Արդեն ստանդարտ է դարձել բիզնես սկսելու ցանկության անիրագործելիությունը մեկնաբանել «գումար չկա»-ով: Ինձ հանդիպած տաս մարդկանցից ութի մոտ դա «անհերքելի ճշմարտություն է»: Այս հոդվածն ուզում եմ նվիրել այդ «կարևոր» կետին, և հուսով եմ՝ հոդվածի վերջում Դուք կգտնեք եղանակ ստեղծելու գումար՝ եթե բիզնես սկսելու Ձեր միակ խոչընդոտը դա է:
Իրականում բիզնես սկսելու համար գումար գրեթե միշտ էլ կա: Խոսքը միլիոնների մասին չէ, երբ բիզնեսն այնպիսին է, որ հսկայական սկզբնական ներդրում է պահանջում. օրինակ՝ Դուք ուզում եք շենք կառուցել և բնակարաններ վարձով տալ: Խոսքը փոքրիկ ինչ-որ բան սկսելու մասին է, որի ծավալները կմեծանան ժամանակի ընթացքում: Խոսքն այն բիզնեսի մասին է, երբ պետք է արագ սկսել, և Ձեզ պետք չէ հենց սկզբից մեծ ծավալների մասին մտածել (այլապես կարելի է երբեք էլ չսկսել):
Գումար մեր կյանքում միշտ էլ շրջանառվում է, պարզապես մենք ենք որոշում, թե ինչի վրա այն ծախսել: Եթե Դուք որոշում եք վերանորոգել բնակարանը, դա կարող էր լինել այն գումարը, որով Դուք կարող էիք ինչ-որ բան սկսել. դա Ձեր ընտրությունն է: Եթե Դուք որոշում եք iPhone գնել, միանշանակ նույնիսկ այդ գումարով կարելի է ինչ-որ բան սկսել, սակայն Դուք ընտրում եք հեռախոսը. դա Ձեր ընտրությունն է: Եթե Դուք մեքենա եք որոշում գնել, դա կրկին Ձեր ընտրությունն է: Եթե Դուք գտնում եք, որ վարձով ապրելը հարմարավետ չէ և որոշում եք հիփոթեքով տուն գնել՝ Ձեր ազատ գումարներն ուղղելով վարկի մարմանը տարիներ շարունակ, դա Ձեր ընտրությունն է: Եթե Դուք որոշում եք, որ այս տարի անպայման մեկնելու եք արտասահման հանգստանալու, դա կրկին Ձեր ընտրությունն է:
Այսինքն գումար միշտ էլ կա, սակայն մենք ծախսում ենք այդ գումարը նրա վրա, ինչի կարևորությունը տվյալ պահին ավելի մեծ ենք համարում: Խնդիրը նրանումն է, թե ինչին եք մենք առաջնահերթությունը տալիս: Մեզ հիմնականում գրավում է ակնթարթային հաճույքը, մենք ուզում ենք վայելել պտուղները հիմա՝ չգիտակցելով, որ ծառը, որից պտուղները քաղում ենք, դեռ շիվ է. այն պետք է մշակել, աճեցնել, ժամանակ պետք է անցնի, ապա վայելել: Մենք մեր գումարը ծախսում ենք, որպեսզի ինչ-որ բան ունենանք այսօր, այս ամառ, այս տարի, այս պահին. «այս ամառ ուզում եմ Իսպանիայում անցկացնել», «այս տարի լավ բնակարանում կապրեմ», «այս տարի լավ մեքենա կվարեմ», «այսօր ռեստորանում համեղ կսնվեմ», «այս ամիս մի քանի նոր հագուստ կգնեմ», «եղբորս հարսանիքին անպայման նոր զարդերով կլինեմ»:
Ես դեմ չեմ այս մոտեցմանը, եթե Ձեր կյանքը Դուք տեսնում եք այդ սահմաններում: Սակայն եթե Դուք ուզում եք բիզնես սկսել, դա Ձեր կրքոտ ցանկությունն է և խոչընդոտը Դուք տեսնում եք միայն գումարի մեջ, ապա Դուք պետք է վերադասավորեք Ձեր նախապատվությունները, պետք է ավելի երկարաժամկետ մտածեք, պետք է արագ սկսեք:
Փոքրիկ բիզնես սկսելու համար Դուք կարող եք.
- Նվազագույն ծախսեր անել, ինչը կապված չէ բիզնեսի հետ,
- Ուղղորդված ծախսեր անել, ինչը կապված է բիզնեսի հետ,
- Որևէ բան վաճառել, առանց ինչի Ձեր կյանքն անկում չի ապրի,
- Կուտակել:
Դուք կարող եք մեկ տարի տրամադրել միայն գումար ստեղծելուն և սովորելուն: Եթե մեկ տարին Ձեզ շատ է թվում, արեք դա վեց ամսում: Եթե դա էլ է Ձեզ շատ թվում, պտտվեք և տեսեք, թե որքան մեկական տարիներ եք Դուք անցյալում թողել:
Եթե գումար Դուք չունեք, ավելի հավանական է, որ այդ գումարը Դուք ունեք, սակայն որոշում եք այլ տեղ ծախսել:
Isk,Inch kaseq finasakan borsanerum gumar dnelu masin .dranq aveli shahaveten ev aveli bardzr tokos@ apahoven @st dez vax chka korcnelu tarineri kutakac@?
Բարև Ձեզ, այդ թեման բավական քննարկված է այստեղ, խնդրում ենք անցնել հղումով
https://goo.gl/11e5iY