Հաջողության գաղտնիքներ

Ես յուրահատուկ եմ

Այսօր ուզում եմ խոսել մի զգացողության մասին, որը, համոզված եմ, շատերդ եք ունեցել: Կոչվում է այն այսպես. «Ե՛ս յուրահատուկ եմ»: 6-7 տարի առաջ հասուն տարիքի մի մարդու հետ էի հանդիպել և խոսելու ժամանակ այնքան անկաշկանդ մթնոլորտ ստեղծվեց, որ նա անկեղծացավ. «Ինձ թվում է՝ ես յուրահատուկ եմ»: Այդ խոսքերը մոտս տպավորվեցին և հիշում եմ այսքան տարիներ անց, քանի որ այդ պահին նման զգացողություն կար նաև ինձ մոտ: Հետո միայն, տարիների ընթացքում, հասկացա, որ նման զգացողություն շատերն են ունենում: Հասկացա նաև, որ մրցակցությունը չափազանց մեծ է «յուրահատուկ» լինելու՝ ավելի քան 7 միլիարդ: Հենց այդ մասին էլ կուզեմ խոսել:

Իրականում յուրահատուկ է յուրաքանչյուր մարդ՝ ըստ իր ֆիզիկական և մտավոր տվյալների, կենսափորձի, ապրելակերպի, և այլն, և այլն: Սակայն երբ մեզ թվում է, որ մենք յուրահատուկ ենք, մենք մտածում ենք ոչ թե տվյալների, այլ արդյունքների մասին: Այսինքն, մեզ թվում է, որ մեզ հետ յուրահատուկ ինչ-որ բան է տեղի ունենալու: Մի ֆիլմ եմ հիշում շատ կարճահասակ մի տղայի մասին, ով տարբեր խնդիրներ էր ունենում իր հասակի հետ կապված, քանի որ նա այնպիսին չէր, ինչպիսին իր մյուս հասակակիցները՝ «սովորական» մարդիկ: Սակայն այդ տղայի մոտ կար զգացողություն, որ նա յուրահատուկ է: Եվ մի անգամ ձմռանը, դպրոցական ավտոբուսը, որի մեջ գտնվում էր նաև նա, շրջվում է լիճը: Ավտոբուսի մեջ գտնվող 6-7 տարեկան երեխաների մոտ խուճապ է սկսվում, ոչ ոք չգիտի ինչ անել և այդ պահին բոլորը սկսում են լսել այդ կարճահասակ տղային, քանի որ նա նման էր իրենց՝ երեխայի: Նա կարողանում է փրկել բոլորի կյանքը՝ վերջինը դուրս գալով ավտոբուսի փոքրիկ պատուհանից, որից չէր կարող դուրս գալ, եթե նման փոքր չափսեր չունենար: Ֆիլմը տխուր ավարտ ունի և ավարտվում է հետևյալ մտքով. «Ես միշտ էլ գիտեի, որ ես յուրահատուկ եմ»:

Երբ մեզ թվում է, որ մենք յուրահատուկ ենք, հաճախ մենք նման ինչ-որ բան ենք պատկերացնում: Մեզ թվում է, որ մենք ինչ-որ բան ենք փոխելու կամ միգուցե դառնալու ենք մեծ մարդ, կամ այլ կերպ ասած՝ ունենալու ենք յուրահատուկ կյանք: Սակայն այն, ինչ ես հասկացա հետո և ինչը կուզեմ փոխանցել նաև ձեզ, հետևյալն է. յուրահատուկ լինելու այդ զգացողությունը, ցավոք, գալիս ու գնում է շատերիս հետ: Եթե ունենալով այդ զգացողությունը, պարզապես սպասենք և անենք այն, ինչ անում ենք սովորաբար և ինչ անում են բոլորը, հրաշքներ տեղի չեն ունենա, քանի որ ինչպես արդեն ասեցի՝ մրցակցությունը շատ մեծ է: Այո, մենք բոլորս ունենք հնարավորություն լինելու յուրահատուկ, սակայն այդ յուրահատկությունը պետք է կերտենք ինքներս: Երբեմն, երբ ինչ-որ մարտաֆիլմ ես դիտում, որտեղ հերոսը հաղթում է բոլոր «վատ» մարդկանց, մտածում ես. «Ես նույնպես կարող էի»: Ոչ, չէիք կարող, եթե ամիսներ շարունակ քրտնաջան չմարզվեիք: Ոչինչ չանել և մտածել, որ դուք նույնպես կհաղթեիք, դա պատրանք է, ինչպես և պատրանք է պարզապես մտածելը «Ե՛ս յուրահատուկ եմ» և սպասել, որ մի օր ինչ-որ բան տեղի կունենա:

Միտքս ուզում եմ ավարտել հետևյալով. եթե ձեզ մոտ կա զգացողություն, որ դուք յուրահատուկ եք, իրոք դարձեք այդ յուրահատուկ մարդը: Դարձեք ձեր ամենօրյա, նպատակաուղղված աշխատանքի, ձեր` ոչ սովորական քայլերի, «մարզվելու», հնարավորության սահմաններից դուրս գալու միջոցով: Արեք դա մեծ ջանքեր ներդնելով, զգացողությունը դարձրե՛ք փաստ:

P.S.
Հոդվածը գրելուց հետո գտա նաև ֆիլմը, որի մասին խոսում էի՝ Սայմոն Բիրչ, կարող եք դիտել այստեղ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

1 մեկնաբանություն

  • Շնորհիվ <>՝ ես արդեն համարյա 50 տարեկանում, հասկացա, որ ես յուրահատուկ եմ: իմ կյանքը լրիվ իմաստից զրկվել էր .ես մտածում էի, որ արդեն վերջն է և ոչինչ փոխել հնարավոր չէ. այդպես միօրինակ էլ պիտի ապրեմ մինչև վերջ… Հիմա ես մտածում եմ, եթե կյանքս չփոխեմ, եթե առաջ չգնամ, ուրեմ իզուր եմ ծնվել…

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»