Բիզնես և ֆինանսներ

Բիզնե՞ս եք սկսում. սկզբում փորձարկումներ արեք

Հնդկաստանում բնակվող ընտանիքների միայն 7%-ն ունի լվացքի մեքենա. դա բավական թանկ հաճույք է: Մեծ մասը լվացքն անում են տանը՝ ձեռքով, կամ վճարում դրա համար դհոբիներին: Դհոբիները տանում են շորերը մոտակա գետ, մտցնում ջրի մեջ, ապա «հարվածում» թաց շորերով քարերին: Նման «լվացքից» հետո շորերը կախվում են չորանալու: Այդ ամենը տևում է 2-7 օր: Արդյունքում, շորերը հետ են վերադարձվում հաճախորդին մոտ 10 օր անց, և մաքուր էլ դրանք չես անվանի:

Աքշայ Մեխրան 8 տարի աշխատել էր Սինգապուրում՝ Procter & Gamble ընկերությունում, եղել էր նաև բրենդ-մենեջեր Tide и Pantene ընկերությունում՝ Հնդկաստանում և ասիական որոշ երկրներում: Ինչ-որ պահի նա որոշում է, որ եկել է ժամանակը լվացքատան ծառայություններ մատուցել նրանց, ովքեր նախկինում դա չէին կարող իրենց թույլ տալ: Վերադառնալով Հնդկաստան՝ Աքշայը մտնում է Village Laundry Services (VLS) ընկերություն, որտեղ էլ սկսում է տարբեր փորձարկումներ անել՝ իր ենթադրությունները ստուգելու համար: VLS-ում իր առաջին փորձարկման շրջանակում նա բեռնատարի թափքում տեղադրում է սովորական լվացքի մեքենա և կանգնեցնում մեքենան Բանգալոր քաղաքի աշխույժ փողոցներից մեկի անկյունում: Փորձարկման ծախսերը կազմում են մոտ 8000$:

Նպատակը շատ պարզ էր. ապացուցել, որ քաղաքի բնակիչները պատրաստ են բերել իրենց շորերը լվացքի և վճարել դրա համար: Շորերը հենց բեռնատարում չէին լվացվում. դա գովազդային նպատակներ էր հետապնդում: Շորերը տեղափոխվում էին մեկ այլ վայր, լվացվում և օրվա վերջում վերադարձվում տերերին: VLS-ի թիմը շարունակում էր իր փորձարկումը 1 շաբաթվա ընթացքում՝ կայանելով մեքենան քաղաքի տարբեր փողոցներում և փորձելով առավելագույնս ինֆորմացիա ստանալ հնարավոր հաճախորդների մասին: Պետք էր հասկանալ, թե ինչպես կարելի է համոզել մարդկանց օգտվելու ընկերության ծառայություններից: Կարևո՞ր է արդյոք նրանց համար արագությունը: Իսկ որակը՞: Ի՞նչ են մարդիկ հարցնում, երբ բերում են շորերը լվացքի:

Պարզվեց, որ մարդիկ լիովին պատրաստ են նման ծառայությունից օգտվելուն: Բայց շատերը կասկածով էին մոտենում լվացքի մեքենային, որը տեղադրված էր բեռնատարի թափքում: Մարդիկ պարզապես վախենում էին, որ VLS-ի աշխատակիցները կգողանան իրենց իրերը: Եվ որպեսզի այդ մտավախությունները ցրվեն՝ VLS-ը որոշում է անցնել ավելի թեթև փոխադրամիջոցների: Դրանք նման էին փոքրիկ կրպակների՝ անիվների վրա: VLS-ը փորձարկումներ էր անում նաև կայանման տեղերի հետ կապված: Կրպակները կայանվում էին տեղական ոչ մեծ շուկաների մոտ:

Հետագա փորձարկումները ցույց տվեցին, թե ինչ ծառայություններ են պետք մարդկանց ավելի շատ և որքան են նրանք պատրաստ դրա համար վճարել: Օրինակ, պարզվեց, որ հաճախորդները հաճախ կարիք ունեն շորերի արդուկման, նաև պատրաստ են վճարել երկու անգամ ավելի շատ, որպեսզի լվացված հագուստը ետ ստանան ոչ թե 1 օր, այլ 4 ժամ անց: Այդ առաջին փորձարկումների արդյունքներից ելնելով VLS-ը ստեղծեց իր վերջնական պրոդուկտը: Դա 1 մետր լայնությամբ և 2 մետր երկարությամբ շարժական կրպակ էր: Դրանում կային էլեկտրական սնուցմամբ աշխատող լվացքի մեքենա, չորանոց և երկարացման լար: Լվացքի ժամանակ օգտագործվում էին արևմտյան ծագումով լվացվող միջոցներ և կրպակն ամեն օր ապահովվում էր մաքուր ջրով:

Այդ օրվանից Village Laundry Service-ը շատ է աճել: Այժմ նրանք ունեն 14 գրասենյակներ Բանգալորում, Մայսուրում և Մումբայում: «2010թ-ին մենք լվացել ենք 116 000կգ սպիտակեղեն, իսկ 2009թ-ին՝ ընդամենը 30 600կգ: Պատվերների մոտ 60%-ը գալիս է մշտական հաճախորդներից: Միայն անցյալ տարի մեր բոլոր կետերում մենք սպասարկել ենք ավելի քան 10 000 հաճախորդ», — ասում է ընկերության գործադիր տնօրեն Աքշայ Մեխրան:

P.S.
Ահա այսպիսի հետաքրքիր պատմություն այն մասին, թե ինչ կարևոր է բիզնես սկսելուց առաջ փորձարկումներ անել և հաստատել բոլոր ենթադրությունները փաստերով: Դա կարող է խնայել ձեր ժամանակն ու գումարները:

Հեղինակի մասին

Հրաչյա Մանուկյան

Հաջողության բլոգի հիմնադիր, անձնային աճի գծով 7 գրքերի հեղինակ:

Մեկնաբանել

error: Կյանքն ավելի հրաշալի է, երբ ստեղծում ես սեփական «բովանդակությունը»