Հայտնի ասացվածքն ասում է. «Հաճախորդը միշտ ճիշտ է»: Լիովին համաձայն եմ, քանի որ հաճախորդն այն ուժն է, որի շնորհիվ գոյություն ունի բիզնեսը: Սակայն կա բիզնեսի մեկ այլ, ներքին մեծ ուժ` ընկերության աշխատակիցները: Ես համոզված եմ, որ աշխարհում մեծ մասամբ բարգավաճում են այն ընկերությունները, որոնց աշխատողների համար ստեղծված են լավագույն պայմաններ: Այսօր աշխատողի համար կարևորը միայն բարձր վարձատրությունը չէ: Առավել կարևոր է, որ ցանկացած աշխատող իրեն բիզնեսի մի մասը զգա, զգա իրեն «ընտանիքի անդամ», զգա իր կարևորությունն ընդհանուր գործում:
Չգիտեմ ինչպես է եղել նախկինում, բայց այսօր ՄԵԾ, ՀԱՆՃԱՐԵՂ ընկերությունները պետք է ստեղծեն այնպիսի մթնոլորտ, որտեղ աշխատակիցները զգան, որ իրենք ոչ թե աշխատում են, այլ համագործակցում ընկերության հետ: Այսինքն, «պարտադրաբար»-ից պետք է անցում կատարել դեպի «իմ ցանկությամբ»: Նման ընկերություններ կան: Դրանցում աշխատակիցներին մեծ ազատություն է տրվում: Աշխատակիցները կարող են գալ աշխատանքի ցանկացած ժամի, կարող են ձևավորել իրենց աշխատատեղը իրենց ցանկությամբ, ստանում են տարբեր տեսակի ապահովագրություններ, ստանում են «չնախատեսված» պարգևատրումներ և ամենակարևորը` յուրաքանչյուրը զգում է, որ իրենից ինչ-որ բան է կախված: Նման մթնոլորտում, երբ ընկերությունն իրոք թիմ է, բիզնեսի հաջողության կեսը կարծում եմ ապահովված է:
Սակայն կան նաև ընկերություններ, որոնք ուզում են, որ իրենց աշխատակիցները նույնպես լինեն այդպիսին` գործին նվիրված, «ընտանիքի անդամ»: Սակայն նրանք չեն տալիս գլխավոր հարցը` ԻՆՉՈ՞Ւ: Ինչո՞ւ պետք է աշխատակիցը աշխատի հենց այդ ընկերությունում, ինչո՞ւ նա պետք է այդտեղ իրեն լավ զգա, ինչո՞ւ նա չպետք է տեղափոխվի այլ աշխատանքի, երբ արդեն ձանձրանա նույն տեղում աշխատելուց, ինչո՞ւ նա չպետք է ձանձրանա ընդհանրապես, և այլն, և այլն: Այսինքն, ի՞նչն է մոտիվացնում աշխատողներին: Միայն գումա՞րը: Եթե պատճառն իրոք միայն գումարն է, ապա կարծում եմ պետք է մարդկանց հոգեբանություն ուսումնասիրել, քանի որ գումարից կարևոր շատ այլ գործոններ կան: Հիշեք` աշխատակիցը նվիրված է իր աշխատանքին և դրանից շահում է միայն ընդհանուր բիզնեսն այն ժամանակ, երբ աշխատակիցն իրեն «լավ է զգում» աշխատավայրում և զգում է իր կարևորությունը: Հակառակ դեպքում` աշխատակիցները կգան ու կհեռանան, նրանց հետ կհեռանան փորձն ու ծախսված գումարները, իսկ բիզնեսը միայն փոքր քայլերով կշարժվի առաջ:
Այնպես որ, եթե դուք բիզնեսի ներկայիս կամ ապագա սեփականատեր եք, ապա այնպես արեք, որ Ձեր աշխատողներն իրենց զգան ոչ թե «վախի» և «պարտադրանքի» միջավայրում, այլ «ազատության» և «ստեղծարարության»: Թույլ տվեք նրանց երբեմն կարևոր որոշումներ կայացնել, «ազդել» ընկերության ապագայի վրա: Թույլ տվեք նրանց իրենց «լավ զգալ», քանի որ իրեն լավ զգացող մարդը մի քանի անգամ ավելիին է ընդունակ: Ստեղծեք նրանց համար լավ պայմաններ, իսկ մնացածը կանեն նրանք:
Bazmics exel en depqer erb biznes@ kayacel e miayn ayn patcharov, vor stexcoxi hamar exel e avelin qan biznes, exel e aprelakerp ev voroshaki missia…
Հաճելի է, երբ գործատուն հոգատար է ենթակաների հանդեպ, երբ նա ուրախանում է քո հաջողություններով, ոգևորում է, իսկ թերացումներին մոտենում է ըմբռնումով, թևաթափ չի անում: