Հիշողությունն ու երևակայությունը հատում են ժամանակի և տարածության սահմանները: Հիշողությունը ետ է ուղղվում՝ բացելով անցյալի դարպասները: Երևակայությունը նայում է առաջ, անցնում գալիքի շառավիղները:
Հիշելն ավելի դյուրին է, քան երևակայելը: Չշտկված սխալները մառախուղի պես փակում են ինքնաճանաչման կածանները: Սթափությամբ զինված դատողությունն առաջընթացի արահետ է դառնում: Ժամանակին համընթաց քայլերով մենք հաղթահարում ենք նրա արգելքները:
Ես երբեմն ճանապարհ եմ ընկնում ոչ թե ինչ-որ տեղ հասնելու, այլ իմանալու համար, որ կարող եմ քայլել: Ոտքերը ենթարկվում են այն ուղղությանը, ուր նայում է մարդը: Երբ շարունակ ներկում ենք հիշողության կտավը, մենք խունացնում ենք երևակայության պատկերը, որն ապագայի տեսլականն է:
Ես հիշում եմ իմ երիտասարդ բարեկամին: Նա սկսեց բարձրանալ իր երազանքների լեռը, որը ձեռնոց էր նետում վերելքի դժվարությամբ: Ձախողումներից գոտեպնդվելով, նա շարունակում էր բարձրանալ: Նա ի վերջո հաղթահարեց զառիվերը:
Անցան տարիներ: Բարեկամս դեռ վայելում էր հաղթանակի բերկրանքը, երբ իր առջև ծառացավ անկման վտանգը:
— Ընկնելուց առաջ մարդիկ կանգնած են լինում,- մի օր ասաց նա:
Բարեկամս մոլորվել էր անհաջողությունների լաբիրինթոսում: Անկման հիշողությունը թուլացնում էր նորից բարձրանալու կամքը: Երևակայության թռիչքն առժամանակ կանգ առավ: Սակայն բարեկամիս քաջությանը բնորոշ չէր միևնույն տեղում դոփելու ձանձրույթը: Փորձությունները նրան զորացրել էին, կերտել տոկալու խիզախությունը: Նա վերագտավ համառությունն ու նորովի նայեց եղելությանը: Երևակայությունը հաղթանակեց: Ես իջեցնում եմ այս հիշողության վարագույրը…
Ձմռանը ծառերը հիշում են աշնան տերևաթափը: Եթե երևակայություն ունենային, նրանք կիմանային, որ գարնանն իրենց ճյուղերը կպատվեն կանաչով և կհագնեն զմրուխտե շորեր:
Ամեն ոք հուշերի ակունք ունի, որը մանկությունն է: Այդ ջինջ տարիների հետ աշխարհում շատ քիչ բան կարող է համեմատվել: Հիշողությունը մեր արժանապատվության ինքնությունն է և գոյության քարտեզը: Սակայն այն սահմանափակում է մեզ, երբ պարփակվում ենք նրա մեջ:
Հարյուրամյակներ առաջ նորագույն տեխնիկա հնարելու մասին գաղափարները, հավանաբար, որպես խելագարություն կդիտվեին: Այնինչ մեր օրերում տեխնիկայի նորարարություններին անտեղյակ լինելը համարվում է հետամնացություն: Քսանմեկերորդ դարի գիտնականները մուտք կգործեն հիշողության մառան, ուր ամբարվում են անցյալի փորձն ու պատմության նախադեպերը: Կփայլի նրանց երևակայությունը: Քանզի հիշողությունն ամփոփում է, իսկ երևակայությունը՝ ստեղծում:
Երևակայությունն ընդլայնում է իրականության սահմանները:
Հիշողության ու երևակայության միաձուլումը մեզ խորատես է դարձնում՝ մոտեցնելով հաջողությանը: