Անձնային աճ

Ինչպես ես մասնակցեցի Ֆիլիպ Կոտլերի սեմինարին

Այս պատմությունը մեզ ուղարկել է մեր ընթերցողներից մեկը: Այն ցույց է տալիս, որ որքան էլ ճանապարհն արգելքներով լի թվա, միշտ էլ հնարավոր է հասնել նպատակին, եթե կա շատ մեծ ցանկություն: Պատմությունն իրական է և տեղի է ունեցել մոտ 1 տարի առաջ Հայաստանում: Եթե հիշում եք, հենց այդ ժամանակ էր, երբ Հայաստան էր ժամանել հայտնի մարքեթոլոգ, ժամանակակից մարքեթինգի հայր Ֆիլիպ Կոտլերը: Եվ նա պետք է դասախոսություններ կարդար և սեմինարներ անցկացներ հայ գործարարների, ուսանողների և բոլոր հետաքրքրված անձանց համար: Ես շատ քիչ միջոցառումներ եմ հանդիպել, որոնք գովազդվել են նման մասշտաբով: Նկատի ունեմ միջոցառման բնույթը. դա ոչ համերգ էր, ոչ տոնական միջոցառում, այլ գործարար մակարդակի սեմինար: Միջոցառման մասին պաստառները կարելի էր տեսնել փողոցում, մետրոյում, դրա մասին կարելի էր լսել ռադիոյով, տեսնել հեռուստատեսությամբ, մի խոսքով` մեծ մասշտաբի մարդ էր գալիս Հայաստան և դա պետք է լուսաբանվեր:

Կար միայն մեկ բայց… սեմինարի արժեքը բավական թանկ էր միջին սոցիալական պայմաններում ապրող մարդկանց համար: Հիմա հաստատ չեմ հիշի արժեքը, բայց այն կազմում էր մոտ մի քանի հարյուր հազար դրամ: Եվ մեր ընթերցողը, որին պայմանական անվանենք Ա., որոշում է անպայման մասնակցել սեմինարին: Սակայն այդքա՞ն գումար վճարել սեմինարի համար: Խոսքն այստեղ այն մասին չէ, որ սեմինարն այդքան չարժեր, խոսքն այն մասին է, որ այդ պահին ազատ դրամական միջոցները թույլ չէին տալիս: Եվ Ա.-ն գտնում է այլ տարբերակ: Նա սկսում է նամակներ գրել միջոցառման կազմակերպիչներին, որտեղ առաջարկում է մասնակցել կազմակերպչական աշխատանքներին, օգնել ինչ-ինչ հարցերում, միայն թե հնարավորություն ստանա անվճար մասնակցել սեմինարին: Նա ասում է, որ մի քանի էլեկտրոնային նամակներ էր ուղարկել կազմակերպչական թիմի անդամներին և հանկարծ… նրանցից մեկից պատասխան եկավ. համաձա՛յն էին: Եվ սեմինարներին նախորդող մի քանի օրերի ընթացքում Ա.-ն դարձավ կազմակերպչական աշխատանքների մասնակից:

Հետո եկավ երկար սպասված օրը: Ա.-ն դահլիճում կանգնած հետևում էր մեծ մարքեթոլոգին, դիտում նրան մոտ տարածությունից, գիտելիքներ ստանում, բայց ամենակարևորը` վայելում հաճույքը, որ կարողացավ հասնել իր նպատակին:

Հ.Գ.
Միգուցե թվա, որ մեծ բան չկա, բայց եթե անկեղծ` մեզանից քանիսը նման բան կանեին: Նման քայլերով են ձևավորվում մարդու սովորությունները, իսկ այս դեպքում, սովորությունը` նպատակին հասնելն է:

Այստեղ կարող է լինել նաև հաջողության Ձեր պատմությունը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»