Այսօր ուզում եմ խոսել սովորությունների մասին, քանի որ մոտակա օրերիս ինտենսիվ աշխատանքը կապված է դրա հետ:
2000-ական թվականներին ավստրալիացի հետազոտողներ Մեգան Օթենը և Քեն Չենգը իրականացրեցին մի շարք գիտափորձեր: Նրանց առաջին գիտափորձի մասնակիցները մարդիկ էին, ովքեր թուլակազմ էին և ֆիզիկական վարժություններով չէին զբաղվում: Գիտափորձի ընթացքում մասնակիցները ստիպված էին շաբաթական 3 անգամ այցելել մարզասրահ` կատարելով ծանրության բարձրացման և աերոբիկ վարժություններ: Արդյունքում՝ 2 ամիս անց, մասնակիցները կարգավորեցին իրենց ֆիզիկական վիճակը՝ ամրացնելով մկանները և սրտանոթային համակարգը: Սակայն ամենահետաքրքիրը ոչ թե դա էր, այլ այն, թե ինչ այլ փոփոխությունների ենթարկվեց նրանց առօրյա վարքը այդ 2 ամսվա ընթացքում:
Մասնակիցների շրջանում անցկացվեց հարցում, որը պետք է պարզեր, թե ինչպես են փոխվել նրանց սովորությունները կյանքի մյուս իրավիճակներում, օրինակ` որքան են նրանք ծխել, որքան ալկոհոլ են օգտագործել, ինչպես են սնվել, ինչ ծախսեր են կատարել, որքան են «ափերից դուրս եկել», որքան ժամանակ են տրամադրել հեռուստացույց դիտելուն` սովորելու փոխարեն, քանի դաս կամ հանդիպում են բաց թողել, և այլն, և այլն:
Հարցումը արձանագրեց «վատ» սովորությունների զգալի անկում՝ ի օգուտ «լավ» սովորությունների: Օրինակ, մարդիկ նվազեցրել էին օրեկան օգտագործվող ծխախոտի միջին քանակը 14-ից մինչև 3, իսկ օրեկան մեկ դաս/հանդիպում բաց թողելը վերածվել էր շաբաթական մեկ բացթողման: Այսինքն, ձևավորված նոր սովորությունը՝ մարզվելը, ստիպել էր մասնակիցներին վերանայել իրենց հին սովորությունները և զգալի դրական փոփոխություններ արձանագրել:
Այդպիսին են սովորությունները, դրանք որոշիչ դեր են խաղում մեր կյանքում: Եկեք ավելի մանրամասն հասկանանք, թե ինչ է սովորությունը:
Սովորությունը դա վարքագիծ է, որը կրկնվում է պարբերաբար և ունի անգիտակցորեն առաջանալու միտում: 1903թ-ի Հոգեբանության Ամերիկյան Ամսագրում (American Journal of Psychology) այն սահմանված է հետևյալ կերպ. «Սովորությունը, հոգեբանության տեսանկյունից, մտածելու, ցանկանալու և զգալու շատ թե քիչ ֆիքսված ձև է` հիմնված մտածողական փորձի նախկին կրկնությունների վրա: Սովորույթային վարքը հաճախ աննկատելի է այն դրսևորող մարդու համար, քանի որ մարդը կարիք չունի ինքնավերլուծության՝ ամենօրյա, սովորական գործողություններ կատարելիս: Սովորությունները հաճախ պարտադրանք են: Այն գործընթացը, որի արդյունքում վարքը դառնում է մեխանիկական` կոչվում է Սովորության ձևավորում: Սովորությունները դժվարությամբ են փոփոխության ենթարկվում, քանի որ մարդու վարքային մոդելները զետեղված են նրա նյարդային կապերի մեջ: Սակայն հնարավոր է ձևավորել նոր սովորություններ՝ կրկնության միջոցով:
Այսօր, որպես հոգեբան, իմ ուշադրության կենտրոնում է սովորությունների նյարդահոգեբանությունը (Neuropsychology Of Habits): Ես ամեն կերպ փորձում եմ օգնել մարդկանց կիրառել այս գիտելիքները իրենց առօրյա կյանքում՝ ձևավորելով նոր սովորություններ, քանի որ հաճախ մենք կուտակում ենք մեծ քանակությամբ անպետք ու խանգարող սովորություններ և բոլորովին ժամանակ չենք ունենում ձեռք բերել օգտակարները և ներդաշնակները: Սակայն ինչպես սկսել. չէ՞ որ դա պահանջում է ժամանակ և մեծ կամքի ուժ: Դա կբացահայտենք միասին խորհրդատվության 4-օրյա մարաթոնի ընթացքում և միասին կկազմենք Ձեր կարիքներին համապատասխան սովորությունների ձևավորման ծրագիր: Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մանրամասների համար մուտքն անհասանելի է։ Ինչպե՞ս տեղեկանալ։
Հարգելի Պավել, ներեցեք, տեխնիկական խնդիր կար, ուղղեցինք, այցելե’ք լինքով:
Շնորհակալություն