Հաջողության գաղտնիքներ

Դուք հաջողա՞կ եք

Ես շատ երկար եմ մտածել այս հարցի շուրջ. ո՞ր մարդն է համարվում հաջողակ: Այն մարդը, ով ինքն իրեն է համարում հաջողակ, թե այն մարդը, ում հաջողակ են համարում ուրիշները: Որպեսզի հասկանաք հարցի կարևորությունը, պատկերացրեք երկու մարդկանց: Նրանցից մեկը հավաքարար է, իմիջիայլոց` տղամարդ: Նա սիրում է իր աշխատանքը, ունի սիրված ընտանիք, ունի լավ ընկերներ, ազատ ժամանակը կարողանում է վայելել, մի խոսքով.. նա երջանիկ է: Երկրորդը հայտնի երգիչ է: Նրան անընդհատ ցույց են տալիս հեռուստացույցով, նրա ետևից վազում են աղջիկները, նա շրջում է շքեղ մեքենաներով, մի խոսքով.. նա հանրահայտ է: Բայց նա երջանիկ չէ, նա հանգիստ կյանք է ուզում, հոգնել է ուշադրությունից, ամուսնացած չէ, նրան թվում է, որ բոլորն իրեն խաբում են և նա անընդհատ լարված է: Նայեք այս երկու մարդկանց: Նրանցից ո՞վ է Ձեզ համար հաջողակ:

Նախ ասեմ, որ այս հարցի պատասխանը ես ինձ համար գտել եմ: Բայց մինչև դրան անդրադառնալը, մի քիչ պատմեմ այն մասին, թե ինչ եմ այդ ընթացքում զգացել: Նախ, հաճախ նկատում եմ, որ մարդիկ, ովքեր մի շրջապատում համարվում են հաջողակ, մեկ այլ շրջապատում բոլորովին էլ հաջողակ չեն և ոչնչով աչքի չեն ընկնում: Համոզված եմ, որ նրանք իրենք էլ իրենց հաջողակ չեն զգում: Ուղղակի ստացվում է այնպես, որ քեզանից քիչ հաջողությունների հասած մարդկանց համար դու դառնում ես հաջողակ: Իսկ նման մարդիկ կարող են շատ-շատ լինել: Բայց երբ դու հայտնվում ես մարդկանց մեջ, ովքեր քեզանից շատ հաջողությունների են հասել, դու քեզ զգում ես անճոռնի ճուտիկ և մոռանում ես քո հաջողությունների մասին:

Երկրորդ բանը, որ զգացել եմ այն է, որ կան մարդիկ, ովքեր, երբ նայում ես կողքից, ոչ մի լուրջ հաջողությունների չեն հասել: Բայց նրանք երբեք չեն էլ մտածել այդ ուղղությամբ, նրանք գոհ են իրենց կյանքից, նրանք ապրում են իրենց ունեցածով և ավելին չեն էլ ուզում: Այսինքն, նրանց համար կարևոր չէ, թե շրջապատում մարդիկ ինչի են հասնում, նրանք ապրում են իրենց փոքրիկ աշխարհում և այնտեղ նրանք երջանիկ են:

Երրորդ բանը, որ զգացել եմ, այն է, որ նախորդ կետում նկարագրված մարդկանցից գրեթե չկան: Այսինքն, գրեթե չկան մարդիկ, ովքեր ամեն ինչից գոհ են, բավարարվում են քչով, իրենց լիարժեք երջանիկ են համարում և կյանքից ոչ մի ավել բան չեն ուզում: Հիմնականում, բոլոր մարդիկ էլ ինչ-որ բանից դժգոհ են, հիասթափված, հուսահատված և ոչ թե չեն ուզում կյանքից ավելին, այլ ուղղակի չեն կարողանում դրան հասնել և բավարարվում են եղածով: Այսինքն, լիարժեք բավարարված մարդիկ գրեթե չկան: Օրինակ, դուք կարող եք գոհ լինել Ձեր սոցիալական վիճակից, բայց դժգոհեք Ձեր երեխաներից կամ գործերի ծանրաբեռնվածությունից: Կամ հակառակը, դուք կարող եք գոհ լինել Ձեր ընտանիքից և գործերից, սակայն դժգոհեք սոցիալական ծանր վիճակից:

Այդ ամենը հաշվի առնելով, ես եկել եմ եզրակացության, որ հաջողակ է այն մարդը, ով ինքն իրեն է համարում հաջողակ: Բայց դա պետք է լինի այնքան անկեղծ, այնքան խորը, որ դուք դրանում կասկածներ չունենաք: Հեշտ է հանգիստ հայտարարել` ես հաջողակ եմ, բայց դա ներքուստ չզգալ: Հեշտ է հայտարարել` ես հաջողակ եմ, բայց դրանից 10 րոպե հետո բողոքել կյանքից և այլ մարդկանցից: Բայց եթե դուք կարողանաք գալ այն հոգեվիճակին, որ ոչնչից չեք բողոքում, չեք դժգոհում, գոհ եք կյանքից, վայելում եք կյանքը, ամեն ինչ լավ է, մարդիկ լավն են, և դուք զգաք Ձեզ հաջողակ, զգաք դա ամեն րոպե, հավատացեք, որ դուք հաջողակ մարդ եք, համենայն դեպս` գտնվում եք այդ ճանապարհի վրա: Երբ մարդն իրեն այդպես է զգում, նա անպայման կդառնա հաջողակ նաև շրջապատի մարդկանց համար և դա միայն ժամանակի հարց է: Դուք չպետք է ոչ մեկին ասեք, հաջողակ եք դուք, թե ոչ: Դուք պետք է զգաք դա: Դուք պետք է ինքներդ Ձեր այդ հարցին պատասխանեք: Եվ նույնիսկ, եթե պատասխանը լինի ոչ, ուրախացեք, քանի որ դուք հենց նոր հասկացաք, որ Ձեր կյանքում փոխելու բան ունեք: Սկսե՛ք այդ փոփոխությունները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»