Մի օր, բոլորովին վերջերս, ես դադարեցի ձգտել հարմարավետության: Անհարմարավետությունը դարձավ ինձ համար պարարտ հող իմ ստեղծագործականության, ակտիվության, միջանձնային անկաշկանդ հարաբերությունների զարգացման համար: Անհարմարավետ իրավիճակում ես ոչ միայն ձգտում եմ գործել գիտակցորեն, այլև բնազդային և ենթագիտակցական մակարդակով օրգանիզմս հավաքում է իր ողջ ներուժը՝ ճնշող գործոններից ազատվելու համար: Դա մեր գոյատևումը երաշխավորող անխափան մեխանիզմ է:
Թե այս բլոգում, թե ինքնազարգացմանը նվիրված այլ ռեսուրսներում, ինձ համար առաջնային հետաքրքրություն էին ներկայացնում «հարմարավետության գոտու» և դրանից փախուստի հետ կապված բոլոր նյութերը: Բազմիցս կատարել եմ փորձեր հետևելու այդ նյութերի խորհուրդներին, սակայն մոտիվացիաս շուտ էր սպառվում, իսկ արդյունքները հարատև չէին լինում: Փորձեցի հասկանալ, թե ինչու չէր ստացվում հստակ փոփոխություններ կատարել և ինչ կարելի է այդ ուղղությամբ անել: Բայց սկզբում մի փոքր հետազոտեցի վարքս ներսիցս կառավարող անձնային բաղադրիչները:
Իմ ներսի տատիկը
Նա սիրում է հարմարավետություն, գերադասում է երեկոներն անցկացնել բազմոցին՝ թեյի ու լավ ֆիլմի ուղեկցությամբ: Նա չի սիրում երեկույթներ, աղմուկ, զուգվել-զարդարվել: Նա չի սիրում փոփոխություններ իր կյանքում, նրան բավարար է այն, ինչ կա: Նա հանգիստ է և ներդաշնակ: Եվ դա շատ լավ է:
Իմ ներսի մանուկը
Նա սիրում է խաղալ և այս նախադասությամբ կարելի էր ավարտել նրա բնութագիրը, սակայն ընթերցողին պատկերն ավելի տեսանելի դարձնելու համար փոքր ինչ մանրամասնեմ: Նրան հետաքրքիր է ամեն ինչ, ինչ նոր է, նա ցանկանում է զգալ, շոշափել, փորձել ամեն ինչ: Նա ստեղծագործ է, նա հանդուգն է, նրա համար չկան սահմանափակումներ: Նա գրեթե չգիտի, թե ինչ է վտանգը: Նա երկար չի մտածում հետևանքների մասին, նա ապրում է ներկա պահով: Նա զվարթ է և լի էներգիայով: Եվ դա նույնպես շատ լավ է:
Ես՝ որպես մեկ ամբողջություն
Սա մի բանաձև է, որը դարձավ հիմք մի համարձակ, բայց շատ օգտակար մի գաղափարի. ստեղծել մի միջավայր, մի խումբ, որտեղ անհատը կարող է «մարզվել»: Պատկերացրեք մի մարզիկի, ով մարզում է իր մկանները տարբեր վարժություններով և մարզասարքերով, այնուհետև ուսումնական մրցումներ է անցկացնում իր թիմակիցների հետ և այդ ամենը նրան օգնում է պատրաստված հանդես գալ բուն մրցույթում:
Մենք բոլորս կարիք ունենք մարզվելու, այս դեպքում՝ նաև հոգեբանական իմաստով: Մարզման կարիք ունեն մեր վարքային մոդելները, հուզական հակազդումները, այլ անձանց հետ կապը, մեր ստեղծագործական և վերլուծական ընդունակությունները, ինքներս մեզ հետ շփման և ընկալման կարողությունը: Ինքներդ ավելացրեք այն, ինչ պակասում է. հումորի զգացումը, խոսքի արվեստը, մարմնի լեզուն.. Ի՞նչը կօգներ մեզ դառնալ մեր լավագույն տարբերակը, ի՞նչ տաղանդներ են մեր մեջ նիրհում: Իմ նպատակն է ստեղծել այդ մարզումների հարթակը, ապահով և նպաստավոր միջավայր` զարգացնելու մեր ներսում եղածը և բացահայտելու նորը:
Ինչո՞ւ գիշերազգեստ («պիժամա»)
Ինձ համար «պիժաման» խորհրդանշում է առավելագույն հարմարավետություն, հանգստի լավագույն բաղադրիչ, երկրորդ մաշկ: Բայց այդ ամենը, երբ ես մենակ եմ` տանը: Իսկ մի պահ պատկերացրեք նույն գիշերազգեստով ես դուրս եմ գալիս տանից, գնում եմ աշխատանքի կամ ընկերներիս հետ հանդիպման: Ես անհեթեթ տեսք ունեմ և «ոչ հարմարավետ» եմ ինձ զգում, ես ամաչում եմ և տեղս չեմ գտնում: Հնարավո՞ր է համադրել այս երկու զգացողությունները՝ հարմարավետության և անհարմարավետության, մեկ վայրում: Խումբ մուտք գործելու հենց առաջին պահից հատել հարմարավետության սահմանը և լինել ազատ «այլ մարզումների» համար: Միևնույն ժամանակ լինել ապահով միջավայրում, քանի որ մյուս մասնակիցները նույնքան «մերկ» են, որքան դու:
Կարծում եմ` այո:
Շարունակելի..