Կյանքը բազմիմաստ խորհուրդ է: Ամենօրյա դիպաշարը ներկայանում է որպես երփներանգ իրականություն: Այն հարստացնելու ձգտումը երազանք է ծնում, որն իմաստավորում է կյանքը: Երազանքը բերում է քայլելու ճամփա, ինքնահղկման տենչ և ճախրելու պահանջ:
Նախադպրոցական տարիքի երեխաներն ապրում են խաղերի, չարաճճի զվարճանքների մոլորակում, ուր մաքառման բռունցքը դեռ չի սեղմվում: Տարիների հետ իրականությունն արագացնում է քայլերը: Ուրվագծվում է երազելու նախերգանքը:
Մտավոր, բարոյական, արժեքային զարգացում ապրող մարդը ճանաչում է իրական աշխարհը:
Մարդը որոնող է, ձգտող, փորձության միգում ընթացող: Գտնելու խինդը փոխում է նույնությունը, բերում նորանոր ձգտումներ: Որոնումը սկիզբ է դեպի երազանք: Մի այդպիսի մեկնարկ էր 19-րդ դարի վերջերին աշխարհի տարբեր կողմերում հաղթարշավ ապրող ոսկու տենդը: Մարդիկ խանդավառված էին հարստանալու հեռանկարով, որը բարիքներ էր խոստանում: Ոմանք կարողանում էին հաջողության հասնել, իսկ մյուսները վտանգում էին իրենց կյանքը՝ ոչինչ չգտնելով: Հարստանալու մոլուցքն ընկճում էր նրանց բանականությունն ու մղում չկշռադատված արկածների: Ապահով կյանքի երազանքը թմրեցնում էր ողջախոհության տագնապները: Այդ ժամանակ մարդկությունը հասել էր քաղաքակրթական և մշակութային մեծ զարգացումների, սակայն բարեկեցության նրանց երազանքը բախվում էր չհաղթահարվող խոչընդոտների:
Հույսն իղձերի պաշտպանն է, պայքարի գոտին, մաշված հավատի կարկատանը: Որքան էլ հույսը սատարի երազանքին, հաճախ նրա գոյության պայմանն իրատեսական լինելն է: Երբ վհատությունը փորձում է սակարկել երազանքի գինը, հույսն ընկճում է նրան:
Մեծ ձգտումները ենթադրում են վիթխարի ջանքեր և ընթանալու ուժ: Մաքառման ոգին պահանջվում է երազանքի անցակետում, որտեղից շատերը ետ են դառնում:
Գրականությունը, որպես իրականության արտացոլման միջոց, ներկայացնում է պայքարի հանճարեղ օրինակներ: Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գրքում պատկերված է աննահանջ հերոսի փորձությունը: Զարհուրելի մենության, անսպառ հուսահատության կղզում հայտնված Ռոբինզոնը շարունակում էր ապրել: Նրա համար առասպելին սահմանակից երազանք էր մարդկանց աշխարհ վերադառնալը: Նա ստիպված էր ընդունել մղձավանջային իրականությունը: Ժամանակի ընթացքում Ռոբինզոնը փոքր-ինչ բարելավեց իր նոր աշխարհի կենսապայմանները: Միաժամանակ նա սրտում էր պահում ազատության երազանքը, որն ի վերջո իրականացավ. հաղթանակը պայքարի անձնագիրն է:
Ռոբինզոնը պայքարեց: Նրա ընդվզելու քաջությունը ձեռնոց նետեց իրողությանը: Եթե նա հանձնվեր, չմարտնչող նպատակն անկում կապրեր: Անպայքար կամքը դոփում է տեղում: Հավատն է վառում գալիքի կանթեղը: Այսուհանդերձ, երբեմն պայքարի նժույգը կանգ է առնում. նրա դոփյունը նվաղում է ետդարձի ճամփին:
Նպատակի օրագիրը լի է սխալներով, որոնք խլում են ապարդյուն ջանքեր և բերում անկման դառնություն: Ձախողման պահին իշխում է իրականությունը, իսկ երազանքը ծվարում է վհատության կիրճում: Ով անհարթ ճամփի հետ երկխոսում է քայլով, պատվով է ընդունում սայթաքելու փորձությունը: Իրականությունը ներկայացնում է փաստերը, իսկ երազանքը՝ դրանք փոխելու միջոցները:
Անկատար երազանքը հայտնվում է ժամանակի լուսանցքում. կարծես տարիները սեղմվում են ակնթարթի մեջ: Սպասելու ավյունը կարող է նույնքան տոկունություն պահանջել, որքան գործելու եռանդը:
Երազանքը երկխոսում է իրականության հետ, բայց առաջնորդում է նրան: