Հաջողակ մարդիկ

Ֆինանսիստ, միլիարդատեր և ճանապարհորդ. Ջիմ Ռոջերս

Ջիմ Ռոջերսը ունիկալ անձնավորություն է: Բացի այն, որ նա հայտնի ֆինանսիստ է, աշխարհի ամենահայտնի ներդրողներից մեկը և վերջապես՝ միլիարդատեր, նա նաև արկածախնդիր ճանապարհորդ է, ով 2 անգամ հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում. 1-ին անգամ կատարելով շուրջերկրյա ճանապարհորդություն իր մոտոցիկլով 1990թ-ին՝ անցնելով շուրջ 160 հազար կիլոմետր, և 2-րդ անգամ՝ 1999թ-ից-2002-ը՝ կատարելով ևս մեկ շուրջերկրյա ճանապարհորդություն՝ այս անգամ կնոջ հետ անցնելով 116 երկրներով մեքենայով (մոտ 245 հազար կիլոմետր): Եվ սա մի մարդ է, ով ունի սեփական միջազգային ապրանքահումքային բորսայի ինդեքսը՝ RICI-ն: Նա նաև մի քանի գրքերի հեղինակ է, որոնք նվիրված են նրա ճանապարհորդություններին և ներդրումներին: Նրա վերջին գրքերից մեկը՝ «Նվեր իմ երեխաներին: Հոր խորհուրդները կյանքի և ներդրումների մասին» (A Gift to My Children: A Father’s Lessons For Life And Investing), նա գրել է 1999թ-ին, որն իրենից ներկայացնում է խորհուրդներ իր երկու աղջիկներին, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր երեխաներին: Այս գրքից որոշ մեջբերումներ կանենք հոդվածի վերջում:

Ջիմ Ռոջերսը ծնվել է 1942թ-ին ԱՄՆ-ում: Ավարտել է Յալի համալսարանը (Yale University), ապա՝ Օքսֆորդը: Աշխատել է ֆինանսական ընկերություններում, ապա 70-ականների սկզբներին Ջորջ Սորոսի հետ միասին հիմնադրել է Quantum Fund-ը, որի գինն առաջին 10 տարիների ընթացքում աճել է 4200%-ով (S&P ինդեքսն այդ ընթացքում աճել է ընդամենը 50%-ով): 37 տարեկան հասակում Ջիմը որոշում է հանգստի անցնել և ճանապարհորդել: 2007թ-ից բնակվում է Սինգապուրում, կատարում է ներդրումներ ապրանքահումքային շուկաներում, ոսկում և որոշ չափով՝ արժեթղթերում:

Իր գրքերից մեկում Ռոջերսը գրում է.

«Ինչի՞ց սկսել մարդուն, ով երազում է հաջողության հասնել: Պատասխանը պարզ է. որքան հնարավոր է շատ տարբեր զբաղմունքներ փորձեք, ապա նվիրվեք նրան, որը ձեզ հոգեհարազատ է: Եթե դուք սիրում եք պատրաստել, ռեստորան բացեք: Սկսեք պարել, եթե դա ձեզ մոտ լավ է ստացվում: Այգի տնկեք, եթե ձեր հոգին դա է ուզում: Միգուցե մի օր դուք որոշեք ծաղկի խանութների ցանց բացել: Հաջողության հասնելու ամենաարագ ճանապարհն է. գտնել այն, ինչն ամենից շատն է ձեզ դուր գալիս և ամբողջությամբ նվիրվել դրան:»

«Նայեք դեպի ապագան: Մի կառչեք նրանից, ինչն արդեն անցյալում է: Կարևոր չէ, թե որքան ժամանակ, ջանք կամ գումար եք դուք ծախսել: Եթե ինչ-որ բան անցյալում է, դա արդեն անցյալում է ընդմիշտ: Եթե դուք ուզում եք հաջողության հասնել այս կյանքում, շեշտը դրեք նրա վրա, ինչի կենսունակության մեջ դուք համոզված եք»:

«Դուք կհանդիպեք մարդկանց, ովքեր ամեն կերպ կփորձեն հրահրել ձեզ առանց մտածելու ծախսել ձեր փողերը՝ բերելով նման փաստարկներ. «Միևնույնն է՝ մյուս կյանք հետդ չե՛ս տանի»: Երբ դուք ավելի հասուն դառնաք, հավանաբար կունենաք ընկերներ, ովքեր ամեն օր ճաշում են թանկ ռեստորաններում, գնում են տեխնիկայի վերջին նորույթները, անընդհատ թարմացնում են իրենց զգեստապահարանը՝ նորաձևության վերջին ճիչերով, և հանգստանում են շքեղ հանգստավայրերում: Շատ կարևոր է խուսափել գումարը վատնելու գայթակղությունից միայն նրա համար, որ դուք պարզապես այն ունեք: Անտեղի վատնումը ոչ միայն ֆինանսական աղետի սկիզբ է, այլ նաև վտանգ՝ մոռանալու այն մասին, թե ինչն է իրոք կարևոր կյանքում »:

Այսքանը Ջիմ Ռոջերսի մասին: Նրա ճանապարհորդությունների մասին (օրինակ՝ ուղին) և այլ ինֆորմացիա կարող եք գտնել նրա անձնական կայքում՝ jimrogers.com: Նրա՝ «Նվեր իմ երեխաներին: Հոր խորհուրդները կյանքի և ներդրումների մասին» գրքին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»