Ստարտափ

Ինչպիսի մարդկանցով համալրել թիմը. Պոլ Ինգլիշ

Պոլ Ինգլիշը Kayak.com ընկերության և BLADE բոսթոնյան ստարտափի հիմնադիրն է: Նա փորձառու գործարար է, ով ձեռնարկատիրություն է դասավանդում Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Իր կայքում Պոլը հրապարակում է «անձնակազմը համալրելու» թեմայով իր դասախոսությունների համառոտագիրը, որից որոշ մեջբերումներ ուզում եմ անել այստեղ:

«Ես հսկայական ժամանակ եմ ծախսում անձնակազմի համալրման վրա: Հարցրեք յուրաքանչյուրին իմ ընկերությունում. «Ի՞նչն է Պոլի համար ամենակարևորը» և նա կպատասխանի. «Սկզբում թիմը, ապա հաճախորդները և հետո միայն ֆինանսական ցուցանիշները»: Ես իրոք ուզում եմ ստեղծել յուրահատուկ, երազանքի թիմ և ամեն օր մտածում եմ դրա մասին: Սիրում եմ հարցնել շրջապատի մարդկանց. «Ո՞վ է ամենախելոք մարդը, ում դուք հանդիպել եք: Ի՞սկ ամենաստեղծագործը»: Եթե ինչ-որ մեկը պատասխանում է. «Տաս տարի առաջ Օհայոյում ես հանդիպել եմ նման մի մարդու, ով հիմա ապրում է արտասահմանում ինչ-որ տեղ», ես փնտրում և գտնում եմ այդ մարդուն և առաջարկում եմ նրան աշխատանք: Մի անգամ ես աշխատանքի վերցրեցի մի տղայի, ով թիավարում մարզաձևում օլիմպիական մեդալ էր նվաճել: Ես մտածեցի, որ այդ տղան երևի ամեն ինչ գիտի նպատակներին հասնելու համառության մասին: Ես ընդհանրապես սիրում եմ բազմազանությունը. ամեն ինչում՝ ոճ, մտածելակերպ, հաջողություն, լեզուներ: Ինձ մոտ աշխատում են մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից՝ Գերմանիա, Հունաստան, Ռուսաստան, Հնդկաստան:

Երբ մեզ մոտ աշխատանքի են դիմում, ես ուզում եմ, որ դիմողը համաձայնվի մեզ մոտ աշխատել մինչև աշխատավարձի չափն ու իր պաշտոնը իմանալը: Ես նրան ասում եմ, որ մեզ մոտ աշխատելն իսկական հաճույք է, բայց փոխարենը երկու բան եմ խնդրում: Առաջինը, մարդը պետք է խոստանա, որ կգործադրի իր բոլոր ջանքերը, և երկրորդը, որ նա կօգնի թիմի մյուս անդամներին և կփոխանցի նրանց իր էներգիան: Շատ ընկերություններում գործում է հետևյալ կանոնը. «No Assholes!»: Այսինքն, եթե նույնիսկ ամենախելացի ծրագրավորողն իրեն հիմարի պես է պահում, նրան հեռացնում են: Ինձ մոտ կա այլ կանոն. «ո՛չ մի միջակություն»: Ես ստուգում եմ դա այսպես. եթե մարդը քայլում է միջանցքով և թիմի մյուս անդամները նրան չեն նկատում կամ նրա վրա ուշադրություն չեն դարձնում, ապա նման մարդու ես աշխատանքի չեմ վերցնի: Ես շատ լուրջ եմ վերաբերվում այն ամենին, ինչը կապված է խելքի հետ: Ես սիրում եմ շրջապատել ինձ մարդկանցով, ովքեր ինձանից խելոք են: Սիրում եմ նպատակասլաց, կրքոտ, սեփական ուժերի վրա վստահ, ազնիվ աշխատակիցներին, ովքեր միշտ կարող են ծիծաղել սեփական սխալների վրա: Չեմ հանդուրժում մարդկանց, ովքեր չեն կարողանում աշխատել թիմում:

Մեզ մոտ աշխատանքի վերցնելու գործընթացը երբեք չի տևում մեկ շաբաթից ավելի: Ենթադրենք, երկուշաբթի մենք ստանում ենք լավ ռեզյումե: Հարցազրույցը նշանակում ենք երեքշաբթի: Լավ արդյունքների դեպքում նշանակում ենք երկրորդ հարցազրույցը հինգշաբթի, իսկ ուրբաթ մարդուն արդեն աշխատանքի ենք վերցնում: Նման կարգապահությունը թույլ է տալիս մեզ բոլորից արագ ձեռք բերել լավագույն աշխատակիցներին, ինչով աչքի չեն ընկնում մեր մրցակիցները: Հարցազրույցի ընթացքում ես ձգտում եմ առանձնապես «ճնշում չգործադրել», որպեսզի մարդն իրեն ազատ զգա: Խնդրում եմ նրան մանրամասն պատմել իր նախորդ նախագծերի մասին, քանի որ պարզապես բառերը ոչինչ չեն ասում: Եթե թեկնածուն ինձ դուր է գալիս, ես ամեն ինչ անում եմ նրան ստանալու համար: Ես ձգտում եմ դուր գալ նրան, բացատրում եմ, թե ինչու է նա թիմի համար այդքան կարևոր: Ես չեմ խուսափում «կաշառքներից»: Օրինակ, կարող եմ ծաղկեփունջ ուղարկել նրա տուն կամ իր ընտանիքի հետ համատեղ ընթրիքի հրավիրել»:

Հ.Գ.
Ահա նման մի կարծիք թիմի ձևավորման մասին: Այն, որ թիմն ամենակարևորն է ցանկացած գործում և բիզնեսում, ես լիովին համաձայն եմ: Սկզբում թիմը, ապա հաճախորդները: Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

2 մեկնաբանություն

  • Հաճախորդի բավարարված — չ`բավարարված լինելը կախված է թիմի աշխատելաոճից: Հետևաբար Թիմն ամենակարեվորն է: !

  • Հետաքրքիր կլիներ նման փորձ կիրառել նաև մեր մոտ ․․․ Շնորհակալություն

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»