Անհունի եզերքով կողք-կողքի քայլում են ժամանակը, փողը և հաջողությունը: Ժամանակը հավերժության հաշվետուն է, դարերի խառնարանը, սիրո ու բարության փորձաքարը, ճշմարտության ղողանջների նվագարանը: Երեկվանից մինչև վաղը մի քանի քայլ է, այսօրվանից դեպի երեկ՝ քարապատնեշ անդարձություն: Հեռացած օրերի անհասցե կանչն ու ժամանակի անսանձ նժույգները սահման են դնում վաղանցիկի և հավերժականի միջև:
Հավերժականը ժամանակի մասին է, սակայն վեր է ժամանակից: Հավերժական է այն ամենը, ինչը ցատկ է անում ժամանակի պարիսպների վրայով և հասնում հարատևության չսասանվող ապարանք: Այնտեղ հանգրվանում են դարասմբակ ձիերին թամբող ինքնազոհության ասպետները և ճշմարտության աննահանջ մարտիկները:
Հավերժի արահետով անցնելիս մարդիկ ուզում են կանգնեցնել ժամանակը: Անհնար է պրկել օրերի սլաքները, սակայն կարելի է խնամքով կրել ժամանակի դյուրամաշ զգեստները:
Ապրել, նշանակում է մերթ սուզվել ճահճաքարշ տաղտկության մեջ, ուր քարե ձանձրույթը թմրության մամուռ է կնճռում, մերթ՝ ճախրել ուրախության եդեմներում:
Տառապանքի գամերը, ունայնության տաղտուկը, խաբեության նողկանքը, անտարբերության ժայռապիրկ ոգին ժամանակի ակոսներն են, հարատևության փեշերի պատռվածքները:
Երբ գոյության շրջապտույտում հերթագայում է տառապանքը, վհատվածի մենությունը կորուստների տենդահոտ զնդան է հիշեցնում: Ազատության սիմֆոնիան հնչում է որպես բանտարկված աղերս, խաղաղության թռչունը թվում է անորսալի: Երկիր մոլորակը դառնում է մի անհյուրընկալ վայր, ուր հազիվ թե մարդը երազեր հայտնվել:
Տառապանքը, հրաժարվելով իր հոգնակեղեք հարկադրանքից, թողնում է մարդուն արժանապատվորեն հեռացողի ինքնասիրությամբ: Մարդը վերագտնում է կորած իմաստների իսկությունը. ժամանակը հսկում է լիության և ունայնության անցուդարձը:
Ասում են «Ժամանակը փող է»: Այդ դեպքում արդյո՞ք չափելի է հավերժության արժեքը: Շատերին թվում է, թե փողն է գոյության առանցքը: Սակայն ոմանց կյանքում «փող» բառը կորցնում է իր շուկայական նշանակությունը: Եթե մարդու ամենասիրելի առարկան փողն է, նշանակում է, որ նրա գերագույն արժեքները գտնվում են միայն վաճառքի ենթակա իրերի շրջանակներում: Որովհետև ոգեղեն պարգևները հեռու են երկրաժխոր շուկաներից:
Ժամանակն ու փողը կամրջվում են իրար մի շարք ընդհանրություններով. երկուսն էլ կարելի է ծախսել: Փողը համամարդկային արժեքների առաջ ոսկեջրած սնանկություն է: Նա լուռ խոնարհվում է, երբ հանդիպում է չվաճառվող գանձերի:
Ժամանակի և փողի նշանակետը հաջողությունն է, որը փայլ է տալիս կյանքի խամրանքին: Ինքնաճանաչման ձգտումը հաջողության հասնելու նախադրյալներից մեկն է:
Կամքն ու մաքառումը հաջողության դափնեճյուղերն են:
Հաջողակները գնահատում են ժամանակն ու շոշափում հավերժության զարկերակը: Նրանց ուղին անցնում է երջանկության քարաբարձունք զառիվերով, ուր պայքարի հավատամքը հաղթություն է բերում: Մեր հավերժածվեն գոյությունը լիիմաստ խորհուրդ կդառնա, եթե կարողանանք ապրել օգնողի բարեխղճությամբ, երազողի հավատով և հաղթողի իրավունքով: