Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Հաջողության գաղտնիքներ

Արամ Փախչանյանի ելույթը

Արամ Փախչանյանի ելույթը ամենահետաքրքիրներից մեկն էր Հաջողության բանաձև վարպետության դասերի շարքում: Արամը խոսեց կյանքի, հաջողության և դրա հանդեպ իր վերաբերմունքի մասին: Նրա խոսքերով մարդու կյանքը չի կարող լինել հաջողությունների անվերջ շարան: Դրանք անընդհատ ընդհատվում են անհաջողություններով: Ուղղակի երբեմն, երբ մարդիկ նայում են հաջողության հասած մարդկանց, նրանք այդ անհաջողությունները չեն նկատում և նրանց թվում է, որ նման մարդկանց մոտ ամեն ինչ ստացվել է հեշտ ու միանգամից: Արամ Փախչանյանի կարծիքով հաջողության հասնելը հեշտ չէ, ինչպես շատերին կարող է թվալ: Դրա համար անհրաժեշտ է անընդհատ աշխատել և դրան անհրաժեշտ է ձգտել: Այդ ճանապարհին մարդու մտածելակերպը անընդհատ փոխվում է: Օրինակ, իր խոսքերով սկզբում իր համար ավելի կարևոր էր, թե ինչ գնահատական են իրեն տալիս մարդիկ, բայց հիմա ավելի կարևոր է իր ներքին գնահատականը: Նա բերեց նաև օրինակը. «եթե իմ ելույթից հետո դահլիճում ինձ ոչ ոք չծափահարի, ես դրանից վատ չեմ զգա»:

Ընդհանրապես, գալիս է ինչ-որ փուլ, երբ հաջողության հասած մարդը զգում է անհրաժեշտություն օգտակար լինել այլ մարդկանց: Արամ Փախչանյանի ելույթից զգացվում էր, որ այդ փուլը նրա մոտ վաղուց արդեն եկել է: Դա հասունության փուլն է, երբ ոչ թե մտածում ես միայն քո մասին, այլ նաև այլ մարդկանց: Այսինքն, ձգտում ես այնպես անել, որ ուրիշների կյանքում էլ ինչ-որ բան փոխես, այնպես անես, որ նրանք նույնպես հասնեն հաջողության: Ելույթի ամենագլխավոր խորհուրդներից մեկը հետևյալն էր. «Հաջողությունների ձգտող մարդը պետք է զբաղվի ստեղծարար աշխատանքով: Այսինքն, նա պետք է աշխարհում ինչ-որ բան ավելացնի, ինչ-որ բան փոխի: Նա պետք է ստեղծի»: Մարդկանց մեջ պետք է մտցնել այս մտածելակերպը: Այսինքն, իր կյանքը պլանավորելիս մարդը ոչ թե պետք է ձգտի բարձր աշխատավարձով, բայց բնույթով ոչ մի ստեղծագործ աշխատանք չպարունակող մասնագիտության, այլ այնպիսի մասնագիտության, որպեսզի ինչ-որ բան ավելացնի աշխարհում և արժեքներ ստեղծի` արժեքներ, որոնք օգտակար են մարդկությանը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»