: Success.am դու գոյություն ունես ոչ թե բոլորի, այլ յուրաքանչյուրի համար:ԱՅՍ ՀՈԴՎԱԾՆ էլ օրինաչափության սահմաններում` հետաքրքիր, դիպուկ և ամենակարևորը ոգեշնչող …
“Դրական դողը” հենց սրտի թրթիռն է, ինչպես կարելի է սեր խոստովանել առանց սրտի թրթիռի, ինչ-որ բան հաստատ կիսատ կլինի, հետևաբար անիսկական: Իսկ ինչքան է պատահել (համենայն դեպս ինձ հետ, որ շատ) ասենք օրինակ հարցազրույցի ժամանակ շատ հարցեր անպատասխան են մնացել, ոչ թե չիմանալու, այլ «վատ» հուզմունքի, այդ անհիմն վախի պատճառով: Մի անգամ Զոհրապի նովելներց մեկում մի արտահայտություն հանդիպեցի, որ մեխվել է հիշողությանս մեջ «իր առավելությունը գիտակցող մարդու անխռով հանդարտություն» :Ինձ թվում է` պետք չէ սա բառիս վատ իմաստով ընկալել և որպես ուժերի, հնարավորությունների, կարողությունների գերագնահատում, առավել ևս մեծամտություն համարել: Ուղղակի, երբ վստահ եք ձեր ուժերի, գիտելիքների վրա, ունեք նպատակներ, ուզում եք հասնել դրանց, սակայն ներքին անհիմն վախը դեռ ձեր մոտ շարունակում է դող առաջացնել, մտքում կրկնեք վերոգրյալ արտահայտությունը: Ինձ երբեմն օգնում է … որովհետև պատրանքները երբեմն օգնում են 🙂
Շնորհակալություն քեզ success.am!