Մարդը պետք է անընդհատ աճի: Այդ աճը կարող է լինել գծային, հարթության մեջ և տարածական: Սովորաբար մենք աճում ենք գծային եղանակով: Այդ գիծը կոչվում է մասնագիտություն: Երբ մենք շեղվում ենք մասնագիտությունից, սկսում ենք զբաղվել նաև հոբբիներով, ժամանակ ենք տրամադրում ինքնազարգացմանը, նոր գիտելիքներ ենք ձեռք բերում, որոնք կապ չունեն մեր հիմնական աշխատանքի հետ, մենք սկսում ենք աճել հարթության մեջ: Դա արդեն լավ է: Այս գրքի միջոցով ես կփորձեմ ձեր մեջ տարածական աճելու ցանկություն արթնացնել: Երրորդ առանցքը մտածողությունն է: Այն զարգանում է, երբ դուք ազատ ժամանակ եք ունենում ոչնչով չզբաղվելու, պարզապես մտածելու համար:


   


Անձնային աճ

Ինչպես թուլացնել ուղեղի լարվածությունը

Անհանգիստ ուղեղ

Երբեմն ինձ թվում է, որ մենք միաժամանակ չափից շատ մարդկանց չափից շատ բան ենք խոստանում: Ավելի հաճախ մենք չափից շատ բան ենք խոստանում ինքներս մեզ: Այդպես մենք մեր ուղեղում պատասխանատվության փոքրիկ օջախներ ենք ստեղծում, որոնք լարում են մեր ուղեղը: Մենք խոստանում ենք, որ պետք է հանդիպենք, փոխանցենք, մասնակցենք, զանգենք, հետևենք, անենք, և այլն, և այլն: Մեր ուղեղը նմանվում է փեթակի, որի մեջ բազմաթիվ մեղուներ են բզզում, և բզզոցը գրեթե չի դադարում:

Խնդիրը կայանում է նրանում, որ մեր ուղեղը հիմնականում լարում են մանրուքները, մտքերը, անելիքները, որոնք մեծ հաշվով կարևոր չեն: Հիշողությունը, որ մենք խոստացել ենք երկու օրից այս մանր բանն անել, խանգարելու է մեզ այդ երկու օրերի ընթացքում: Դրա իրագործումն առանձնապես մեծ բան չի տալիս, բայց դրա առկայությունն իրենով շեղում է մեզ մեծ բաներից:

Մեր ենթագիտակցությունը կարծես մեզ հուշում է, որ այս բանը բզզոց է, իսկ սա՝ կարևոր: Բայց մենք չգիտես ինչու ընկնում ենք բզզոցների հետևից:

Երբ ես որոշեցի այդ խնդիրը լուծել, առաջին հերթին ազատվեցի սոցիալական ցանցերից կախվածությունից: Բզզոցների մի մեծ տարափ ուղեղումս անմիջապես մարեց: Հաջորդը՝ ես դադարեցի խոստանալ մարդկանց այն, ինչն իրականում մեծ բան չէ, բայց ինչի հասցրած վնասները շատ ավելի մեծ են՝ մտածմունքների, վերլուծությունների տեսքով: Եվ երրորդը՝ ես սկսեցի ավելի շատ անել այն, ինչն իսկապես կարևոր է: Այն, ինչը կարևոր է, երբեք չի բզզում մեր ուղեղում՝ որքան էլ մեծ ու դժվար լինի: Հակառակը՝ դրանից մեր ուղեղն ավելի գործուն և հստակ է դառնում: Ուղեղն աշխատում է նպատակային, ուղղորդված, այլ ոչ թե անկանոն:

Պատմություն «նպատակասլաց» գյուղացու մասին

Մի պատմություն կա մի գյուղացու մասին, ով պետք է կեղտից խցանված առուն բացեր, որպեսզի ջուրը կրկին իր դաշտ մտներ: Նա վերցնում է բահը, և ճանապարհ ընկնում դեպի գյուղի մյուս ծայրը, որտեղ էլ գտնվում էր առուն: Ճանապարհին որոշում է ընկերոջ տուն մտնել և վաղուց մոռացված մանգաղը հետ վերցնել: Երբ հանդիպում է ընկերոջը, երկուսով խոսակցության են բռնվում և հիշում, որ իրենց համագյուղացու կովը ձագ է ունեցել: Որոշում են իրար հետ ճանապարհ ընկնել և ճանապարհին նաև նրանց տուն մտնել: Երբ հասնում են համագյուղացու տուն, տեսնում են, որ նորածին հորթը սատկել է: Երեքով նստում են, խոսում, օգնում հորթին թաղել, և գյուղացին շարունակում է ճանապարհը:

գյուղացին

Դեռ չէր հասել գյուղի վերջ, երբ տներից մեկից ուրախության ձայներ է լսում: Պարզվում է՝ համագյուղացիներից մեկը բերքահավաքն է նշում և խնջույք է կազմակերպել, և երբ իրեն նկատում են, ներս են հրավիրում: Չցանկանալով մերժել՝ գյուղացին որոշում է կարճ ժամանակով մտնել: Ներսում սկսում են ուտել, խմել, և այնքան են խմում, որ առվի մասին մոռանում է: Երբ վերջապես դուրս է գալիս տանից, պարզվում է, որ արդեն մութ է, գլուխն էլ ցավում էր, ուստի որոշում է տուն վերադառնալ, և առուն հաջորդ օրը բացել: Հասնում է տուն և հիշում, որ վաղն առավոտյան բերքը պետք է տաներ քաղաք վաճառելու: Եվ ընկնում է մտածմունքների մեջ. առուն բացե՞լ, թե՞ բերքը տանել: Ողջ գիշեր չի կարողանում քնել. իսկ ի՞նչ կլիներ, եթե այդ ամենը հետդարձի ճանապարհին աներ կամ ընդհանրապես չաներ:

Հեռու մնացեք բզզոցներից, գործեք թիրախային և արդյունավետ:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Անձնային աճի գծով հեղինակ, Հաջողության բլոգի հիմնադիր, «Փոխիր կյանքդ», «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» և «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»