Հաջողության գաղտնիքներ

Խորհուրդներ Ռաֆայել Մինասբեկյանից

— Ես հավատում եմ, որ բարությունը ամենամեծ ուժն է, — ասաց «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի բիզնեսի ռազմավարական զարգացման գծով փոխնախագահ, բաժնետերերի խորհրդի անդամ Ռաֆայել Մինասբեկյանը երեկ տեղի ունեցած Հաջողության բանաձև սեմինարի ժամանակ: Եվ նա կարող էր չասել դա, դա երևում էր նրա բարի ժպիտից 🙂

Դահլիճում գտնվողներից մեկի հարցին, թե ինչպես մենք էլ կարող ենք Ձեզ պես հաջողության հասնել, նա պատասխանեց, որ նախ պետք է ունենալ երազանք: Եվ այդ երազանքի համար էական չէ, գտնվում ես դու Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, թե այլ երկրում: Իսկ ամենագլխավոր խորհուրդը հետևյալն էր. «մինչև ինչ-որ տարիք, օրինակ 25-28, մարդը գտնվում է ինքնաորոնման մեջ: Այսինքն, նա անընդհատ փնտրում է, տարբեր բաներ է փորձում, փորձում է հասկանալ, թե ինչ է ուզում կյանքում: Բայց երբ արդեն հասկացաք, թե ինչ եք ուզում, երբ երազանքն արդեն ունեք, երբեք մի արեք այնպիսի բան, որը գոնե 1 միլիմետրով չի մոտեցնում Ձեզ Ձեր երազանքին»:

Նա բերեց նաև օրինակը, որը կարճ ներկայացնում եմ: Ռոսգոսստրախ ընկերության աշխատողներից մեկը, որն այնտեղ աշխատել էր 8 տարի, դուրս է գալիս աշխատանքից և տեղափոխվում է աշխատելու ԱՄՆ-ում: Նա միշտ երազում էր ծովի, նավերի մասին և այդ նոր աշխատանքը նրան այդ հնարավորությունը տալիս էր` լինել ծովի կողքին: Սակայն տարիներ անց նա կրկին վերադառնում է Մոսկվա և հանդիպում է Ռաֆայելի հետ: Նա խնդրում է իրեն ետ ընդունել ընկերություն, քանի որ այդ պահին նա գործ չուներ: Ռաֆայել Մինասբեկյանի խոսքերով այդ մարդը հիանալի աշխատող էր և նրա ներկայությունից ընկերությունը միայն կշահեր: Բայց նրա երազանքն այլ էր` ծով, նավեր, …: Բայց ամեն դեպքում, ինչ անել, չէ որ այդ մարդը երկար ժամանակ պետք է մնար Մոսկվայում, իսկ Մոսկվայում ծով չկա:

Այդ ժամանակ Ռաֆայելի գլխում մի միտք է ծագում: Նա խորհուրդ է տալիս այդ մարդուն, ընդունվել Մոսկվայում ինչ-որ խանութ, ինչ-որ ընկերություն, որը զբաղվում է ծովի ու նավերի հետ կապված ինչ-որ գործունեությամբ, օրինակ ապրանքներ վաճառելով: Ընդունվել թեկուզ որպես հասարակ մենեջեր (իսկ Ռոսգոսստրախում նրա պաշտոնը բավական բարձր էր), միայն թե մոտ լինել իր երազանքին, գտնվել այդ միջավայրում:

Անցնում է մոտ 1,5 տարի: Նրանք ևս մեկ անգամ հանդիպում են: Պարզվում է, որ նրանց վերջին հանդիպումից հետո այդ մարդը հետևել էր Ռաֆայելի խորհրդին, նավաշինարարության ոլորտում գտնվող մի հայտնի ընկերությունում գործի էր անցել, իսկ որոշ ժամանակ անց նրան առաջարկել էին տեղափոխվել ընկերության Մոնակոյի ներկայացուցչություն` որպես բարձր օղակի աշխատող: Եվ այդ մարդը տեղափոխվել էր Մոնակո, որտեղ կային և ծով և նավեր… և եթե այդպես շարունակվի, ոչ հեռու ապագայում նա արդեն կունենա սեփական նավը:

Ահա այսպիսի իրական մի պատմություն, որը տեղի է ունեցել վերջերս: Հիշեք, երբեք մի հեռացեք Ձեր երազանքից: Եթե Ձեր սիրտը ինչ-որ բան է թելադրում, շարժվեք այդ ուղղությամբ, իսկ մնացած բաների վրա ուշադրություն մի դարձրեք: Մի արեք այնպիսի բան, որը գոնե 1 միլիմետրով չի մոտեցնում Ձեզ Ձեր երազանքին:

Հ.Գ.
Մնացած, ոչ պակաս հետաքրքիր սեմինարների մասին կգրեմ հաջորդ հոդվածներում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

9 մեկնաբանություն

  • Շնորհակալություն շատ Լուկա ջան,շատ ոգևորեց:Ընդհանրապես այսպիսի հոդվածներ կարդալուց շատ եմ ոգևորվում…..կրկին շնորհակալ եմ ոգևորելու համար,Աստված տա այդպիսի սեմինարների մասնակցելու հնարավորություն ունենամ:

    • Գագիկ ջան քո մեջ էտ ձգտումը կա, չմտածես, ուզես թե չուզես, դու անպայման մի օր մեծ հաջողությունների հասնելու ես:

  • Լուկա ջան շատ շնորհակալ եմ կրկնակի անգամ ոգևորելու համար,գիտես ինչ ազդեցություն թողեցիր էտ քո խոսքերով….

  • Շնորհակալություն: Իսկապես, օրինակ ինձ մոտ այնքան շատ երազանք ու գաղափար կա, որ չգիտեմ որից սկսեմ: Բացի այդ ինչ գաղափար ծնվում է ուղեղումս, մեկ ամիս հետո դա իրականացնում է մեկ ուրիշը: Մի պահ տարվել էի պաղպաղականոց բացելու գաղափարով, սակայն շուտով Հայաստանում բացվեցին պաղպաղականոցներ: Չնայած դրան, ես բացելու եմ իմը:

    • Զառա ջան եթե պաղպաղականոց բացես, մենք շուտ-շուտ կգանք 🙂 Ցանկացած բան դժվարա միանգամից պատկերացնել ոնց իրագործել, պետքա փոքր քայլերի բաժանել ու դրանց վրա կենտրոնանալ:

      • ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ մեծ սիրով կհյուրասիրեմ ձեզ, բացի այդ մտածում եմ զբաղվել տորթ-պաղպաղակների համար հատուկ տարաների արտադրությամբ, որոնց մեջ պաղպաղակը չի հալի:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»