Մեր ընթերցողներից մեկի խնդրանքով գրում եմ այս հոդվածը:
Եվ այսպես, ենթադրենք դուք բացել եք ինչ-որ կայք, անցել են ամիսներ, դուք արդեն ունեք մշտական այցելուներ, օրեկան այցելությունների որոշակի քանակ և փորձում եք հասկանալ՝ արդյոք ձեր կայքը հաջողվա՞ծ է, թե ցանկացած մարդ էլ, ընդհանուր առմամբ, ինչ-որ ժամանակ անց կգար նույն արդյունքին: Առանձնացնեմ մի քանի կետեր, ըստ որոնց հնարավոր է գնահատել կայքի հաջողված լինելը:
Այցելություններ
Կայքի հաջողված լինելու ամենատարրական չափորոշիչը այցելություններն են: Ինչո՞ւ տարրական: Քանի որ կան դեպքեր, երբ դա ոչինչ չի ասում: Այսինքն, կարող են լինել կայքեր, որոնք ունենան օրեկան հազարավոր այցելություններ, բայց իրականում դրանք հաջողված չլինեն, այսինքն դրանք լավ SEO են արված, կամ սոցիալական ցանցերում են լավ առաջխաղացվում, բայց որպես կայք, որպես բովանդակություն, իրենցից լուրջ արժեք չեն ներկայացնում: Բայց նման կայքերն ավելի շուտ բացառություն են, քան օրինաչափություն, իսկ ընդհանուր առմամբ՝ կայքի այցելությունները խոսում են նրա արժեքի մասին:
Կարող են լինել նաև կայքեր, որոնք քիչ այցելություններ ունեն, բայց հաջողված են: Բայց դա նույնպես ավելի շուտ բացառություն է և նման կայքեր, օրինակ Հայաստանում, մեկ-երկուսը կարող են լինել: Իսկ եթե իրատես լինենք, ապա իմ մոտ հետևյալ հարցն է ծագում. «Եթե կայքը հաջողված է, այսինքն իրենից լուրջ արժեք է ներկայացնում, ապա ինչու է այնտեղ քիչ մարդ մտնում»: Եվ ինքս էլ կարող եմ պատասխանել. «Կամ կայքը շատ նեղ շրջանակների համար է նախատեսված և այստեղ այլ հարց է ծագում՝ հնարավո՞ր է նման դեպքում կայքը հաջողված ճանաչել, կամ էլ այն իրոք լավ կայք է, ուղղակի լավ չի առաջխաղացվում, չի գովազդվում և մարդկանց համար ուղղակի անհայտ է, մի խոսքով՝ մարքեթինգի հարց է»:
Վերցնենք առաջին դեպքը. կայքը նախատեսված է նեղ շրջանակների համար: Օրինակ, վերցնենք հետևյալ կայքերը՝ սիբիրյան ոզնիների ֆան ակումբ կամ ատոմակայանի աշխատողների ֆորում: Նման կայքի մշտական այցելուներ միգուցե դառնան թեմայով հետաքրքրված բոլոր մարդիկ և դա նրանց համար լուրջ արժեք ներկայացնի, բայց քանի որ նրանց քանակը Հայաստանում ընդամենը 100-ն է, կայքի այցելությունների թիվը չի անցնի 150-ը: Հաջողվա՞ծ է արդյոք նման կայքը: Իր ոլորտում անկասկած՝ այո, բայց ընդհանուր՝ դժվար է ասել: Դա նույնն է, եթե Ձեզ հարցնեն, սիրվա՞ծ եք դուք, եթե Ձեզ սիրում են Ձեր հայրը, մայրը, քույրը, եղբայրը, հորաքույրը և մնացած մոտ հարազատները: Ի՞սկ մնացած մարդիկ:
Անցնենք երկրորդ դեպքին. կայքն իրենից արժեք է ներկայացնում, բայց դրա մասին ոչ ոք չգիտի: Կրկին բերեմ օրինակ կյանքից: Դուք տաղանդավոր բանաստեղծ եք, բայց Ձեր մասին ոչ ոք չգիտի: Հաջողա՞կ եք դուք: Կարծում եմ՝ դրա մասին դեռ շուտ է խոսել, քանի որ դուք դեռ պետք է կարողանաք ներկայացնել Ձեզ մարդկանց կամ պետք է այնպիսի տաղանդ լինեք, որ մարդիկ իրենք գտնեն Ձեզ: Իսկ քանի դեռ դա չկա, դուք սովորական մարդ եք և ոչ հանճարեղ բանաստեղծ: Նույնը կայքի դեպքում է: Ինչքան էլ կայքը արժեքավոր լինի, չի կարելի այն հաջողված համարել, եթե մարդիկ դրա մասին չգիտեն և քչերն են դրանից օգտվում: Իսկ թե որքան մարդ գիտի Ձեր կայքի մասին և որքանն է դրանից օգտվում՝ փաստում են այցելությունները:
Եվ վերջում, քանի որ խոսում ենք այցելությունների մասին, թեման փակենք կոնկրետ թվերով: Կայքի որքա՞ն այցելությունը Հայաստանում կարելի է համարել հաջողված: Այս հարցի պատասխանը միանշանակ չէ՝ կախված կայքից, դրա թեմայից և այլն: Բայց եթե վերցնենք ընդհանուր և խոսենք ներքին սահմանի մասին, ինձ թվում է դա օրեկան մոտ 1000-ն է: Իհարկե, լավ կլիներ, եթե այցելությունները լինեին 20 000 և դա անկասկած հաջողություն կլիներ, բայց նույնիսկ 1000-ը, կարծում եմ, լավ հիմք է: Ամեն դեպքում, կայքի հաջողված լինել-չլինելը, ինչպես և մարդու հաջողակ լինել-չլինելը մեկ չափորոշիչով չի որոշվում, այլ պետք է դիտարկել դա մյուս չափորոշիչներ հետ համատեղ, այնպես որ չշտապեք ենթադրություններ անել, քանի դեռ չեք կարդացել շարունակությունը: Բայց քանի որ հոդվածը երկար ստացվեց, շարունակությունը կարող եք կարդալ հաջորդ հոդվածներում 🙂
Շատ հետաքրքիր և օգտակար հոդված էր:Բայց այսօր Հայաստանում հաջողված կայքերը գրավում են համեմատաբար ավելի նեղ շրջանակ: Եթե համեմատենք ձեր կայքի այցելությունները ինչ որ մի պորտալի հետ, ապա կտեսնենենք մեծ տարբերություն: Բայց չե որ ձեր կայքը հաջողված է: Այսօր Հայաստնում շատ այցելություններ ունեն պորտալները(որտեղ հիմնականում սերիալներ են), լրատվական կայքերը և այլ ժամանցային կարքեր: ԵՎ հարց է առաջանում, թե ինչն է այսօր գրավում հայերի մեծ մասին ինտերնետում:
Արամայիս ջան համաձայն եմ, միայն այցելություննեով դեռ ոչինչ չի կարելի ասել, չնայած դա շատ կարևոր է: Պետք է մնացած գործոնների հետ դիտարկել դա: Պատկերն ավելի ընդհանուր կդառնա, երբ գրեմ 2-րդ հոդվածը:
Շնորհակալություն Luka ջան: Խնդրում եմ հոդվածի երկրորդ մասում գրես, թե ինչ հնարքի միջոցով այցելուին պահել քո կայքում: Օրինակ այցելուն մեկ անգամ այցելելուց հետո նորից վերադառնա քո կայք:Այսօր շատ բլոգերներ շատ լավ աշխատանք են կատարում, բայց նրանց կայքը այցելում են քիչ քանակությամբ մարդիկ:
Ok Արամայիս ջան:
Կայքը կարող է շատ հետաքրքիր լինել, բայց դրա մասին քչերն իմանան: Դրա համար շատ կարևոր է SEO-ն:
Ինձ շատ հետաքրքիր է շարունակությունը: Անհամբեր սպասում եմ 2-րդ հոդվածին:
Ok Lily ջան:
Ես նույնպես շատ անհամբեր կսպասեմ երկրորդ մասին, որովհետև ինքս նոր եմ բլոգ բացել և ինձ հետաքրքրում է ամեն ինչ դրա առաջխաղացման մասին:
Նախապես շնորհակալ եմ:
Եղավ Արմեն ջան: