Դպրոց, համալսարան, աշխատանք, մանկություն, երիտասարդություն, դեռահասություն, հասունություն, ծերություն: Կյանքի այս փուլերը մեզանից շատերն անցնում են: Ամեն մի փուլ իր առանձնահատկություններն ունի: Սկզբնական փուլերում մենք ավելի շատ սովորում ենք, իսկ հաջորդող փուլերում` կիրառում սովորածը: Սկզբնական փուլերում մենք ավելի բաց ենք նորը վերցնելու համար, հաջորդող փուլերում` չափից շատ զբաղված: Սկզբնական փուլերում մենք երազում ենք, թե ինչպես ենք կիրառելու մեր սովորածը, ինչ ենք դառնալու, ինչերի ենք հասնելու, հաջորդող փուլերում` բավարարվում արդեն հասածով: Սկզբնական փուլերում մենք ավելի լայն են մտածում, մեծանալով` հաճախ որոշակի շրջանակներում:
Սովորելը սնում է մարդուն` ցանկացած տարիքում: Սովորելը ազդում է մարդու ամեն ինչի վրա` սկսած տրամադրությունից, շրջապատի ձևավորումից, վերջացրած նրա ապագայով, կյանքի ընդհանուր պատկերով: Սովորելը անվերջ գործընթաց է, որը պետք է ավարտվի միայն այն ժամանակ, երբ մենք արդեն չլինենք: Սովորելը չպետք է ունենա տարիքային սահմանափակում: Ցանկալի է, որ 80-ամյա պապիկը սովորի նույն կերպ, ինչպես 12-ամյա դպրոցականը, չէ որ նա դեռ ապրում է, չէ որ նա դեռ շնչում է, չէ որ իր սովորածով նա կարող է ինչ-որ նոր բան բացահայտել, կամ իր երեխաներին ու թոռնիկներին կարևոր ինչ-որ բան սովորեցնել:
Բժիշկը կամ իրավաբանը, երբ վերադառնում են աշխատանքից տուն, չպետք է համարեն իրենց օրն ավարտված: Իրենց գործը նրանք արդեն կատարել են, բայց ինչքան նոր բան կա սովորելու` թեմատիկ ամսագրեր, գրքեր, հոդվածներ, փորձարկումներ, սեմինարներ: Մենք բոլորս պետք է այդպես անենք: Ինչքան շատ բան ենք մենք սովորում, այնքան նոր հնարավորություններ են մեր առջև բացվում, այնքան ճկուն կարող է մեր կյանքը լինել, այնքան օգտակար մենք կարող ենք մարդկությանը լինել, այնքան շատ բան մեր երեխաները կարող են մեզանից սովորել:
Իհարկե, ֆիզիոլոգիական աճի հետ զուգընթաց սովորելու ձգտումը միգուցե նվազում է, փոփոխություններ են տեղի ունենում օրգանիզմում, մարմինը ավելի շուտ է հյուծվում, աչքերն ավելի շուտ են հոգնում և այլն, և այլն, բայց դա խոչընդոտ չէ: Ուղղակի պետք է մարզել այդ նույն մարմինը` սովորելով, դարձնել սովորելը բնավորություն, հաճույք ստանալ դրանից: Այնպես որ, հարգելի ընթերցողներ, որքան էլ որ դուք զբաղված լինեք, որքան էլ կենցաղը չթողնի, որքան էլ որ իմաստը ամբողջությամբ չհասկանաք, փորձեք ամեն օր նոր բան սովորել:
Շնորհակալություն Հրաչ ջան, շատ լավն էր.. գնամ հավեսով պարապելու 😀 🙂
Հա Լուսինե ջան, հատուկ քո համար 🙂
Այո,իմ օրը համարում եմ ստացված ,եթե օրվա ընթացքում նոր բան եմ սովորել: