Անդրեյ Ռոմանենկոն ծնվել է 1979թ-ին: Բիզնեսով սկսել է զբաղվել երիտասարդ տարիքից: Սկզբում նա վաճառում էր վճարային քարտեր, որոնցով կարելի է վճարումներ կատարել տարբեր ծառայությունների դիմաց: Իսկ արդեն 24 տարեկան հասակում նա հիմնադրում է իր ընկերությունը, որն այսօր հայտնի է Qiwi ակնթարթային վճարումների իր բրենդով: Qiwi-ն իրենից ներկայացնում է վճարային տերմինալներ, որոնք տասնյակ հազարներով տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում: Դրանք կան նաև Վրաստանում, Աֆրիկայում, Չինաստանում, իսկ, օրինակ, Ղազախստանում Qiwi-ն զբաղեցնում է շուկայի 60%-ից ավելին: Անդրեյ Ռոմանենկոյի ղեկավարած ընկերությունն ավելի շատ կենտրոնանում է զարգացող երկրների վրա, այլ ոչ թե, օրինակ, Եվրոպայի կամ ԱՄՆ-ի:
Qiwi-ի բիզնես մոդելը հետևյալն է. նրանք իրենք չեն տեղադրում իրենց տերմինալները և զբաղվում դրանց ղեկավարմամբ: Qiwi-ն վաճառում է իր տերմինալները երրորդ կազմակերպություններին և զբաղվում է միայն դրանց սպասարկմամբ (ստանալով միջնորդավճարներ): Qiwi-ի նման մեկ տերմինալը հնարավոր է ձեռք բերել 70-90 հազար ռուբլիով: Մարդաշատ հատվածներում տեղադրված Qiwi-ի տերմինալները սկսում են շահույթ բերել մոտ 1 տարվա ընթացքում:
Երբ 2004թ-ին Ռոմանենկոն նոր էր սկսում վաճառել իր տերմինալները, վախ կար, որ դրանք չեն վաճառվի, քանի որ շատերն իրենց վճարումները նախընտրում էին կատարել վճարային քարտերով: Սակայն սպասվածը տեղի չունեցավ: Մեկ տարվա ընթացքում վաճառվեցին մոտ 1000 տերմինալներ և ընկերությունը սկսեց շատ արագ աճել՝ դառնալով միջազգային վճարային համակարգ և առաջ անցնելով բոլոր մրցակիցներից: Qiwi-ն փորձում է իր վճարումները դարձնել նաև սոցիալական: Qiwi-ն ունի ծրագիր iPhone-ի և այլ սմարթֆոնների համար, այն կապված է Skype-ի, տարբեր սոցիալական ցանցերի հետ, Qiwi հաշիվը հնարավոր է լիցքավորել ինտերնետով, բջջային հեռախոսով և այլն: Qiwi-ն աշխատում է նաև տերմինալների վրա գովազդից, որը բերում է ընկերության եկամուտի մոտ 10%-ը: Նա փորձում է նաև աշխատել իր պորտալից, որտեղ իրենց հաշիվները լիցքավորելու կամ այլ գործարքներ կատարելու համար օրեկան մոտ 1,5 միլիոն մարդ է այցելում:
Այսքանն ընդհանուր Անդրեյ Ռոմանենկոյի և Qiwi-ի մասին: Ավելի մանրամասն ինֆորմացիա երիտասարդ գործարարի մասին կարող եք ստանալ այստեղ: Իսկ վերջում հիշեցնեմ կրկին, որ ընդամենը մի քանի օր առաջ Qiwi-ն դուրս եկավ IPO-ի ամերիկյան Nasdaq ֆոնդային բորսայում: Այդ կապակցությամբ իր ֆեյսբուքյան էջում Անդրեյ Ռոմանենկոն գրեց. «Каждой команде желаю пережить такой день! Все возможно, главное работать и верить!»: