Վաղուց չեմ գրել: Վերջին հոդվածիցս մոտ մեկ տարի է անցել: Ուզում եմ կիսվել Ձեզ հետ այս մեկ տարվա ընթացքում իմ ձեռնարկատիրական գործունեության հետ կապված տպավորություններով:
Տարին ընդհանուր առմամբ վատը չէր: Մեր ընկերությունը շարունակում է աճել: Իհարկե, ինչ-որ անհավատալի, ամպագոռգոռ հաջողություններ դեռ չկան, բայց հաջողությունը, ինչպես և ցանկացած այլ վերացական երևույթ, շատ հարաբերական է: Մեր կողմից հիմնադրված ընկերությունն արդեն մոտ 2,5 տարեկան է: Դա արդեն բավական երկար ժամանակահատված է, այդուհանդերձ՝ մենք դեռ գտնվում ենք ձևավորման փուլում:
Այո, մենք ունենք նոր հաճախորդներ և նոր գործընկերներ, չենք կորցրել նաև հներին, բայց նրանց ընդհանուր քանակը չի անցնում 10-ից: Իրականում, շատ գոհ և երջանիկ հաճախորդներ ունենալու համար հարկավոր է ստեղծել հաճախորդների սպասարկման, ինչպես նաև ծառայության կամ ապրանքի անխափան մատակարարման համակարգ: Նույնիսկ շատ հանրահայտ ընկերություններ ունեն նման խնդիրներ: Հենց նման համակարգի ստեղծումն ինձ դեռ չի հաջողվել, որի պատճառով էլ հաճախորդների քանակն այս պահին հարյուրներով կամ հազարներով չէ:
Օրինակ, Տեսլա ընկերությունը, որի մասին ես կպատմեմ իմ հաջորդ հոդվածներից մեկում, չունի հաճախորդների պակաս, սակայն ունի նրանց պատվերները ժամանակին կատարելու խնդիր: Apple-ի մոտ էլ միշտ խնդիրներ են լինում նոր արտադրանքը թողարկելու ժամանակ: Թեև շատ անգամ Apple-ն ինքն է արհեստականորեն դժվարեցնում հեռախոսների ձեռք բերումը՝ մթնոլորտն ավելի թեժացնելու համար: Նման օրինակները բազմաթիվ են:
Հաճախորդների սպասարկման բարձր որակն ապահովելը ընկերության ամենամեծ, ամենադժվար ու աշխատատար գերխնդիրներից է: Երևի հաճախ նկատած կլինեք, թե ինչպես են մարդիկ գանգատվում սպասարկման որակից, օրինակ խանութներում, տաքսիներում, սննդի ինչ-որ կետերում կամ ռեստորաններում: Իսկ երբևե մտածե՞լ եք, թե որքանով է հեշտ սպասարկման այդ բարձր որակն ապահովելը: Համոզված եմ, որ եթե այս հարցի շուրջ ավելի խորը մտածեք, ինքներդ կհամոզվեք, որ դա շատ դժվար է: Այս թեմային ես դեռ կվերադառնամ:
Շատերը կարծում են, որ երկրի «գլխավոր հերոսները» քաղաքական գործիչներն են, մարզիկները կամ արվեստագետները: Իհարկե, այս մարդկանց դերն երկրի կյանքում շատ մեծ է, բայց երկրի իրական՝ նյութական և միջավայրային փոփոխությունները տեղի են ունենում ձեռնարկատերերի գործունեության արդյունքում: Պետք է փորձենք ավելի գնահատել անհատների այս տիպը և փորձենք մեր ուղեղից հանել այն պատկերացումը, որ գործարար և գող-ավազակ-կաշառակեր բառերը հոմանիշներ են, հատկապես այսօր, երբ մեծանում է երիտասարդ գործարարների մի նոր սերունդ, որոնք մեր ապագան են:
Ես հավատում եմ, որ լավ կլինի
Նունե ջան, հարգելով Ձեր տեսակետը, պետք է ուրախությամբ նշեմ, որ մեր երկրում կա լավատեսների մի զգալի բանակ, որոնք վճռել են իրենց հարցերն ու խնդիրները լուծել ոչ թե «ծանոթ-բարեկամ»-ի այլ` սեփական անձի միջոցով, քանի որ ունեն վճռականություն և հավատ, հակված են առաջ շարժվելու «անհնարին ոչինչ չի լինում» գաղապարախոսությամբ: Այդ ժամանակ հայտնվում են և ծանոթներ և ընկերներ և նոր կապեր են ստեղծվում ու գործերը առաջ են ընթանում: Իհարկե` օրենքի սահմաններում :))):
Նույն բանն էի ուզում գրել, մտքերս էի դասավորում, բայց չհասցրեցի.. ավելի լավ չէի էլ կարող գրել 🙂
Շնորհակալ եմ Հրաչ ջան: Շատ եմ սիրում այս կայքը և մշտական այցելուներից եմ: Այն ինձ շատ է օգնում կյանքի բազմաթիվ բարդ իրավիճակներից հաղթող և պատվով դուրս գալուն:Հուշում է նաև առողջ մտածելակերպի և վարքագծի կանոնները: Ձեզ հաջողություններ եմ մաղթում բոլոր ձեռնարկումներում և ծրագրերում:
Ուրախ եմ Արթուր ջան, ես էլ եմ շնորհակալ: