Երեկ վերջացրեցի Էրիկ Ռիսի «Բիզնես զրոյից. Lean Startup-ի մեթոդը» գիրքը: Հիանալի գիրք էր, որից մեջբերումներ հոդվածների տեսքով անպայման կանեմ: Գիրքը նվիրված է բիզնես սկսելու մի մեթոդի, որը կոչվում է Lean Startup: Սա բավական արագ տարածվող մոտեցում է հատկապես տեխնոլոգիական և ինտերնետ ոլորտի մարդկանց շրջանակում, ովքեր ուզում են իրենց ստարտափը սկսել: Գրքում Էրիկը պատմում է այն մասին, թե ինչպես նա կարողացավ ստեղծել 3D ավատարներով շփման իր սոցիալական համայնքը, որում արդեն գրանցված է մոտ 100 միլիոն մարդ և որի եկամուտն անցնում է ամսեկան տասնյակ միլիոն դոլարները: Նա օրինակներ է բերում բազմաթիվ այլ ստարտափներից, խոսում այն ուղղության մասին, որով պետք է սկսի իր ճանապարհը ցանկացած ստարտափ և որը տարբերվում է բիզնես սկսելու ավանդական մեթոդներից: Այժմ կանեմ մի մեջբերում գրքից, իսկ հաջորդիվ հոդվածների միջոցով կհասկանաք, թե ընդհանուր ինչի մասին է խոսքը:
5 «ինչու»-ների կանոնը
Այս մեթոդը մշակել է հանճարեղ ճապոնացի գործարար Տայիտի Օնոն՝ «Տոյոտա» ընկերության արտադրական համակարգի ստեղծողը: Ըստ նրա՝ առաջին հայացքից տեխնիկական թվացող ցանկացած խնդրի հիմքում ընկած է մարդկային գործոնը: 5 «ինչու»-ների կանոնը թույլ է տալիս հասկանալ, թե ինչումն է այն կայանում: Տայիտի Օնոն ասում է, որ հանդիպելով այս կամ այն խնդրին՝ կարելի է կանգ առնել և 5 անգամ տալ հետևյալ հարցը՝ «ինչո՞ւ»: Դա այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է: Եվ նա բերում է հետևյալ օրինակը:
Ենթադրենք, հաստոցը դադարում է աշխատել: Պետք է տալ հետևյալ հարցերը.
- Ինչո՞ւ հաստոցը դադարեց աշխատել (այն գերծանրաբեռնվել է և ապահովիչը դուրս է եկել շարքից)
- Ինչո՞ւ է հաստոցը գերծանրաբեռնվել (պաշտպանիչ թաղանթը ամրացնող քսուկը վատ է քսված եղել)
- Ինչո՞ւ է այն վատ քսված եղել (քսուկային պոմպում համապատասխան ճնշում չի եղել)
- Ինչո՞ւ պոմպում համապատասխան ճնշում չի եղել (պոմպի պատերը մաշված են)
- Ինչո՞ւ են պոմպի պատերը մաշված (դրանում մետաղական աղբը դուրս գալու տեղ չունի)
Հինգ տարբեր «ինչու»-ների միջոցով կարելի է հասկանալ խնդրի իրական բնույթը և լուծել այն: Եթե մենք չանենք դա, ապա կսահմանափակվենք միայն պաշտպանիչ թաղանթը կամ պոմպը փոխելով: Բայց այդպես, խնդիրը մի քանի ամիս անց կկրկնվի: «Տոյոտա» ընկերության արտադրական ողջ համակարգը հիմնված է հենց այս մոտեցման վրա: 5 անգամ հարցնելով «ինչո՞ւ» և պատասխանելով այդ «ինչու»-ներին՝ կարելի է գտնել խնդրի իրական պատճառը, որը հաճախ թաքնված է լինում ավելի երևացող «ախտանիշների» ետևում:
P.S.
Մի խոսքով, իրոք հիանալի գիրք է 🙂 Այն կարող եք ներբեռնել մեր կայքի Գրքեր բաժնում:
Լսել էի այս գրքի մասին, հենց ժամանակ գտնեմ կկարդամ անպայման․․․ Կարոտել էի իմ Հաջողության Բլոգին
🙂