Գրքեր անձնային աճի մասին

Այս գրքերը ծնվեցին այն փոփոխությունների արդյունքում, որոնք տեղի ունեցան մի մարդու ներսում: Առաջին փոփոխությունը կապված էր կյանքի հանդեպ վերաբերմունքի, երկարաժամկետ նպատակները հասկանալու հետ: Փոփոխությունն ամփոփվեց «Փոխիր Կյանքդ» գրքում: Երկրորդ փոփոխությունը կապված էր բնավորության հետ. կամ մենք ղեկավարում ենք մեր բնավորությունը, կամ այն ղեկավարում է մեզ: Փոփոխության արդյունքում ծնվեց «Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները» գիրքը: Երրորդ փոփոխությունը կապված էր աշխարհայացքի ընդլայնման հետ: Մեր մտածողությունը սահմանափակվում է այն միջավայրով, որում մենք ապրում ենք, որը գիտենք: Երբ կտրվում ես այդ միջավայրից, հնարավորություն ես ձեռք բերում աշխարհն այլ կերպ տեսնել, այլ կերպ մտածել: Մտածողության աճն ամփոփվեց «Ստանդարտ մտածելակերպի սահմաններից դուրս» գրքում: Դեռ փոփոխություններ կան առջևում…


   


Անձնային աճ

5 ամենաշատ մոտիվացնող գրքեր, որ արժե կարդալ

Մոտիվացիոն գրքեր

Եթե ցանկանում եք փոխել ձեր կյանքը, ապա ձեզ հարկավոր է տարբեր բաներ փորձել: Եթե դրական փոփոխություն եք ցանկանում ձեր կյանքում տեսնել, ապա ձեզ հարկավոր է դուրս գալ ձեր հարմարավետության գոտուց: Ինչպես Էնթոնի Ռոբինսն է նշում՝ «Դուք պետք է ճաշակեք անհանգստություն և ցավ՝ ձեր կյանքը դեպի դրականը փոխելու համար»: Ցանկացած փոփոխություն՝ լինի դա գործնական, թե անձնական, սկզբում կարող է ձեզ ցավալի գործընթաց թվալ: Դուք այդ գործընթացի բերկրանքը կզգաք միայն այն ժամանակ, երբ ճաշակեք դրա վերջնական պարգևները: Երբեմն դուք կարող եք ոգեշնչող գրքեր կարդալ` ձեր կյանքում դրական փոփոխություններ ստեղծելու համար: Ստորև ներկայացնում եմ գրքեր, որ արժե կարդալ՝ ձեր կյանքը մոտիվացիայով և դրական փոփոխություններով լցնելու համար:

1. Ազնավուրը Ազնավուրի մասին

Ազնավուրը Ազնավուրի մասին

Առաջին հորիզոնականում ներկայացնում եմ մեր հայրենակցի կենսագրությունը՝ գրված իր իսկ կողմից: Բարեբախտաբար այս գիրքը խորհրդային տարիներին թարգմանվել և հրապարակվել է հայերեն: Գիրքը Ազնավուրի հույզերի, երազանքների մասին է. այն մասին, թե ինչպես մի պատանի վտարանդի դարձավ 20-րդ դարի լավագույն երգիչներից մեկը:

Հատկապես շատ ազդեցիկ է գրքի նախաբանը: Երբ կարդաք այն, ձեզ դժվար կլինի զսպել գիրքը մեկ շնչով կարդալու գայթակղությունը.

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով ու արհամարհանքով լի ժպիտներ, կատակի տակ քողարկված չարախոսություններ:
Շատերի նման կուլ եմ տվել թուքս, զսպել արցունքներս ու կուչ եկել: Շատերի նման մտածել եմ, որ գուցե ավելի լավ կլիներ ոչինչ չասել: Շատերի նման զայրույթից պոռթկացել եմ երբեմն, կոպտել եմ, կոպտել են ինձ:
Ուստի՝ ես ինձ ո՛չ զոհ եմ համարում, ո՛չ էլ սուրբ: Հաճախ ես նույնն եմ փոխհատուցել նրանց, քանի որ ես էլ մարդ եմ՝ մյուսների պես: Ես էլ իմ հերթին հաճախ նրանց եմ արցունքների մեջ թողել: Չիմանալով սերը գնահատել՝ վազել եմ վաղանցիկ սերերի հետևից: Խաբել եմ՝ նախքան կխաբեին ինձ, այսպիսով խաբել եմ ինքս ինձ… Ի՜նչ արած, այդ է կյանքը, այդ է սերը…

2. «Ալքիմիկոսը». Պաուլո Կոելյո

«Ալքիմիկոսը». Պաուլո Կոելյո

Այս գիրքը բոլոր ժամանակների ամենամոտիվացիոն և լավ վաճառված գրքերից մեկն է: Հեղինակը փառքի հասավ հենց այս գիրքը հրապարակելուց հետո: Սա վեպ է մի տղայի և իր երազանքների մասին: Գիրքը կարդալիս կզգաք, որ ձեր երազանքներին հասնելու գաղտնիքը ձեր հոգում է: Եթե այն այլ տեղ եք փնտրում, ժամանակն է ներս մտնել և գտնել այն, ինչ թաքնված է ձեր ներսում:

3. «Ինչպես ձեռք բերել ընկերներ և ազդել մարդկանց վրա». Դեյլ Քարնեգի

Դեյլ Քարնեգի

Գրքում խոսվում է մարդկանց կառավարման դասական մոտեցման և դրա արդյունքների մասին: Այս մոտիվացիոն գիրքը դեռևս ամենաշատ ընթերցվողներից մեկն է և կարող է հրաշքներ գործել այն մարդկանց համար, ովքեր դժվարին ժամանակներ են ապրում ընկերների հետ փոխհարաբերություններում:

4. «Մտածելակերպ. հաջողության հասնելու նոր հոգեբանություն». Քերոլ Դուեք

Քերոլ Դուեք

Այս գիրքը կփոխի ձեր մտածելակերպը և կօգնի հավատալ ինքներդ ձեզ:
Գիրքը երկու գաղափարների համեմատական հետազոտություն է. հաստատուն միտք և դինամիկ աճող միտք: Կան մարդիկ, ովքեր հավատում են, որ իրենց տաղանդը և ունակություններն ի ծնե են և նրանք չեն կարող որևէ բան փոխել: Մարդկանց երկրորդ տեսակն էլ հավատում է, որ նրանք կարող են աճեցնել իրենց տաղանդն ու ունակությունները` սովորելով և վերապատրաստելով իրենց միտքը: Գրքի մանրամասն վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

5. «Ճամփորդություն Չարլիի հետ. Ամերիկայի բացահայտումը». Ջոն Սթեյնբեք

Ջոն Սթեյնբեք

Այս գրքի հեղինակն ավելի քան 25 վեպերի հայտնի հեղինակ Ջոն Սթեյնբեքն է: Սա կարծես հեղինակի հուշագիրը լինի՝ ճամփորդություն իր փոքրիկ բարեկամ շան հետ դեպի Ամերիկա մայրցամաք, որի ժամանակ նրանք այցելում են 40 երկրներ: Ինչպես հեղինակն է նշում՝ այդ ճամփորդությունը օգնել է բացահայտել ինքն իրեն:

Հեղինակի մասին

Վարդան Հովհաննիսյան

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»