Շաբաթօրյա այս հաճելի, արևոտ առավոտյան որոշեցի խոսել Facebook սոցիալական ցանցի, ավելի շուտ մեր կյանքի վրա դրա ազդեցության մասին: Ընդհանրապես, ես Facebook սոցիալական ցանցը շատ եմ սիրում: Այն «լուրջ է». ոչ այնպես, ինչպես Հայաստանում օգտագործվող մի շարք այլ սոցիալական ցանցեր: Facebook-ը հիանալի հարթակ է նաև բիզնեսի զարգացման համար: Facebook-ի հենց այդ հնարավորությունն եմ ես ավելի հաճախ օգտագործում: Ինչպես նաև, Facebook-ի գլխավերևում կանգնած է երիտասարդ, եռանդուն մի մարդ, ով իր ներկայությամբ ինչ-որ հետաքրքիր շունչ է հաղորդում իր սոցիալական ցանցին:
Ես սիրում եմ նաև զբոսնել: Երբ զբոսնում ես կես ժամ, մեկ ժամ, զբոսանքը հաճելի է: Երբ զբոսնում ես երկու, երեք ժամ, զբոսանքը դառնում է հոգնեցուցիչ ու ոչ այնքան հաճելի: Դրանից հետո գալիս ես տուն և երկար ժամանակ չես կարողանում ինչ-որ բան անել: Իսկ երբ զբոսնում ես երեք ժամից ավելի, ԱՄԵՆ ՕՐ, զբոսանքը դառնում է էներգիա խլող, ժամանակ կուլ տվող, առօրյա կյանքին խանգարող ինչ-որ բան: Պատկերացնո՞ւմ եք` ամեն օր երեք ժամ զբոսնել… Դա համարժեք է, եթե ոտքով Մաշտոցի պողոտայից բարձրանաս մինչև Կոմիտասի պողոտայի վերջ ու հետ վերադառնաս:
Այդպես է նաև մեր «զբոսանքը» Facebook-ում: Եթե դա օրեկան կես ժամ, մեկ ժամ է, դա կարող է հաճելի լինել, օգտակար և չխանգարել մնացած գործերին: Իսկ եթե դա օրեկան մի քանի ժամից ավելի է, հոգնում են ոչ թե ոտքերը, այլ ուղեղը, շեղվում է մարդու ուշադրությունը և անտեղի ժամանակ է վատնվում:
Եկեք հասկանանք, թե ի՞նչ են մարդիկ հիմնականում անում Facebook-ում:
- Շփվում են ընկերների հետ,
- Նայում են ընկերների պատերն ու նկարները,
- Փորձում են նոր ծանոթություններ ձեռք բերել,
- Հետաքրքիր ինֆորմացիա են փնտրում,
- Նյութեր են տարածում ֆեյսբուքյան էջերում և խմբերում,
- Զբաղվում են բիզնեսով, PR-ով, մարքեթինգով,
- Օգտագործում են Facebook-ը որպես աշխատանքային միջավայր:
Կարծում եմ` սրանք այն հիմնական կետերն են, ինչով մարդիկ զբաղվում են Facebook-ում (եթե ինչ-որ բան բաց թողեցի, կարող եք ավելացնել մեկնաբանություններում): Facebook-ը գերօգտագործելու հիմնական վտանգը թաքնված է առաջին երեք կետերում: Այսինքն, մարդը մտնում է Facebook և անկախ նրանից, թե այդ պահին իրոք կա ինչ-որ մեկը, որի հետ նա պետք է շփվի, սկսում է «թափառել» ընկերների ու «ոչ ընկերների» պատերով: Իսկ Facebook-ում պատը մարդու կյանքն է. այնտեղ երևում են նրա նախասիրությունները, զբաղմունքը, բարեկամներն ու ընկերները, նրա այցելած վայրերը, նկարները, մի խոսքով… ամեն ինչ: Այսինքն, դու սկսում ես ուսումնասիրել ընկերներիդ կյանքը. ով ինչ է արել, ով ուր է գնացել, ով ինչ է հագել, ով որտեղ է խայտառակվել, ով ում հետ է ամուսնացել, ով ումից է բաժանվել, ով է այսօր լավ տրամադրությամբ զարթնել, իսկ ում է պետք մի քիչ ոգևորել, ով է այսօր լավ ֆիլմ դիտել, ով է ձեր մասին թերթում կարդացել, և այլն, և այլն: Անշուշտ, եթե մտածում ես, ոչ մի վատ բան չկա: Իհարկե, քո ընկերներն են և քեզ հետաքրքիր է, թե ինչ է նրանց հետ կատարվում:
Բայց դա նման է կախվածության: Սկսում ես նայել և չես նկատում, թե ինչպես են ժամերն անցնում: Այն ժամերը, որոնք պետք է նվիրել ընտանիքին, ինքնազարգացմանը, գործին: Այն ժամերը, որոնցում դու ապրում ես այլ մարդկանց կյանքով, այլ ոչ թե քո: Ժամերը, որոնք իրականում ոչինչ չեն փոխում քո կյանքում և ոչինչ չեն փոխում այլ մարդկանց կյանքում: Այդ ժամերը դու ծախսում ես ինքնաբերաբար: Եթե մարդը հասկանա, թե որքան ժամանակ է ծախսում Facebook-ում, միգուցե նա չանի դա: Բայց ինչպես խաղատներում են պատուհանները փակում վարագույրներով և հանում ժամացույցը, այնպես էլ այստեղ է միջավայրը հաճելի, շեղող ոչինչ չկա ու ուզում ես անընդհատ նայել, նայել, նայել…
Հավատացեք, Facebook-ում ժամեր անցկացնելով չէ, որ դուք կարևոր ինֆորմացիա եք ձեռք բերում: Եթե ինֆորմացիան իրոք կարևոր է, ինչ-որ կերպ այն Ձեզ կհասնի` լինի դա ընկերոջ ծնունդ, միջոցառում, թե հանդիպում: Այդ ինֆորմացիան, ընկերների հետ շփումը և մնացած ամեն ինչը Facebook-ից կարելի է ստանալ կեսից մեկ ժամում (առավելագույնը): Մարդիկ Facebook այցելում են օրեկան մի քանի անգամ: Որովհետև օրվա ընթացքում անընդհատ մտածում են. «տեսնես ինչ-որ մեկն ինձ բան չի գրել», «տեսնես Պողոսը նոր նկար չի ավելացրել», «տեսնես վերջին գրածս ով է հավանել», և այլն, և այլն: Իսկ օրվա ընթացքում ամեն անգամ մուտք գործելով մարդը չի մնում այնտեղ 5 րոպե, այլ դա կարող է ժամեր տևել, քանի որ պատիդ հանկարծ նոր, հետաքրքիր ինֆորմացիա ես գտնում:
Խորհուրդը մեկն է.
Սահմանափակեք Facebook-ում անցկացրած Ձեր ժամանակը: Ձեր հիմնական գործերը կազմակերպեք օրվա վերջում` կեսից մեկ ժամում: Ինչ կարիք կա օրվա ընթացքում անընդհատ մտնել ու ստանալ ընթացիկ ինֆորմացիա, եթե օրվա վերջում կարելի է ստանալ ամփոփ ինֆորմացիա: Օրվա վերջում, այդ կեսից մեկ ժամում դուք կհասցնեք և՛ ընկերների հետ շփվել, և՛ նրանց նկարները նայել 🙂 և՛ նոր միջոցառումների մասին տեղեկանալ և մնացածը: Նաև այդպես դուք կշփվեք միայն այն մարդկանց հետ, որոնց հետ իրոք պետք է շփվել, բացառելով այն տարբերակը, որ դուք օնլայն եք և շփվում եք այն մարդկանց հետ, ովքեր նույնպես օնլայն են, այդ պահին գործ չունեն և ուզում են պարզապես մի քիչ շփվել, սակայն եթե այդ շփումը չլիներ, ոչ դուք կտխրեիք, ոչ էլ նա:
Հիշեք, ժամանակը շատ կարևոր է: Եթե չկարողանաս այն ղեկավարել, չես կարող նաև կյանքդ ղեկավարել: Իսկ Ձեզ պե՞տք է Ձեր կյանքը ղեկավարել…
vaaaay vonc vor hatuk indz hamar grac lineq….kashxatem hetevel xorhurdin,,, es the gitakcum em, uxxaki mexanikoren arajin@ mutq em gorcum facebook.u mtacum em <<tesnem inch chka u durs gam>>u the tevum e jamer isk gorcer mnum en……
Shnorhakalutyun :))))
Խնդրեմ Աննա ջան 🙂 Ոչինչ, եթե դրա վրա մի քիչ ուշադրություն դարձնես, քիչ-քիչ էտ սովորությունից կազատվես, կզգաս, որ քեզ պետք էլ չի շատ ժամանակ Facebook-ում ծախսել:
Ես օրեկան 1 ժամ են անցկացնում ու դա էլ երևի շատ է: Պետք է փորձել “կանտռոլ” անել, այլապես տանում էէէ