Հաջողակ մարդիկ

Մուհամեդ Յունուս. մարդ, ով փոխեց բանկային վարկի մասին պատկերացումները

Հիմնականում, Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանում են քաղաքական և հասարակական գործիչները, ովքեր մեծ ներդրում ունեն աշխարհում խաղաղության հաստատման գործում: Տարբեր տարիներին այդ մրցանակը շնորհվել է Թեոդոր Ռուզվելտին, Ֆրիտյոֆ Նանսենին, Բարակ Օբամային, Մայր Թերեզային, Մարտին Լյութեր Քինգին, Նելսոն Մանդելային և միջազգային խոշոր ներդրում ունեցող տասնյակ այլ անձանց: Սակայն 2006թ-ին այդ մրցանակին արժանացավ բանկիր: Եվ ոչ թե ԱՄՆ-ից կամ եվրոպական որևէ զարգացած երկրից, այլ աշխարհի ամենաաղքատ երկրներից մեկից՝ Բանգլադեշից, որը միայն 1971թ-ին առանձնացավ Պակիստանից և հռչակվեց որպես անկախ պետություն:

Իրականում, Մուհամեդ Յունուսին բանկիր անվանելով կարելի է նրա մասին ոչինչ չասել: Նա մի մարդ է, ով հայտնի է աշխարհում աղքատության դեմ մղած իր պայքարով: Նա տնտեսագիտության պրոֆեսոր է, դասավանդել է ԱՄՆ մի քանի համալսարաններում, հանդիսանում է Բանգլադեշի կառավարության տնտեսագիտության գծով խորհրդականը: Իսկ ամեն ինչ սկսվեց 70-ականների սկզբներին, երբ Բանգլադեշի անկախացումից անմիջապես հետո Մուհամեդ Յունուսը ԱՄՆ-ից վերադարձավ հայրենիք (նա ծնվել է 1940թ-ին, իսկ ԱՄՆ մեկնել էր կրթությունը շարունակելու համար): Այդ տարիներին երկրի բնակչության մեծ մասն ապրում էր աղքատության մեջ, իսկ եկամուտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն էր: Սակայն միլիոնավոր գյուղացիներ գումար չունեին հումք ձեռք բերելու, արտադրանք ստեղծելու և վաճառելու, մի խոսքով՝ ինչ-որ կերպ ապրելու համար: Իսկ որտեղի՞ց նրանց գումար վերցնել. չէ որ նույնիսկ այդ ժամանակ բանկերը վարկ էին տալիս միայն այն մարդկանց, ովքեր ունեին եկամուտի որոշ չափով կայուն աղբյուր և հիմնականում՝ գրավի դիմաց: Իսկ ո՞վ վարկ կտար աղքատ գյուղացուն, ով ոչինչ չուներ:

Մի օր, գյուղերից մեկում, Յունուսը նկատում է մի կնոջ, ով իր խարխլված խրճիթի դիմաց բամբուկից աթոռներ էր պատրաստում և վաճառում: Նա հետաքրքրվում է կնոջից, թե որտեղից է նա վերցնում հումքը և ինչպես է վաճառքն ընթանում: Պարզվում է, որ կինը գումար է վերցնում տեղի վաշխառուներից՝ մեծ տոկոսներով, և որպեսզի կարողանա փակել պարտքերը, հենց նույն վաշխառուներին էլ չնչին գնով վաճառում է իր աթոռները՝ արդյունքում չկարողանալով դուրս գալ այդ փակ օղակից: Նույն գյուղում Յունուսը գտնում է ևս 41 կանանց, ովքեր գտնվում էին գրեթե նույն կարգավիճակում և նրանց բոլորի պարտքերը փակելու համար անհրաժեշտ էր ընդամենը 27$: Նա տալիս է կանանց այդ 27$-ը՝ հնարավորություն տալով նրանց ազատվել պարտքերից և փորձել եկամուտ ստանալ: Ապա անցնում է հաջորդ գյուղեր… Դրանցում նույնպես նա նկատում է, որ կան շատ մարդիկ, որոնց պետք չեն մեծ գումարներ ոտքի կանգնելու համար, այլ անհրաժեշտ է նախնական փոքր գումար՝ էժան հումք կամ պարզագույն սարքավորումներ (օրինակ կարի մեքենա, հեծանիվ, և այլն) ձեռք բերելու համար: Եվ 1976թ-ին նրա մոտ ծագում է միկրովարկավորման գաղափարը:

Նա սկսում է վարկեր վերցնել կառավարությունից և մյուս բանկերից և միկրովարկեր տրամադրել աղքատ բնակչությանը: Նախագիծը, որը սկզբում հետազոտական բնույթ էր կրում, հաջողություն է ունենում և 1983թ-ին վերածվում է լիարժեք բանկի՝ ստանալով Grameen Bank («Գյուղացիական Բանկ») անվանումը: Յունուսը ղեկավարում է այն մինչև 2011թ-ը: 2011թ-ի հոկտեմբերի տվյալներով Grameen բանկն ուներ մոտ 8,3 միլիոն վարկառուներ, 2 565 մասնաճյուղեր և ծառայություններ էր մատուցում 81 379 գյուղերում: Բանկի կողմից տրամադրված վարկի ընդհանուր գումարն անցնում է մի քանի միլիարդ դոլարը, իսկ հաճախորդների 97%-ը կանայք են, ովքեր համարվում են ավելի վստահելի և պատասխանատու: Սովորաբար մեկ վարկի գումարը չի անցնում 60$-ը և այն տրվում է մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս ժամկետով: Վարկ վերցնելիս գործում է «խմբակային երաշխիքի» սկզբունքը: Վարկ վերցնելու համար հավաքվում է 5 կանանցից կազմված խումբ, որոնցից 2-ին վարկը տրվում է միանգամից: Եթե 6 շաբաթվա ընթացքում նրանք վերադարձնում են վարկը, ապա վարկը տրվում է նաև հաջորդ 2-ին: Եթե ամեն ինչ անցնում է սահուն, ապա 6 շաբաթ հետո վարկ է ստանում նաև 5-րդ մասնակիցը: Սակայն դա տեղի է ունենում առաջին անգամ: Վստահության ձեռք բերման հետ զուգընթաց ժամկետներն ու գումարի չափսը փոխվում է, իսկ եթե վարկառուներից մեկը չի կարողանում վճարել վարկը՝ հաջորդ անգամ նրան պարզապես վարկ չի տրվում: Ողջ խումբը պատասխանատու է մասնակիցներից յուրաքանչյուրի վճարունակության համար:

Վարկավորման հաջողված մեթոդը արագ տարածում է գտնում ողջ աշխարհում: Տասնյակ երկրներում բացվում են հազարավոր կառույցներ, որոնք սկսում են տրամադրել միկրովարկեր: Սակայն դա արդեն այլ պատմություն է: Վերադառնալով Մուհամեդ Յունուսին նշեմ, որ նա կմնա պատմության մեջ որպես միկրովարկավորման գաղափարի նախահայրը. մարդ, ով, ինչպես կլսեք հաջորդիվ տեսանյութում, չի ստեղծում ընկերություններ գումար աշխատելու համար, այլ փորձում է լուծել ինչ-որ խնդիրներ, իսկ հաջողված ընկերությունները՝ դրա արդյունք են:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Imijiayloc ays banky naxatip e, sra verjanakan tesq@ FINCA varkayin kazmakerputyunn e , chisht e varkavorman gorcyntacy poqr inch popoxvats e, bayc gaxapary nuynn e, FINCA-, hayastanum nuynpes aktivpren varkavorum e chgrancvac biznesnerin, SME kazmakerputyunnerin ev gyuxacinerin.

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»