Մտորումներ

Երազանք և իրականություն

Կյանքը  բազմիմաստ խորհուրդ է: Ամենօրյա դիպաշարը ներկայանում է որպես երփներանգ իրականություն:  Այն հարստացնելու ձգտումը  երազանք է ծնում, որն իմաստավորում է կյանքը: Երազանքը  բերում է   քայլելու ճամփա, ինքնահղկման տենչ և ճախրելու պահանջ:

Նախադպրոցական տարիքի երեխաներն ապրում են խաղերի,  չարաճճի զվարճանքների մոլորակում, ուր մաքառման բռունցքը դեռ չի սեղմվում:  Տարիների հետ  իրականությունն արագացնում է քայլերը:  Ուրվագծվում է  երազելու նախերգանքը:

Մտավոր, բարոյական, արժեքային զարգացում ապրող մարդը ճանաչում է իրական աշխարհը:

Մարդը որոնող է, ձգտող, փորձության միգում  ընթացող: Գտնելու խինդը փոխում է  նույնությունը, բերում  նորանոր ձգտումներ: Որոնումը սկիզբ է դեպի երազանք: Մի այդպիսի մեկնարկ էր 19-րդ դարի վերջերին   աշխարհի տարբեր կողմերում հաղթարշավ ապրող ոսկու տենդը: Մարդիկ խանդավառված էին  հարստանալու հեռանկարով, որը բարիքներ էր խոստանում:  Ոմանք կարողանում էին հաջողության հասնել, իսկ մյուսները վտանգում էին իրենց կյանքը՝ ոչինչ չգտնելով: Հարստանալու մոլուցքն  ընկճում էր  նրանց բանականությունն ու մղում չկշռադատված  արկածների:  Ապահով կյանքի երազանքը թմրեցնում էր  ողջախոհության տագնապները: Այդ ժամանակ մարդկությունը հասել էր քաղաքակրթական և մշակութային մեծ զարգացումների,  սակայն բարեկեցության նրանց երազանքը բախվում էր չհաղթահարվող խոչընդոտների:

Հույսն իղձերի պաշտպանն է, պայքարի գոտին, մաշված հավատի կարկատանը: Որքան էլ հույսը սատարի երազանքին, հաճախ նրա գոյության պայմանն իրատեսական լինելն է: Երբ վհատությունը փորձում է սակարկել երազանքի գինը, հույսն ընկճում է նրան:

Մեծ ձգտումները ենթադրում են վիթխարի ջանքեր և ընթանալու  ուժ: Մաքառման ոգին պահանջվում է երազանքի անցակետում, որտեղից շատերը ետ են դառնում:

Գրականությունը, որպես իրականության արտացոլման միջոց,  ներկայացնում է  պայքարի  հանճարեղ օրինակներ: Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» գրքում  պատկերված է աննահանջ հերոսի փորձությունը:  Զարհուրելի մենության,  անսպառ   հուսահատության  կղզում հայտնված Ռոբինզոնը շարունակում էր ապրել: Նրա համար առասպելին սահմանակից երազանք էր  մարդկանց աշխարհ  վերադառնալը: Նա ստիպված էր ընդունել մղձավանջային իրականությունը:  Ժամանակի ընթացքում Ռոբինզոնը փոքր-ինչ բարելավեց իր նոր աշխարհի կենսապայմանները: Միաժամանակ նա սրտում էր պահում  ազատության երազանքը, որն ի վերջո իրականացավ. հաղթանակը պայքարի անձնագիրն է:

Ռոբինզոնը  պայքարեց:  Նրա ընդվզելու  քաջությունը  ձեռնոց նետեց իրողությանը:   Եթե նա  հանձնվեր, չմարտնչող   նպատակն անկում կապրեր: Անպայքար կամքը դոփում է տեղում: Հավատն է վառում գալիքի կանթեղը: Այսուհանդերձ, երբեմն  պայքարի նժույգը կանգ է առնում. նրա դոփյունը նվաղում է ետդարձի ճամփին:

Նպատակի օրագիրը լի է սխալներով, որոնք խլում են ապարդյուն ջանքեր և բերում անկման դառնություն: Ձախողման պահին իշխում է իրականությունը, իսկ երազանքը ծվարում է  վհատության կիրճում: Ով  անհարթ ճամփի հետ երկխոսում է քայլով, պատվով է ընդունում սայթաքելու փորձությունը: Իրականությունը ներկայացնում է փաստերը, իսկ երազանքը՝ դրանք փոխելու միջոցները:

Անկատար երազանքը  հայտնվում է ժամանակի լուսանցքում. կարծես տարիները սեղմվում են ակնթարթի մեջ: Սպասելու ավյունը կարող է նույնքան  տոկունություն  պահանջել, որքան գործելու  եռանդը:

Երազանքը երկխոսում է իրականության հետ, բայց առաջնորդում է նրան:

Հեղինակի մասին

Ամալյա Սուքիասյան

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»