Անձնային աճ Հաջողության գաղտնիքներ

Ինչու ինձ մոտ չկա զգացում, որ առջևում ինձ «ինչ-որ մեծ բան» է սպասվում

Հաջողության զգացում

Փոքրիկը վազելով եկավ տուն և հարցրեց մայրիկին.
— Ինչու ես չգիտեմ Ձմեռ պապիկի մասին:
— Որովհետև ես քեզ չեմ պատմել այդ մասին,- պատասխանեց մայրը:


***

— Ինչու ինձ մոտ չկա զգացում, որ առջևում ինձ «ինչ-որ մեծ բան», հաջողություն է սպասվում,- հարցրեց մեր ընթերցողներից մեկը:
— Հավանաբար Ձեր գլխում չկա «ինչ-որ մեծ բան»-ի հստակ պատկերը,- պատասխանեցինք մենք:

Որպեսզի մարդու մոտ լինի այն հիասքանչ զգացումը, որ առջևում իրեն «ինչ-որ մեծ բան» է սպասվում, նա պետք է սկզբում ինչ-որ ձև պատկերացնի, ապա իր համար հստակ սահմանի, թե ինչ է նշանակում դա. միլիոննե՞ր են, ճանապարհորդություն աշխարհո՞վ, ապագա ամուսին ու երեխանե՞ր, գիտական հայտնագործությո՞ւն, ճանաչվածությո՞ւն, պրոֆեսորի կոչո՞ւմ, թե՞ մեկ այլ բան:

— Ուզում եմ տեսնել Ձմեռ պապիկին,- ոգևորվեց փոքրիկը:
— Ամանորին նա ինքը մեզ հյուր կգա,- պատասխանեց մայրիկը:
— Իսկ եթե չգա՞,- տխրեց փոքրիկը:
— Եթե չգա, ինքներս կգնանք,- ժպտաց մայրիկը:
— Իսկ որտե՞ղ է նա ապրում,- հետաքրքրվեց փոքրիկը:

Իրական կյանքում հաջողությունն ինքը հյուր չի գալիս: Եթե Դուք գիտեք նրա մասին և գիտեք, թե որտեղ է այն գտնվում, Դուք ինքներդ պետք է նրա մոտ գնաք: Դուք չեք կարող անմիջապես նրա մոտ թռչել, բայց Դուք կարող եք մտքում պահել վայրը, որտեղ այն գտնվում է: Իրականում յուրաքանչյուր հաջողություն ինչ-որ տեղ գտնվում է: Եթե չեք զգում «վայրը», որտեղ այն գտնվում է, ապա հաջողության հասնելու զգացումը Ձեզ մոտ հարատև չի լինի:

— Փաստորեն Ամանորին կտեսնեմ նրան,- մտքում պահեց փոքրիկը:

Դուք չեք կարող հաջողությանը սպասել ինչ-որ մի օր: Դուք պետք է որոշեք, թե երբ եք ուզում, որ դա տեղի ունենա: «Ես տեսնում եմ դա երեք տարի հետո». մտածեցիք Դուք: Իրականում, ավելի հավանական է, որ դա կլինի վեց կամ ութ տարի հետո, բայց կլինի: Իսկ եթե մտքում ժամկետ չպահեք, ավելի հավանական է՝ չի լինի:

Զգացումը, որ առջևում Ձեզ «ինչ-որ մեծ բան է» սպասվում, կարող է պոկել Ձեզ առօրյա, սովորական դարձած կյանքից և նոր, անծանոթ զգացումներ պարգևել: Սակայն, որպես առաջին երեք քայլ, դուք պետք է հասկանաք, թե ինչ եք ուզում, երբ եք ուզում և որտեղ է այն, ինչ ուզում եք (ինչ հնարավոր ճանապարհներ կան): Երբ այս հարցերի պատասխաններն ունենաք, ապա ճանապարհն ինքը Ձեզ կտանի՝ երբեմն՝ կոր, երբեմն՝ ուղիղ, երբեմն՝ արգելքներով, երբեմն՝ սահուն, երբեմն՝ ուրախ, երբեմն՝ տխուր: Սակայն ճանապարհի ողջ ընթացքում Ձեզ կուղեկցի զգացումը, որ առջևում Ձեզ «ինչ-որ մեծ բան» է սպասվում:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»