Երբևէ՞ ձեզ մոտ հարց առաջացել է, թե ինչու են աշխարհի ամենահայտնի միլիարդատերերը ձեռք բերում ֆուտբոլային ակումբներ: Ինչու Ռոման Աբրամովիչը ձեռք բերեց «Չելսին», ինչու Աբու Դաբիի թագավորական ընտանիքի անդամ Մանսուր իբն Զայդա Ալ-Նախայան ձեռք բերեց «Մանչեսթեր Սիթին», ինչու Կատարի վարչապետ շեյխ Համադ բեն Ջասեմ Ալ-Թանին ձեռք բերեց «Փարիզ Սենթ Ժերմենը» և ինչու է աշխարհի ամենահարուստ մարդը` մեքսիկացի Կառլոս Սլիմը, որոշ խոսակցությունների համաձայն պատրաստվում ձեռք բերել «Մադրիդի Ատլետիկոն»: Արդյո՞ք այս մարդիկ ֆուտբոլի վրա նույնպես գումար են աշխատում, թե օգտագործում են ակումբներն ուրիշ նպատակներով:
Այն, որ ֆուտբոլը վաղուց միայն սպորտաձև չէ, արդեն հայտնի է: Բիզնեսն ամենուր է, որտեղ կա մարդկանց ուշադրությունը: Իսկ եթե խոսքը միլիարդավոր մարդկանց ուշադրության մասին է, ապա դա չի կարող շրջանցվել: Նախ, եկեք հասկանանք, թե ինչպես են գումար աշխատում ֆուտբոլային ակումբները:
Ֆուտբոլային ակումբների եկամտի հիմնական աղբյուրներն են` տոմսերի և ֆուտբոլային պարագաների վաճառքը, խաղերի հեռարձակման վաճառքը, գովազդը: Ֆուտբոլային պարագաների մեջ մտնում են ֆուտբոլային մարզաշապիկները, թևնոցները, գնդակները և այլն: Օրինակ, ֆուտբոլային գնդակը, որով խաղացել էին Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականները 2006թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչում, վաճառվել է աճուրդում 2,4 միլիոն դոլարով: Գնդակը, որը ստորագրված էր հաղթող թիմի` Իտալիայի հավաքականի խաղացողների կողմից, ձեռք էր բերվել Կատարի էմիրներից մեկի կողմից:
Ֆուտբոլային ակումբների խաղացողների մարզաշապիկների վրա գովազդը եկամտի այլ աղբյուր է: Օրինակ, ամերիկյան ապահովագրական AIG ընկերությունը 2006թ-ին 4 տարվա պայմանագիր կնքեց «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի հետ, ըստ որի պետք է վճարեր տարեկան 14,1 միլիոն ֆունտ ստեռլինգ, որպեսզի իր ապրանքանիշը հայտնվի խաղացողների մարզաշապիկների վրա:
Այսինքն, տարեկան հարյուր միլիոնավոր դոլարներ ֆուտբոլային գերակումբներն աշխատում են: Օրինակ, իսպանական «Ռեալ Մադրիդը» 2010/2011 խաղաշրջանի ընթացքում վաստակել է 479,5 միլիոն եվրո` դառնալով աշխարհի ամենաեկամտաբեր ֆուտբոլային ակումբը: Առաջին հնգյակի մեջ մտնում են նաև «Բարսելոնան» (€ 450,7), «Մանչեսթեր Յունայթեդը» (€ 367), «Բավարիան» (€ 321,4) և «Արսենալը» (€ 251,1): Այլ հարց է, թե որքան շահույթ է մնում ակումբներին, քանի որ չնայած մեծ եկամուտներին` գերակշռում են ծախսերը և նշված ֆուտբոլային ակումբներից շատերն ունեն մեծ պարտքեր: Օրինակ, իսպանական ֆուտբոլային ակումբների ընդհանուր պարտքը գերազանցում է 3,5 միլիարդ եվրոն, իսկ նույն «Ռեալի» և «Բարսելոնայի» պարտքը գերազանցում է յուրաքանչյուրինը 600 միլիոն եվրոն:
Ծախսերի հիմնական մասը կազմում են խաղացողների բարձր աշխատավարձերը և նոր խաղացողներ ձեռք բերելու համար վճարված հսկայական գումարները: ՈՒԵՖԱ-ի տվյալներով` Անգլիայի Պրեմիեր Լիգայի կազմում գտնվող ակումբները 2010թ-ին մոտ 10,9 միլիարդ դոլար են ծախսել, որի մեծ մասը բաժին է ընկել ֆուտբոլիստների տրանսֆերներին: Ակումբները «առատաձեռն են» նաև վարձատրության հարցում: Օրինակ, «Մադրիդի Ռեալում» և «Բարսելոնայում» խաղացողների միջին աշխատավարձը կազմում է տարեկան 7,8 միլիոն դոլար: Իմիջիայլոց, իսպանական ակումբներում ֆուտբոլիստների վարձատրությանը բաժին է ընկնում եկամտի 85%-ը: Նույն վիճակն է նաև Անգլիայի Պրեմիեր Լիգայում: Այն գործում է ընդամենը 2 տասնամյակ, բայց դրանում գտնվող ակումբների մոտ կեսն արդեն հայտարարել են իրենց անվճարունակության մասին: Այդ 20 տարիների ընթացքում անգլիական ակումբների խաղացողների վարձատրությունն աճել է 1500%-ով` կազմելով ընդհանուր 2,6 միլիարդ դոլար:
Այսինքն, բիզնեսի տեսանկյունից ֆուտբոլային ակումբներ ձեռք բերելն այդքան էլ արդարացված չէ, քանի որ հիմնականում ակումբները կրում են կորուստներ և միլիարդատերերը փոխհատուցում են այդ կորուստներն իրենց գրպանից: Սակայն հայտնի ֆուտբոլային ակումբ ունենալն այլ առավելություններ ունի: Դա ուշադրություն գրավելու և PR-ի լավ միջոց է: Իսկ գերհարուստ մարդկանց համար այդ ուշադրությունն աննպատակ չէ: Օրինակ, ասում են, որ արաբական շեյխերը ձեռք են բերում ֆուտբոլային ակումբներ, ներդրումներ են կատարում, զարգացնում են դրանք, որպեսզի իրենց պետություններն «ավելի լավ երևան» քարտեզի վրա: Այսինքն, մեծանա երկրի հանդեպ ուշադրությունը և որոշ դեպքերում` թափ տրվի զբոսաշրջությանը: Չգիտեմ այդպես է դա, թե ոչ, համենայն դեպս` փորձեցի ներկայացնել ընդհանուր պատկերը:
Արաբները հայտնի ակումբներ չեն գնում: Իրանք առնում են թույլ թիմեր ու դրանց վրա փող դնում: Իրականում էս ամեն ինչը փչացնում ա ֆուտբոլը:
Վահէ ջան համաձայն եմ, այդ մասը ճիշտ շարադրված չէր, արդեն փոխեցինք, մերսի: