Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Մտորումներ

Երանի

Կյանքը լույսի ու ստվերի հանդիպման խաչմերուկն է: Երանի ստվերները չդողային լույսից, զգալով, որ կյանքի թելերով կապված են նրան:
Աշխարհում ավելի հեշտ է կասկածել, քան՝ հավատալ: Երանի մարդիկ հավատային, որ երազանքը կարող է ավելի հզոր լինել, քան իրականությունը:
Մարդիկ զմայլվում են ծովով և փորձում գտնել նրա անծայրածիր ափերի եզրերը: Երանի ծովին նայելիս մարդիկ հիշեին, որ նրա անսահման կապույտը երկնքից է գալիս:
Ազատություն սիրող թռչունները գերի են գարնան ջերմությանը: Երանի նրանք դիմանային ձմռան սառնամանիքին և վայելեին ձյան գեղեցկությունը:
Դժվար է սառույցի վրա քայլել և չմտածել ընկնելու մասին: Երանի մարդիկ վստահ քայլեին, քանի որ ընկնելու մասին միտքը թուլացնում է ոտքերը:

Մարդիկ անհամբերությամբ են սպասում բնության զարթոնքին: Երանի նրանք հասնեին գարնանը և իրենց սրտերի ջերմությամբ վառեին բնության գույները: Այդ կախարդական գույների թափվող ալիքներից է ջրվեժը, որի գեղեցկությունը մարդիկ վայելում են այնքանով, որքանով կարողանում են բարձրացնել իրենց գլուխը: Երանի մարդիկ ջրվեժը տեսնելիս հիշեին, որ նրա ջուրը սկսում է ցած թափվել շատ ավելի վերևից:
Բնությունը գեղեցկացնում են ծաղիկները, որոնց թերթերը հիշեցնում են բարի սրտերի քնքշությունը: Երանի մարդկանց համար ծաղիկներ նվիրելն ավելի հաճելի լիներ, քան՝ ստանալը:
Մարդիկ ապրում են՝ սպասելով ճակատագրի կողմից պատրաստված բարեբախտությանն ու հաջողությանը: Սակայն այն միշտ չէ, որ բարի է և երբեմն մարդկանց մատուցում է տհաճ անակնկալներ: Երանի մարդիկ ճակատագրից առաջ ընկնեին և իրենք ստեղծեին իրենց բախտը:
Կյանքի «երթուղին» մարդկանց տանում է վեր ու վար: Երանի կյանքում կողմնորոշվելն ավելի հեշտ լիներ, քան՝ մոլորվելը:
Հաճախ մարդիկ դժգոհում են աշխարհում իրենց զբաղեցրած տեղից: Երանի նրանք դժգոհելու փոխարեն փորձեին հասնել այն վայրը, ուր տանում է իրենց երազանքը:
Երկրագունդը պտտվում է և գիշերն անխուսափելի է: Երանի առավոտն այնքան հավերժական թվար, որքան՝ գիշերը:

Կյանքը լի է փորձություններով, որոնցով սնվում է ուժի աղբյուրը: Երանի մարդիկ չհուսահատվեին փորձություններից, քանի որ նրանցով կոփվում է կամքը:
Կյանքի գինն ապրելու խնդիրն ու մահն է: Երանի ապրելն այնքան հեշտ լիներ, որքան՝ մեռնելը:
Մարդիկ փնտրում են երջանկություն, որը կյանքի քաղցրությունն է: Երանի երջանկությունը խոսել իմանար և մարդիկ կհասկանային, որ այն իրենց ներսում է:
Անհնար է խուսափել սխալներից: Երանի սխալներն ընդունելն ավելի հեշտ լիներ, քան ուրիշներին մեղադրելը:
Կանգնած լինելով գետնի վրա՝ շատերը զգում են իրենց ամպերի մեջ: Երանի մարդիկ զգային հողի ամրությունը, որպեսզի վեր բարձրանալն ավելի հեշտ լիներ:
Մարդիկ սպասում են, թե երբ է հայտնվելու ինչ-որ մեկն ու հարթելու իրենց հաջողության ճանապարհը: Երանի նրանք չսպասեին որևէ մեկի օգնությանը, քանի որ յուրաքանչյուր ճանապարհ սկսվում է իրենցից:
Մարդկանց հաճախ է այցելում հոգնածությունը, որը հանգստի խոստում է: Երանի մարդիկ հասկանային, որ այն տրված է բացահայտելու չօգտագործված ուժերը:

Երանի-երանի… Այս բառը մարդկանց երկու խմբերի է բաժանում: Առաջին խմբի համար այն կարոտ ու տենչանք է: Մյուսների համար՝ երազանքներ ունենալու և դրանց հասնելու շարժառիթ:
Երանի ունենանք մեծ երազանքներ և փորձենք հասնել նրանց իրականացմանը: Կյանքը տալիս է այն՝ ինչն ուզում ենք վերցնել ինքներս: Երանի կարողանանք մեր երազներից իրականություն վերցնել…

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

5 մեկնաբանություն

    • Luka ջան, շատ շնորհակալ եմ: Ձեր գնահատականն ընդունում եմ որպես մաղթանք: Ինձ համար Ռոուլինգը ( մարդ՝ ով հասել է հաջողության գրականության շնորհիվ) ոգեշնչման մեծ աղբյուր է: Ես երազում եմ դառնալ հանրահայտ և իմ լեգենդներով ու նրանց հիման վրա նկարահանված ֆիլմերով ուրախություն պարգևել շատ մարդկանց: Դա իմ կյանքի մեծագույն նպատակն է:

  • Ինչքա~~~~ն լավն էր
    Շատ շնորհակալություն
    Ուղղակի կախարդական խոսքեր….
    Ալլա ջան շատ գեղեցիկ էր գրված, գրելու ձիրք ունեք 🙂
    :):):):)

    • Էմմա ջան, շատ մերսի: Հաճելի է, որ հավանել եք: Անչափ շնորհակալ եմ, որ գեղեցիկ խոսքերով ոգևորում եք ինձ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»