Երբ ալկոհոլիկը փորձում է ազատվել իր հիվանդությունից, փորձում է ամեն ինչ թողնել անցյալում և բարելավել իր կյանքը, նրա ալկոհոլիկ ընկերները չեն հասկանում դա և չեն ուզում բաց թողնել նրան: Նրանք չեն ուզում, որ իրենց ընկերը փոխվի. չէ՞ որ այդ դեպքում նա դուրս կմնա իրենց շրջապատից, նոր ընկերներ կգտնի: Այդ անցումային պահին ալկոհոլիկի համար էլ է շատ դժվար: Նա ինքն էլ հասկանում է. որպեսզի բարելավի իր կյանքը, նա ստիպված է լինելու հեռանալ իր «բաժակի» ընկերներից, այլապես նրանք կրկին կձգեն իրեն ներքև: Բայց նրա մտքով անցնում են այն բոլոր օրերը, երբ նրանք միասին են անցկացրել, եղել են անբաժան ընկերներ: Այդ մտքերը խանգարում են նրան, որպեսզի նա կանգնի բուժման ճանապարհին: Բայց որպեսզի բարելավի իր և հետագայում նաև` ընկերների կյանքը, նա պարտավոր է այդ քայլին դիմել:
Ալկոհոլիկի օրինակը միակը չէ: Երբ մարդը փորձում է փոխել իր կյանքը, ազատվել նախկին վատ սովորություններից կամ անցյալում թողնել դժվար կյանքն ու նորը սկսել, նրա նախկին կապերը թելի պես ձգում են իրեն ետ: Մի կողմից նա ուզում է փոխել իր կյանքը, մի կողմից էլ հասկանում է, որ որպեսզի անի դա, նա ստիպված է լինելու կտրել թելերը: Հըմմմ… ի՞նչ անել: Կտրե՛ք թելերը: Եթե ինչ-որ մարդիկ «թույլ չեն տալիս» Ձեզ նոր կյանք սկսել, ժամանակավորապես հրաժարվեք նրանցից, այլապես Ձեզ երբեք էլ չի հաջողվի Ձեր կյանքը փոխել: Դրանով դուք այդ մարդկանց վատություն չեք անում, դուք ուղղակի փորձում եք բարելավել սեփական կյանքը: Եվ երբ դա Ձեզ հաջողվի և դուք կայանաք, դուք կարող եք օգնել նաև այդ մարդկանց նույնպես բարելավել իրենց կյանքը: Այսինքն, ալկոհոլիկը, երբ լիովին բուժվի, արդեն կայացած մարդ լինի, ունենա աշխատանք, տուն, մեքենա, նոր ընկերներ, նա կարող է այդ ամենը ցույց տալ իր նախկին ընկերներին և ասել. «Դուք նույնպես կարող եք ունենալ սա, թույլ տվեք օգնել ձեզ»: Եվ շատերը թույլ կտան: Այդպես կփոխվեն մի քանի կյանքեր: Հակառակ դեպքում` գուցե ոչինչ էլ չփոխվի: