Ստարտափ

Ներդրո՞ւմ է անհրաժեշտ. իսկ ինչո՞ւ վարկ չեք վերցնում

Ռուսական «Успех ТВ» հեռուստաալիքով մի հաղորդում կա. կոչվում է «Стартап-шоу Премьера»: Հաղորդման ընթացքում տարբեր թիմեր ներկայացնում են իրենց նախագծերը, իսկ ժյուրին, որը կազմված է ներդրումային ֆոնդերի ներկայացուցիչներից և հաջողակ գործարարներից, պետք է որոշում կայացնի, թե որ թիմերն են անցնում հաջորդ փուլ և որոնցում են իրենք պատրաստ ներդրում անել: Բայց այս հոդվածը ոչ թե այդ հաղորդման մասին է, այլ դրա ընթացքում տրվող մի հարցի, որի վրա ուշադրություն դարձրեցի:

Տեսնո՞ւմ եք նկարում պատկերված դեմքերը: Դրանք ներդրողների «ինֆորմացիան արագ վերլուծող» դեմքերն են, որոնց առջև ինչ-որ բան են ներկայացնում և նրանք պետք է փորձեն արագ կողմնորոշվել և հասկանալ՝ արդյո՞ք դա բիզնեսի տեսանկյունից հետաքրքիր առաջարկ է, թե հերթական երազողը երազանքների գիրկն է ընկել: Եվ երբ մասնակիցները վերջացնում են իրենց ելույթները, ներդրողները տալիս են հարցեր: Դրանք այն հարցերն են, որոնք միգուցե մի օր ձեզ տան ձեր ներդրողները, երբ դուք նրանց առջև կանգնած լինեք: Եվ այդ հարցերից մեկը հետևյալն է. «Ինչո՞ւ դուք բանկից վարկ չեք վերցնում»:

Իրականում սա շատ խելացի հարց է: Մինչև այն վերլուծելն ասեմ, որ հաղորդման ընթացքում հանդես են գալիս 2 տեսակի թիմեր. նրանք, որոնք արդեն ունեն գործող բիզնես, ունեն շրջանառություն և նրանց ներդրում է անհրաժեշտ բիզնեսը զարգացնելու համար (կամ այն չկորցնելու, քանի որ կարող ես ունենալ շրջանառություն, բայց ծախսերը գերազանցեն եկամուտը և ինչ-որ պահի գումարները վերջանան) և նրանք, որոնց մոտ ամեն ինչ գաղափարի մակարդակում է կամ իրականացման սկսնակ փուլում և չկա եկամուտ: Երկու դեպքում էլ թիմերը ներդրողներին ներկայացնում են «հստակ» կանխատեսումներ, թե որքան եկամուտ իրենք կարող են ունենալ 2 կամ 5 տարի անց: Եվ ներդրողների բնական արձագանքը լինում է հետևյալը. «Այո, ամեն ինչ շատ լավ է, դուք ունեք հստակ պլան, գիտեք, թե երբ և որքան գումար եք աշխատելու, այդ դեպքում ինչո՞ւ դուք չեք կազմում բիզնես պլան և ինչո՞ւ չեք ներկայացնում այդ պլանը բանկ՝ վարկ ստանալու նպատակով: Չէ՞ որ ներդրողների ներդրած գումարները համարվում են «ամենաթանկ» գումարները : Ինչո՞ւ ենք մենք ձեզ պետք»:

Շատերն այս հարցից հետո լռում են: Պատճառն այն է, որ հարցի մեջ կա հստակ տրամաբանություն: Ներդրողների ներդրած գումարները իրոք համարվում են «ամենաթանկ» գումարները, քանի որ դրանց դիմաց ներդրողն ուզում է ձեր ընկերության մի մասը: Իսկ դա նշանակում է՝ քանի դեռ ձեր ընկերությունը կա, դուք վճարելու եք ձեր ներդրողին ձեր շահույթի մի մասը, և այդ տոկոսը բավական մեծ է լինելու: Իսկ բանկից վարկ վերցնելու դեպքում դուք գումարը կներդնեք ձեր գործի մեջ, կստանաք ձեր կանխատեսած եկամուտները, մի քանի տարվա ընթացքում կփակեք վարկը և դուք ազատ մարդ եք: Ավելի լավ տարբերակ չէ՞: Իսկ եթե ձեր կանխատեսումները անհիմն են և դուք չեք կարող փակել վարկը, այդ դեպքում ինչո՞ւ ներդրողները պետք է գումար ներդնեն ձեր նախագծի մեջ և կորցնեն այն:

Այս հարցին յուրաքանչյուրս պետք է պատասխանի իր համար: Օրինակ, կա այսպես կոչված «խելացի փողեր» հասկացությունը, երբ խոսքը գնում է ոչ միայն զուտ փողը ստանալու մասին, այլ նաև խորհուրդների, աջակցության, կապեր ստեղծելու և այլն: Բայց դրա մասին առանձին: Իսկ ընդհանուր, վերլուծելով հոդվածը, ավարտեմ միտքս հետևյալով. բոլոր նորաստեղծ ստարտափները միանգամից «երազում են» ներդրման մասին: Սակայն դա մի բան չէ, որի մասին պետք է երազել: Դրա անհրաժեշտությունն իրոք պետք է զգալ և պետք է կարողանալ հիմնավորել դա: Ներդրողներին հնարավոր չէ «պտտեցնել» 🙂 Դա այդ մարդկանց պրոֆեսիոնալ զբաղմունքն է և նրանք բազմաթիվ թիմեր են տեսել: Այնպես որ, մինչև փորձելը ներդրողներից գումար ներգրավել, տվեք ձեզ այդ հարցը: Փորձեք վերլուծել, հասկանալ, քանի որ ինչ-որ պահի նույն բանը հարցնելու է ձեզ ձեր ներդրողը:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Էհ էս ինչ լավ թեմա էր))) Մի գիրք էի կարդացել մանագիտական այնտեղ խորհուդ չէին տալիս գործը սկել վարկով կամ ինչ որ մեկի վերցված գումարով,թեկուզ ներդրողներից ստացված:Միշտ աում էի լավ բայց ինչու՞:Հիմա շաաատ լավ եմ հասկանում:Նոր սկսվող բիզնեսում ինչքան էլ հստակ հաշվարկներ անես միևնույն է ինչ որ պահին ինչ որ բան այն չի ընդհանա ու ոչ ներդրողին կհետքարքրի ,ոչ էլ բանկին :Իրենք ակնկալում են իրենց ներդրման արդյունքը:Ցանկացածը կարող է իր գործը սկսել զրոյից առանց մի կոպեկի ,ճիշտ է դանդաղ բայց շատ հտակ քայլերով առաջ գնալ:Ես 100%-ով համոզվել եմ դրանում:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»