«Փոխիր կյանքդ-2» գիրքը մտածելակերպի փոփոխության, կյանքը դրական տեսնելու, սեփական յուրօրինակությունը գիտակցելու, հնարավորությունները, այլ ոչ թե խնդիրները նկատելու, մեծ մտածելու, կյանքը փոխելու որոշումներում հաստատակամ դառնալու, և ամենակարևորը՝ առաջին քայլը կատարելու մասին է:

   


Արժեթղթեր Բիզնես և ֆինանսներ

Ինչպես ես աշխատեցի 1000$ Twitter-ի բաժնետոմսերով, երբ կարող էի կորցնել 2000$

2014 թ. գարնանը Հայաստանում էր գտնվում Twitter-ի ղեկավարներից մեկը: Հանդիպումներից մեկի ժամանակ նրա հետևյալ թռուցիկ արտահայտությունը՝ «Շուտով հաշվետվությունը կհրապարակվի, և աճը կտեսնեք», որոշ մարդկանց ականջներից չվրիպեց: Խոսքը եռամսյակային հաշվետվության մասին էր, որում ընկերությունը հրապարակում է իր ֆինանսական տվյալները: Սպասվելիք «խոստումնալից հաշվետվության» մասին խոսակցությունները հասան նաև ինձ: Այդ պահին արդեն մի քանի տարի է զբաղվում էի արժեթղթերով, ուստի որոշեցի միանգամից գործի անցնել: Շատ արագ $7000 պարտք վերցրեցի և Twitter-ի 155 բաժնետոմսեր գնեցի, որոնց գինն այդ օրերին տատանվում էր $44-46-ի սահմաններում:

Հաշվետվության հրապարակման օրը

Եկավ այդքան սպասված հաշվետվության հրապարակման օրը: Հաշվետվությունը հրապարակվեց, և սպասումները հօդս ցնդեցին: Չնայած ընկերության մոտ ֆինանսական աճ իրոք կար, սակայն այն այնքան փոքր էր, որ հեռու էր մասնագետների՝ աճի կանխատեսումից: Սպասվածից ավելի քիչ աճ ունենալու հանգամանքը բացասական ազդեց շուկայի վրա, և բաժնետոմսերի գինը սկսեց կտրուկ ընկնել: 2014 թ. մայիս-հունիս ամիսներին մեկ բաժնետոմսի գինը դարձել էր գրեթե $30` նվազելով ավելի քան 30%-ով: Բաժնետերերի մոտ խուճապ էր: Twitter-ի ապագան այդ պահին շատ անորոշ էր, քանի որ ընկերությունը չուներ հստակ բիզնես մոդել, չուներ գումար աշխատելու վստահելի մարտավարություն և հիմնականում առաջ էր շարժվում մեծ ներդրումների հաշվին, և շատերի մոտ տպավորություն էր, որ ընկերության անկումը շարունակվելու է:

Պահե՞լ, թե՞ վաճառել

Երբ բաժնետոմսերի գինը շարունակում էր ընկնել, ծանոթներիցս մի քանիսը (որոնց նույնպես հասել էր «խոստումնալից հաշվետվության» մասին խոսակցությունը) վաճառեցին իրենց բաժնետոմսերը՝ փորձելով նվազագույն կորուստ ունենալ: Իմիջիայլոց՝ այդ պահին նման մտքեր պտտվում էի նաև իմ գլխում, քանի որ երբ տեսնում ես, թե ինչպես է օրեցօր բաժնետոմսերի գինը նվազում, կողմնորոշվելը շատ դժվար է, քանի որ ապագան անկանխատեսելի է, և նույնիսկ խոսակցություններ կային, որ ընկերությունը ընդհանրապես կարող է որոշ ժամանակ անց սնանկության խնդրի առջև կանգնել:

Երջանիկ ավարտ

Չնայած վախը կար՝ ամեն դեպքում ներքին զգացողությունս հուշեց բաժնետոմսերը պահել: Վիճակը սկսեց դանդաղորեն կայունանալ, շուկայի խուճապը՝ ցրվել, մարդկանց տրամադրությունը՝ փոխվել, և բաժնետոմսերի գինը սկսեց կրկին բարձրանալ: Վերջապես՝ 2014 թ. սեպտեմբերի 9-ին, վաճառեցի բոլոր բաժնետոմսերը՝ յուրաքանչյուրը $53-ով` ունենալով մոտ $1000-ի շահույթ:

Այս պատմությունից երկու հետևություն արեցի.

1. Արժեթղթերի մեջ ներդրում պետք է անել այն գումարներով, որոնք պատրաստ ես կորցնել (կամ գոնե հետ ստանալ երկար ժամանակ անց), եթե, իհարկե, դա հիմնական զբաղմունքդ չէ և դու պրոֆեսիոնալ ներդրող չես: Սակայն եթե ներդրված գումարն անհրաժեշտ է լինելու, օրինակ, երկու ամիս անց, ապա ռիսկը մեծ է, որ անհրաժեշտ պահին այն կարող է չլինել:

2. Նման «դրսի» խոսակցությունները վստահելի չեն: Դրանք կարող են այլ կերպ հասկացվել, կամ կարող են պարզապես կազմակերպված լինել՝ մարդկանց որոշումների վրա ազդելու նպատակով: Հիմնվել կարելի է միայն «ներքին», վստահելի տեղեկությունների վրա, այն էլ՝ ոչ 100%-ով:

Ամեն դեպքում Twitter-ի հետ կապված այս պատմությունը հետաքրքիր փորձ էր, որը կուտակվեց ֆինանսական շուկաների հետ կապված գիտելիքների շտեմարանում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի և ինքնազարգացման գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ» և «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»