Մարքեթինգ

Էլ. փոստարկղ. 5 խորհուրդ ընկերություններին

1. Եթե չունեք էլ. հասցե, անպայման բացեք այն և ավելացրեք Ձեր բոլոր երևացող տվյալներում (օրինակ` այցեքարտերում): Լինում է, որ հաճախորդները խուսափում են ինչ-որ մանր հարցերով զանգահարել և նրանց ավելի հեշտ է գրել: Իսկ չունենալով էլ. հասցե, դուք կորցնում եք պոտենցիալ հաճախորդներ:

2. Եթե չունեք կայք, Ձեր էլ. հասցեն բացեք Gmail տիրույթում, այլ ոչ թե mail.ru-ում կամ yandex-ում: Երբ ես ինչ-որ ընկերության այցեքարտի վրա mail.ru եմ տեսնում, նրա վարկանիշն իմ աչքերում միանգամից ընկնում է: Դա իհարկե չի նշանակում, որ ընկերությունը վատն է, խոսքն ընդամենը առաջին տպավորության մասին է: Բայց երբեմն առաջին տպավորությունից հետո չես էլ ուզում շարունակել: Հավատացեք՝ միայն ես չեմ այդպիսին:

3. Եթե ունեք կայք, ապա էլ. հասցեները բացեք Ձեր կայքի տիրույթում՝ օրինակ sales@yourcompany.am կամ support@yourcompany.am և ոչ թե արդեն Gmail-ում և առավել ևս՝ այլ փոստային համակարգերում:

4. Առանձնացրեք տարբեր էլ. հասցեներ Ձեր բոլոր ենթակառույցների համար: Պետք չէ մեկ էլ. հասցեի տակ ուղարկել և ստանալ բոլոր նամակները: Վաճառքների համար ունեցեք sales@yourcompany.am, հաճախորդների հետ շփման համար՝ customer@yourcompany.am, մարքեթինգային հարցերով՝ marketing@yourcompany.am, իսկ ընդհանուր հարցերի համար նոր միայն info@yourcompany.am: Այդպես Դուք նախ ավելի լուրջ տպավորություն եք թողում Ձեր հաճախորդների մոտ և երկրորդը՝ դա իրոք ավելի հարմար է:

5. Եթե ունեք մի քանի էլ. հասցեներ, ստեղծեք մի համակարգ, որի օգնությամբ կարող եք ղեկավարել բոլոր էլ. հասցեները միաժամանակ: Նկատի ունեմ, Դուք չեք կարող մի քանի ժամը մեկ մտնել և ստուգել Ձեր բոլոր փոստարկղերը: Կան ծրագրեր, որտեղ դուք ավելացնում եք Ձեր բոլոր էլ. հասցեները և դրանցից կամայականի վրա նոր նամակ ստանալու դեպքում դուք ստանում եք ծանուցում: Այսինքն, Ձեզ պետք չէ կենտրոնանալ էլ. փոստարկղերի և դրանց ստուգման վրա, այդ ամենն ավտոմատացվում է, իսկ դա բավական ժամանակ է խնայում: Նման ամենահայտնի ծրագրերից է Outlook-ը, որից ես սակայն չեմ օգտվում 🙂 քանի որ նման հնարավորություն ունի նաև Gmail-ը, որի մասին էլ կարող եք կարդալ այստեղ:

Այսքանը, հաճույքով կպատասխանեմ Ձեր հարցերին:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

5 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»